Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ

Փետրվար 05,2010 00:00

«Առավոտի» հունվարի 20-ի՝ «79 տարեկան կնոջը մատների վրա խաղացնում են» հոդվածի առնչությամբ Կադաստրի պետական կոմիտեից օրերս մեզ պարզաբանեցին, որ Արցախի փողոցի 8-րդ շենքի 7,7 քմ մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես համայնքային սեփականություն, գրանցվել է դեռեւս 2004 թվականին եւ դրա համար տրամադրվել է վկայական: Դրանից հետո, թաղապետարանի ավագանու որոշմամբ այդ տարածքը օտարվել է ազատամարտիկ Լուսյա Գեւորգյանին, եւ վերջինիս նկատմամբ եղել է իրավունքի գրանցում, ու նրան է տրվել այդ անշարժ գույքը: Կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ այլ նշանակություն ունեցող խնդիրներով իրենց չեն դիմել: Ինչ վերաբերում է Լ. Գեւորգյանի՝ ոչ բնակելի տարածքը բնակելի դարձնելու խնդրին, ապա կոմիտեից ասում են, որ ըստ «Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգի», որպես պատվիրատու հանդես է գալիս տվյալ շինության սեփականատերը կամ համապատասխան լիազորություններ ունեցող անձը եւ համայնքի ղեկավարը: Նրանք հավաստիացնում են, որ եթե տվյալ խնդիրը լուծվի համայնքի ղեկավարի կամ քաղաքապետարանի կողմից, ապա իրենք այդ գրանցումը կկատարեն:
Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունից էլ մեզ հայտնեցին, որ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տվյալ խնդիրը լուծվի հօգուտ Լուսյա Գեւորգյանի:
Հիշեցնենք, որ 79-ամյա տիկնոջը Արցախի փողոցի 8-րդ շենքում տարածք է հատկացվել Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի կողմից, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականով: Խնդիրներ առաջացել են այն ժամանակ, երբ կինը իր բնակարան ցանկացել է հեռախոսագիծ անցկացնել, եւ նրան մերժել են, նա էլ ընկել է դռնեդուռ՝ Կադաստրի պետական կոմիտեից Երեւանի քաղաքապետարան, որպեսզի կարողանա իր տան կարգավիճակը փոխել՝ ոչ բնակելիից դարձնել բնակելի, հեռախոս ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել