Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Փետրվար 05,2010 00:00

Սյունիքի մարզում գործազրկության աճ է գրանցվել: Նման կանխատեսումները սկսվեցին դեռեւս անցած տարի, երբ մարզի տարբեր ձեռնարկություններում ֆինանսատնտեսական ճգնաժամը պատճառ բերելով՝ սկսվել էր աշխատատեղերի կրճատման մեծածավալ գործընթաց, ինչն էլ բերեց գործազուրկների շարքերի ընդլայնմանը: 2009 թվականին Սյունիքում գործազրկությունը աճել է 0,8%- ով՝ հասնելով 11.9%-ի, որն էլ, ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տեղեկատվության, հանրապետական միջինից բարձր էր 4.8%-ով: Թեեւ անցած տարի եղել են նաեւ աշխատանքի տեղավորվողներ, այնուամենայնիվ, գործազրկության բարձր ցուցանիշը պահպանվել է: «Մեկ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 756 մարդ, հիմնականում՝ արդյունաբերության ոլորտում, իսկ աշխատաշուկայում անմրցունակ համարվող 13 գործազուրկ տեղավորվել է աշխատանքի՝ «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում» ծրագրով»,- նշում է Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը:
Պարոն Պողոսյանի խոսքերով, անցած տարի գործազրկության նպաստ է ստացել 1860 գործազուրկ, իսկ նոյեմբերին Կապանում կայացած աշխատանքի տոնավաճառի շնորհիվ մոտ 50 գործ փնտրող տեղավորվել է աշխատանքի: Հիշեցնենք, որ տոնավաճառի կազմակերպիչները հայտարարել էին, թե կազմակերպած տոնավաճառի արդյունքում 44 գործատուի ներկայացրած մոտ 150 աշխատատեղ է սպասվում աշխատանք փնտրողներին: Այնինչ, ընդամենը 50 մարդ է տեղավորվել աշխատանքի, ինչն էլ, հնարավոր է, պայմանավորված էր տոնավաճառի ժամանակ առաջարկվող անհարմարավետ ու ոչ մատչելի աշխատատեղերով:
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կապանի մարզային զբաղվածության կենտրոնում գրանցված է 6689 գործազուրկ, որի գերակշռող մասը՝ 4669-ը, կանայք են:
Հիշեցնենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, Սյունիքում գրանցված էր 6636 գործազուրկ, որից 4652-ը կանայք են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել