Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռին անտեսում են

Փետրվար 05,2010 00:00

Լոռեցիները կառավարությունից պահանջում են, որ իրենց մարզում էլ հակակարկտային կայաններ տեղադրեն:

Արարատի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում հակակարկտային կայաններ են տեղադրվել: Սա հարուցել է Լոռու մարզի բնակիչների դժգոհությունը: Լոռեցիների համոզմամբ՝ վերը նշված մարզերում կարկուտների հաճախականությունն այնքան շատ չէ, որքան իրենց մարզում, մինչդեռ կարկտառատ Լոռիում մինչ օրս ոչ մի կայան չի տեղադրվել:
2009 թ.-ին բնության կամայականությունների պատճառով մարզի գյուղատնտեսությունը կրել է 1,2 միլիարդ դրամի վնաս: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը հավաստիացնում է, որ կարկուտի հետեւանքով վնասի նման ցուցանիշ գրանցվում է ամեն տարի, եւ անցնող տարին գյուղոլորտում մարզի համար միջին տարիների ցուցանիշն ապահովող տարի էր: Ընդհանրապես Լոռու մարզի բնակլիմայական պայմանները՝ խոնավությամբ, անգամ ամռան ամիսներին հաճախակի տեղացող անձրեւներով ու կարկուտներով, այնքան էլ բարենպաստ չեն գյուղատնտեսական գործունեության, մասնավորապես՝ մշակաբույսերի արտադրության համար: Իսկ «կարկտային» անակնկալները հաճախ րոպեների ընթացքում հողին են հավասարեցնում գյուղացու ամբողջ տարվա աշխատանքն ու ներդրումները:
Օրինակ, կարկուտների հետեւանքով 2009-ին զգալի վնաս է կրել հացահատիկային կուլտուրաների արտադրությունը: «Առհասարակ մեր մարզում գերխոնավ տարի էր, նույնիսկ հացահատիկի շատ տարածքներ չհնձվեցին, նախորդ տարիների համեմատ ընդամենը 75% հացահատիկ արտադրվեց, իսկ կարտոֆիլը եւ կաղամբը գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը: Անասնակերը բավարար էր, չնայած այդքան էլ որակյալ չէր: Մտավախություն ունեինք աշնանացանի հետ կապված, եւ այդ մտավախությունը անտեղի չէր»,- ասաց Վոլոդյա Բունիաթյանը: Իսկ թե ինչու մարզում չեն տեղակայվում հակակարկտային կայաններ, ըստ գյուղվարչության պետի՝ «Հարցը մարզպետի կողմից ներկայացված է ՀՀ նախագահին եւ կառավարությանը: Ես 40 տարուց ավելի աշխատում եմ գյուղատնտեսության ոլորտում եւ եկել եմ համոզման, որ ինչ էլ անենք, միեւնույն է, կարկուտը լինում է, որի դեմը պետք է առնել մի ձեւով: Դրա առաջին ձեւը գյուղմթերքների ապահովագրությունն է, երկրորդը՝ հակակարկտային կայանների տեղադրումը: Դրանք պետք է տեղակայվեն կա՛մ պետբյուջեով, կամ միջազգային ծրագրերով: Կառավարության ծրագրով նախատեսված է դա իրականացնել 2013-ին, սակայն, հրատապությունից ելնելով, մարզպետը առաջարկել է Լոռիում կայան տեղակայել 2011-ից, այդ հարցը դեռեւս քննարկվում է: Մեր հանրապետությունը՝ ընդհանրապես, եւ Լոռու մարզը՝ մասնավորապես, խիստ ռիսկային է գյուղատնտեսության համար: Քաղաքակիրթ երկրներում գյուղատնտեսական ապրանքները ապահովագրվում են կամ գործում է ագրոապահովագրական համակարգ: Եթե այստեղ էլ բերքն ապահովագրվի, շատ դժվար է լինելու, դա ռիսկային հանգամանք է եւ դժվար կլինի դրա տակից դուրս գալը: Մենք մարզպետ Արամ Քոչարյանի կողմից կառավարությանն առաջարկել ենք ապահովագրել ոչ թե ընդհանուր բերքը կամ մթերքը, այլ՝ ինքնարժեքը, որը բուսաբուծության մեջ սերմերի, վառելիքի ստարտային ծախսերի որոշակի ծավալ է եւ չի նշանակում բերք, բերքը կարող է լինել մի քանի անգամ շատ: Այսինքն՝ դա գյուղացու ծախսերի փոխհատուցումն է, անգամ եթե փոխհատուցվի 100% վնասի դեպքում, էլի գյուղացին զրոյի վրա չի կանգնի»:
Անդրադառնալով վերջին շրջանում տավարի մսի թանկացմանը՝ մարզի գյուղատնտեսության վարչության պետը նույնպես նշեց, որ Լոռվա մարզում անասունների գլխաքանակը խիստ պակասել է, սակայն, ըստ նրա, դրա պատճառը ոչ թե տեղական տավարի մսի արտահանումն է Թուրքիա, այլ՝ տնտեսական ճգնաժամը. «Լոռիում նախորդ տարի արձանագրված անասնագլխաքանակի պակասը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով: Մարդիկ, կարիքից դրդված, մորթած կամ կենդանի վիճակով վաճառեցին իրենց անասունները: Դրա համար էլ հիմա անասուն չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել