Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏՆԻՑ ՀԵՏՈ ԸՆԿԵԼ Է ԴՌՆԵԴՈՒՌ

Փետրվար 05,2010 00:00

Արմեն Ստեփանյանին բնակարան չտրամադրելը գերատեսչությունները պատճառաբանում են նրանով, որ նա, մանկատան սան լինելով, մանկատան շրջանավարտ չի դարձել:

\"\"

Մինչ մեր պետությունը կորոշի մանկատան 25-ամյա շրջանավարտ Արմեն Ստեփանյանին բնակարան տրամադրելու է, թե՝ ոչ, նա մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում վարձով է բնակվում ու տնային աշխատանքներ է կատարում հենց նույն տանը, որպեսզի տան վարձի գումարը կիսով չափ վճարի: Պետությունից ստանում է ընդամենը 18 հազար դրամ նպաստ, որից 10 հազարը վճարում է տան վարձ: Արմենը երկկողմանի ծնողազուրկ է: 12 օրական է եղել, երբ նրանից մայրը հրաժարվել է, եւ ծննդատնից Արմենին ուղիղ մանկատուն են տեղափոխել՝ սկզբում Խարբերդ, հետո Քանաքեռ, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց: Քանի որ նա մանկատնից դուրս գալուց հետո որեւէ բնակության վայր չի ունեցել, գրանցվել է Փարաքարի թիվ 22 արհեստագործական ուսումնարանում, որտեղ էլ ուսանելու ընթացքում ապրել է 1 տարի: «Առավոտի» հետ զրույցում Արմենը պատմեց, որ 21 տարեկանում դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի հաշվառվի որպես մանկատան շրջանավարտ եւ բնակարան ստանա, սակայն նրան պատասխանել են, որ պետք է սպասել. «Նրանք ասացին, որ մի քանի տարուց պետք է տուն հատկացնեն, բայց մինչեւ հիմա չեն տվել, հիմա էլ ասում են, որ տարիքս էլ է անցել, էլ չեն կարող տալ»:
Բնակարան ստանալու խնդրանքով ու ակնկալիքով նա դիմել է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ դիմումը նախագահականից ուղարկել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարան, քանի որ Արմենը գրանցված է այդ համայնքում (թիվ 22 արհեստագործական ուսումնարանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում): Թաղապետարանից դեռեւս 2008 թվականի հոկտեմբեր ամսին Արմենին պատասխանել են, որ Երեւան քաղաքում բնակարանային շինարարության ծավալները կտրուկ կրճատվել են, ուստի այդ պատճառով բնակֆոնդը խիստ նվազել է, ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը չի կարող քաղաքացու խնդրանքը բավարարել: Արմենը դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել են, որ ՀՀ կառավարությունն առանց խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատել է թիվ 983-Ն որոշմամբ, որի համաձայն՝ պետք է այդ խնդրով զբաղվի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, տվյալ դեպքում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանը, սակայն նշենք, որ այս համայնքից նրան արդեն մերժել են:
Նշենք, որ արդեն մեկ տարի է, որ բնակարաններ այլեւս չեն տրամադրվում նաեւ մանկատան մնացած շրջանավարտներին, քանի որ պետբյուջեից այդ նպատակով գումար չի տրամադրվում: Չնայած որ գրեթե բոլոր երկրներում, այդ թվում եւ մեր, ընդունված կարգ է, որ պետությունը մանկատանը մեծացած երեխաներին չափահաս դառնալուց հետո, որպես նվիրատվություն, բնակարան է հատկացնում:
Ծրագրի դադարեցումը ենթադրում է, որ այսօր մանկատան շատ երեխաներ չափահաս դառնալուց հետո էլ կմնան մանկատանը կամ՝ Արմենի նման կընկնեն դռնեդուռ:
Այս խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Արմեն Ստեփանյանը մանկատան շրջանավարտ չի կարող համարվել, որովհետեւ, երբ սովորել եւ ապրել է Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում, չի եղել մանկատան սան, ուստի դպրոցն ավարտելուց հետո էլ չի համարվել մանկատան շրջանավարտ: Լ. Հայրապետյանի խոսքերով, իրենք շատ են ցանկացել օգնել Արմենին. «Սակայն նա գիշերօթիկ դպրոցն է ավարտել, չէինք կարող «Բնակարան որբերին» ծրագրում ներառել, դա կնշանակեր, որ մենք խախտում ենք ծրագրի նորմերը»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրան հաշվառել եւ այնուհետեւ բնակարան չտրամադրելը պատճառաբանել տարիքն անցնելով, տիկին Հայրապետյանը պատասխանեց. «Մենք նրան չենք հաշվառել, նրա փաստաթղթերն ենք վերցրել եւ ասել, որ ուսումնասիրություն պետք է անենք: Ուսումնասիրություն անելուց հետո էլ պատասխանել ենք, որ չենք կարող բնակարան տրամադրել՝ վերոհիշյալ պատճառներով: Հավանաբար, դա է նրան շփոթության մեջ գցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել