«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստվում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում լրացուցիչ միջոցներ ներդնել։ Ներդրումների ծավալներն առայժմ ճշգրտվում են։ Վերջնական գումարի չափը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որը նախատեսվում է ավարտին հասցնել մոտ երկու տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է tert.am լրատվական կայքէջը:
Ընկերությունից վստահեցրել են, որ վերջին շրջանում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը զգալիորեն ավելացրել է ընկերության շահույթը, եւ դա ընկերության ներդրումների իրականացումը առավել հեռանկարային է դարձրել։ Նշենք, որ ընկերությանը 14 մլն դոլար բյուջետային վարկային միջոցներ է տրամադրել ՀՀ կառավարությունը՝ 4 տարի մարման ժամկետով։ Վարկային միջոցների մի մասն օգտագործվել է հանքարդյունաբերական մեքենաներ գնելու համար, մյուս մասը՝ ֆլոտացիոն սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Նոր հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերման շնորհիվ ընկերությունում կարծում են, որ հնարավոր կդառնա մեծացնել հանքաքարի արդյունահանման ծավալները եւ բարձրացնել հանքավայրի շահագործման արդյունավետությունը։ ՀՀ կառավարության կողմից տրամադրված վարկի գումարն ամբողջությամբ նախատեսվում է ծախսել 2010թ։
Ընկերության կանխատեսումների համաձայն, հանքարդյունահանման եւ վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչեւ 3-3,5 միլիոն տոննա։