Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ»

Փետրվար 05,2010 00:00

Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Վանանդի հոգսաշատ առօրյան

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցն այնքան վանող  ու ցուրտ  էր, որ վառարանների առկայությամբ նույնիսկ աշակերտները վերարկուներով էին: Դպրոցի հսկայական շենքի մի հատվածն է միայն օգտագործվում-աշխատում. գյուղում ծնելիության թվի անկումն ու արտագաղթը հարվածել են առաջին հերթին դպրոցին: Դա էր պատճառը, որ կրթօջախի մասնաշենքերից մեկը մյուսից անջրպետել էին միջնորմով՝ այդկերպ արգելափակելով ելումուտը:
Այս դպրոցում զարմանալու շատ բան կար: Երբ մուտքի մոտ մեզ ընդառաջ եկած եւ դպրոցի աշխատող ներկայացած տարեց կնոջից խմելու ջուր խնդրեցինք՝ մերժեց: Բայց ոչ թե՝ որ ժլատ էր, այլ՝  Վանանդում մեկ բաժակ ջուրն անգամ դժվար է ճարվում: Թամարա Մարտիրոսյան ներկայացած կինը, ի պատասխան մեր զարմանքի՝ ասաց, որ արդեն 20 տարի  ջուրը դույլերով բերում են շատ հեռվից ու մեծ դժվարությամբ: Նաեւ գնում են շրջիկ ջրավաճառից: «Եթե շատ եք ուզում՝ կգնամ տնից մի բաժակ կբերեմ»,- ասաց:
Այստեղ երեխաները նման չէին իրենց հասակակիցներին, հայացքներում մի տեսակ անտարբերություն կար: Ուսուցիչները դա բացատրեցին նրանց նկատմամբ վերաբերմուքով, բարձիթողի վիճակով: «Ո՞նց ակտիվ լինեն, երբ դրան նպաստող պայմաններ անգամ չունենք»,- ասաց դասվար Սվետլանա Ղազարյանը: Գործընկերուհու ասածը հաստատելու համար ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Մկրտչյանը մեզ առաջարկեց գնալ մարզադահլիճ: Հերթական զարմանքն այստեղ էինք ապրելու. բարձր դասարանցիները վոլեյբոլ էին խաղում վերարկուներով ու գլխարկներով: Պարզվում է՝ զգեստափոխվելու համար նույնիսկ հանդերձարան չունեն:
Միայն չափերով մարզադահլիճ հիշեցնող սրահը նույնքան վանող էր, որքան ողջ դպրոցը: Ֆիզկուլտուրայի ուսուցչի ասելով, սակայն, նույնիսկ այդ պայմաններում ոչ մի դաս բաց չեն թողնում: «Չնայած մի կարգին մարզագույք էլ չունենք, բայց անհնարինն ենք անում հանուն առողջ ապրելակերպի,- ասաց ու անմիջապես էլ հավելեց,- այս պայմաններում պարապելը մի տեսակ ինքնանպատակ է դառնում»:
Հարեւան համայնքից Վանանդի դպրոց եկած ֆիզկուլտուրայի ուսուցիչը բարի նախանձով է նայում Լեռնագոգ ու Դալարիկ գյուղերի դպրոցներին, որտեղ ոչ միայն ֆիզկուլտուրայի, այլեւ՝ բոլոր դասերն են անցնում հարմարավետ, տաք ու լուսավոր պայմաններում: Վանանդի ուսուցիչները խնդրում էին, որ իրենց կրթօջախին էլ ուշադրություն դարձնեն այնպես, ինչպես հարեւան գյուղերի դպրոցներին: Հարցին, թե ումի՞ց եք խնդրում, ասացին՝ չգիտենք. ո՞վ պետք է զբաղվի դրանով…
Դպրոցից էլ ավելի վատ վիճակում էր մանկապարտեզի հսկա շենքը, որը, ի տարբերություն կիսադատարկ դպրոցի, ամբողջությամբ էր դատարկ: Մեծ տարածքով երկհարկանի շենքը, գյուղացիների ասելով, անգործության է մատնվել 18 տարի առաջ: «Գոնե մի մասնաշենքը թեթեւ սարքվեր՝ երեխեքին մանկապարտեզ տայինք. համ իրանք մի բան կսովորեին, համ էլ մենք խղճներս հանգիստ մեր բաղ ու բաղչին կլինեինք»,- ասաց մանկապարտեզի մատույցներում մեզ հանդիպած տիկին Սուսաննան, ում կարծիքով՝ մանկապարտեզ վերանորոգելը կառավարության գործն է: Այս կարծիքը կիսեց նաեւ ուսուցչուհի Սվետլանա Ղազարյանը: Երբ վերջինիս տեղեկացրինք, որ մանկապարտեզը համայնքային նշանակություն ունի, եւ վերանորոգումը պետք է տեղական բյուջեի միջոցներով արվի, զարմացած հակադարձեց. «Էդ խեղճ բյուջեում փող կա՞, որ մանկապարտեզ վերանորոգեն»:
Թե որքա՞ն է Վանանդի բյուջեն, եւ  ինչպիսի՞ ծախսեր է թույլ տալիս իրեն համայնքի ղեկավարությունը՝ ճշտել չհաջողվեց. գյուղապետ Ջիվան Մանուկյանն իր «Ջիպ»-ով գյուղը լքեց այն պահին, երբ մենք մտնում էինք գյուղ:
Վանանդցիների ասելով՝ գյուղապետի մեքենայի գումարի մի մասը համայնքի բյուջեից է: «Մանուկյանն ասել է, որ օրենքը համայնքի ղեկավարին թույլ է տալիս բյուջեի հաշվին մեքենա եւ վարորդ ունենալ: Ինքն էլ էդ մեքենան առավ. բա հո ոտով ման չէ՞ր գալու»,- «Առավոտին» ասաց տիկին Ղազարյանը: Սկզբունքորեն դեմ չլինելով, որ համայնքների ղեկավարները կարող են ծառայողական մեքենա ունենալու շռայլություն իրենց թույլ տալ, այնուամենայնիվ, աչքդ չի շոյում տեսարանը, երբ սահմանամերձ փոքրիկ գյուղը անթիվ-անհամար խնդիրների մեջ է թաղված, իսկ գյուղապետը Վանանդի նեղլիկ ու մաշված թաղերով շրջում է բարձր «Ջիպ»-ով:
Իսկ Վանանդում վիրավորված են երկրի ղեկավարներից, որ սահմանապահ գյուղերն ու գյուղացիներին անտեսում են: «Հետո էլ ուզում են, որ այս վերաբերմունքի մեջ հայրենիքին նվիրված սերունդ աճեցնենք: Ի՞նչ ենք ստանում, որ ինչ վերադարձնենք»,- նետեց գյուղապետարանի մոտ հավաքվածներից մեկն ու ձեռքը թափ տալով հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել