Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ մշակույթի նախարարի խորհրդականների դեմ

Փետրվար 05,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերը, հարուցել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ:
Նա ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանի հիման վրա հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Ա. Հայրապետյանը կազմակերպել է նախարարության եւ 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մայիսի 11-ի իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը (որով նախատեսված 19010000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ), որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կեղծ եզրակացությունները: Նա մեկ այլ խորհրդականի՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, վերը նշված հանձնաժողովի նախագահ Ներսես Տեր-Վարդանյանի հետ ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները: Արդյունքում, Արեգ Հայրապետյանը հափշտակել է 19 010 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար՝ պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Ներսես Տեր-Վարդանյանի գործողություններում էլ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցակազմ է տեսել եւ հարուցել է նրա նկատմամբ քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել