Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհուրդը փակել է իր գրասենյակը

Փետրվար 05,2010 00:00

«ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունը մերժել է 12 794-ին, բայց…

«Առավոտը» վերջին մեկ շաբաթում ստանում էր բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կապված «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին տրվելիք գումարների բաժանման հետ:
Արդարադատության նախարարությունը, որը օժանդակել էր ժառանգների դիմումների հավաքման ժամանակ, ասելիք չուներ եւ տեղյակ չէր, թե ինչ ժամանակացույցով պետք է բաժանվեն այդ գումարները: Թեեւ անցյալ տարի ակնարկվել էր հուլիս եւ սեպտեմբեր ամիսների մասին:
Իսկ ահա Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» ամսագրի խմբագրությունը նոր տեղեկություններ է հաղորդվել «ԱՔՍԱ» (AXA) ապահովագրական ընկերության վերաբերյալ. «Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարների հետ կապված «Օրեր» ամսագրում ստացվող հեռախոսազանգերը, կրկին պարզաբանման խնդրանքով դիմեցինք ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանին: Ըստ ստացված տեղեկությունների, «AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամի» խորհրդի ընդունած որոշումը հաստատվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի շրջանային դատարանի կողմից: Քանի որ այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, խորհուրդը փակել է իր աշխատանքային գրասենյակը: Այսպիսով, հիմնադրամը ստացել էր 13790 դիմում, որից ընդունվել է 996-ը, մերժվել՝ 12794-ը: Յուրաքանչյուր դիմումի համար տրվող գումարը 8000 ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է: Հասցեատերերի անուններն ըստ երկրների դեռեւս ենթակա չեն հրապարակման, սակայն 2 շաբաթվա ընթացքում բոլորին նամակներ կուղարկվեն:
«AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամում» գործում էին Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող 3 ամերիկահայ փաստաբանների՝ Վարդգես Եղիայանի, Բրայն Քաբատեկի եւ Մարկ Գիրակոսի գրասենյակները, իսկ ներկայացված դիմումների վերաբերյալ որոշում է կայացրել հիմնադրամի խորհուրդը՝ Սամուել Շնորոքյանի (Փարիզ), Հիլդա Չոբոյանի (Լիոն), Դկ. Զավեն Գաբրիելյանի (Մարսել) մասնակցությամբ եւ Բարսեղ Քարթալյանի (Լոս Անջելես) տնօրինությամբ: Որոշումները պատրաստ էին դեռեւս 2009թ. հուլիս-օգոստոսից, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010թ. հունվարի վերջին:
AXA-ից ստացված 17.6 միլիոն ԱՄՆ դոլարից 11 միլիոն դոլարը պետք է բաժանվի ժառանգորդներին: Մնացյալը տրվել է փաստաբաններին եւ հայկական համայնքային եւ բարեգործական կազմակերպություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել