Մեր երկրում հաշվառված է քաղցկեղով հիվանդ 29 հազար մարդ: ՀՀ-ում տարեկան հայտնաբերվում է 7000 հիվանդ: Միջին հաշվով այդ հիվանդությունից մահանում է տարեկան 5000 մարդ: Սրանից կարելի է եզրակացնել, որ գոնե 2000 մարդ տարվա ընթացքում բուժվում է քաղցկեղից, ինչը, ըստ մասնագետների, բավականին հաջող ցուցանիշ է: Ըստ Առողջապահության նախարարության կայքէջի, երեկ՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը նշել է, որ մեր երկրում տարեցտարի քաղցկեղը ավելի ու ավելի է տարածվում: Հիվանդության տարեկան աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 3%: Աճի տեմպերը բարձր են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ամեն տարի 7 մլն քաղցկեղով հիվանդ է մահանում աշխարհում, եւ հայտնաբերվում է մոտ 12 միլիոն քաղցկեղի նոր դեպք: Ընդհանրապես, հայերը սովորություն չունեն բժշկի այցելել, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես քաղցկեղով հիվանդները բժշկի դիմում են հիվանդության արդեն բարդացած փուլում, երբ բուժումն այլեւս անօգուտ է լինում: Ըստ Գ. Բազիկյանի, 2008-ին մեր երկրում հայտնաբերված 7336 հիվանդից մոտ 3000-ը բժշկի այցելել է հիվանդության ուշ շրջանում, իսկ քաղցկեղը բուժելու համար անհրաժեշտ է այն հայտնաբերել վաղ շրջանում: Երբ հիվանդը դիմում է մասնագետին արդեն ծանր վիճակում, հավանականությունը, որ նա կբուժվի՝ 10-12% է: