Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԳ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Փետրվար 05,2010 00:00

\"\"Ընդամենը մի կյանք

Հազարավոր տարիներ իրենց հողերում նույնիսկ մրջյուններին չվնասելով ապրած, հնագույն արմատներ ունեցող մի հայ ընտանիքի 1915 թ. ցեղասպանության ժամանակ Տեր Զորի անապատներում հրաշքով ողջ մնացած միակ որդի Ծերուն Հացպանյանի անդրանիկ զավակը հանդիսացող, իր ապրած կյանքին մեր հայրենակիցների բառապաշարով իբրեւ հետաձգված աքսոր բնութագրված, 3 հատ գաղթ էլ իր հերթին տեղավորած սերնդին էր պատկանում Գեւորգ Հացպանյանը:
Այս աշխարհում հայ մարդու տեղն ու գոյի պատճառը հասկանալու մտատանջող հարցադրումների պատասխանը փնտրելով անցկացրած իր կյանքում ապրած բոլոր վայրերում անվերջ կռիվներ տալու բազմաթիվ օրինակներով լի կենսագրությամբ, «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող քաղաքացիների դեմ կիրառած բռնաճնշումներում հայտնի վարչական տարածքի բնակիչների մշտական տեռորի, վախ ու սարսափի մատնված լինելու պատճառով հլու-հնազանդ, անլեզու հպատակների կողմից երեւակայելն իսկ անհնար թվացող խիզախ արարքների հեղինակ հայրս «Խեւ Գեւորգ» է անվանվել: Լինելով անվախ, շիտակ եւ ազնիվ մարդ՝ երբեւէ չի կարողացել հանդուրժել որեւէ բիրտ ուժի ստրուկը դառնալը կամ իր նման արարածի կողմից գերված լինելով ապրելու կարգավիճակը եւ ազգային-մարդկային պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով հայացքն ուղիղ, գլուխը՝ միշտ բարձր պահելով, ամբողջ կյանքում պայքարել է: Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում մեր ունեցած ազգային արժեքները, պատմա-մշակութային հարուստ ժառանգությունը հնարավորինս պահել-պաշտպանելուն ուղղված, թուրքական պետական վանդալիզմի դեմ կանգնելու խիզախությունը ցուցաբերած լինելու «հանցանքով» բազմաթիվ անգամներ ոստիկանատների նկուղներում, տարբեր բանտերի զնդաններում անմարդկային անարգանքների, ծեծի, կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելով հանդերձ՝ աներեւակայելի համառությամբ զուլում-չարչարանքներին գերբնական ուժով եւ պատվախնդրությամբ դիմադրել է:
Լինելով մի որբուկի զավակ, ՄԵԾ ՀՐԴԵՀԻՑ մի կերպ փրկված, այրվելով ածուխ դառնալու ճակատագրից երեւի թե միայն Աստծո կամոք խնայվելու շնորհիվ խուսափած, կոտրված, տրորված, ծուռումուռ մի ծառի ՄԻԱԿ ճյուղից բացի այլ ոչ մի բան չժառանգած այս արտասովոր նկարագրի տեր Մարդն իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում նամուսով աշխատելով, ազնիվ Մարդու ճակատից հողին թափված՝ սեփական քրտինքի կաթիլներով սնած-ջրած մեր տոհմի ԿԵՆԱՑ ԾԱՌՆ անհավատալի մեծ կամքով կրկին կենդանացրեց: Հորս շնորհիվ մեր գերդաստանն այժմ հաստաբուն, խոր արմատներով, զորավոր սաղարթներով՝ իր ամենափոքր, վտիտ ու բարակ ճյուղերի ծայրերը հեռավոր Նյու Յորքից հայոց մայրաքաղաք Երեւան հասցրած, կանաչ տերեւներով, մշտադալար լինելու ցանկությամբ եւ կարծեք այլեւս երբեք չտապալվելու երդում տվածի հպարտությամբ շիփ-շիտակ կանգնած առողջ ծառ է դարձել:
Ողջ մնալով՝ գոյատեւելու մտահոգությամբ անվերջ քոչել-գաղթելն իբրեւ ճակատագիր ընկալած ազգիս մեծ հատվածի մտայնության հակառակ՝ «մի օր ավել ապրելու» համառությամբ մաքառած եւ հույսը միայն իր սեփական ուժի վրա դնելու միտքն ամենակենսական գաղափար ընտրելով, իր կյանքի փիլիսոփայություն դարձրած հայրս բոլոր տեսակի անարդարությունների դեմ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրումով իր կոչմանն արժանի մնալով է ապրել: Չարի առջեւ երբեք ծնկի չեկած այս սրբազան խենթին դեպի անմահություն ճանապարհելու պահերին, Ադիյամանից Ալեքսանդրեթ ձգվող Հայկական Տավրոսից մինչեւ Ամանոսյան լեռների մաքրամաքուր բարձր գագաթները համբուրելով սավառնող նրա հոգին մեզ՝ իր մեծամեծ վաստակը գնահատել փորձողներիս, պատգամում է խոնարհվել իր խնկելի հիշատակի առաջ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Որդիական պարտքով՝ հոր այսօր տեղի ունեցող հուղարկավորությանը մասնակցելու եւ նրան վերջին հրաժեշտը տալու բարոյական իրավունքից զրկված՝ Սարգիս Հացպանյան
«Վարդաշեն» բանտ
05 փետրվարի 2010թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել