Այս մարզի ընտրովի պաշտոնների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին, ԲՀԿ-ն իրենով է արել
2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 27 եւ թիվ 28 ընտրատարածքներում առաջադրված էին ԲՀԿ-ական մեկական թեկնածուներ՝ գործարարներ Մելիք Մանուկյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար, նրանք էլ ընտրվեցին պատգամավորներ: Թիվ 26 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էին ՀԵԿ-ական Հովհաննես Հայրիկյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը եւ ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը, պատգամավոր ընտրվեց ԲՀԿ-ական թեկնածուն: Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել էին ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը: Ձայների ոչ շատ մեծ տարբերությամբ՝ 235 քվե, հաղթեց Սասուն Միքայելյանը: Թեեւ Հարությունյանը համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ, սակայն պաշտոնապես բողոք չներկայացրեց: Երբ, հայտնի պատճառներով, Սասուն Միքայելյանը զրկվեց պատգամավորական մանդատից եւ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, առաջադրված միակ թեկնածուն Մխիթար Հարությունյանն էր, ու նա դարձավ ԱԺ պատգամավոր:
Իսկ համամասնական ընտրակարգով Կոտայքի մարզում ԲՀԿ-ն ավելի քան 17 հազար ձայնով հաղթեց ՀՀԿ-ին: Այնուհետեւ մարզի «բարգավաճացումը» շարունակվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ իրենք իրենց հետ պայքարում «հաղթեցին» համայնքների ղեկավարների ԲՀԿ-ական միակ թեկնածուները: Ակունքում համայնքի ղեկավար դարձավ Հունան Ռուբենյանը, Գեղաշենում՝ Արմեն Հովհաննիսյանը, Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, Նուռնուսում՝ Մնացական Գեւորգյանը, Նոր Հաճընում՝ Գագիկ Մաթեւոսյանը, Պտղնիում՝ Առաքել Վիրաբյանը, Արամուսում՝ Հրայր Նիկողոսյանը եւ այլն: Կային համայնքներ, ուր միակ թեկնածուն ԲՀԿ-ից չէր: Օրինակ՝ Քասախ համայնքի ղեկավար դարձավ ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը: Եթե ՀՀԿ-ականները մի քանի համայնքում դուրս էին եկել ընտրապայքարի, ապա՝ ոչ ԲՀԿ-ական թեկնածուների հետ: Եղվարդում ՀՀԿ-ական Նորայր Սարգսյանը հաղթեց անկուսակցական Բաղդասար Մեսրոպյանին, Նոր Արտամետում ՀՀԿ-ական Վանիկ Գրիգորյանը հաղթեց անկուսակցական Յուրիկ Հովհաննիսյանին: Իսկ Ծաղկաձորում անկուսակցական Գարուն Միրզոյանը հաղթեց ՀՀԿ-ական Վարդան Միրզոյանին: Հետաքրքիր ընտրապայքար էր ընթանում Հրազդան քաղաքում: Այստեղ առաջադրված երկու թեկնածուներն էլ՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ Մեսրոպ Մեսրոպյանը հանրապետական են: Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացնում էր Սասուն Միքայելյանին ընտրող եւ սատարող թիմը: Եվ հասկանալի է, որ այս թիմը իշխանությունների աչքի լույսը չէր, իսկ ընտրություններից օրեր առաջ Մեսրոպյանը, որը ՀՀԿ անդամ էր դեռեւս 1993թ.-ից, ճանապարհ էր անցել Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հետ, հեռացվեց կուսակցության շարքերից: Ի տարբերություն 2005 թվականի` երբ ընտրություններին ակտիվորեն մասնակցեցին հատուկ ջոկատայինները եւ «ապահովեցին» Արամ Դանիելյանի հաղթանակը թիվ 12 դպրոցի տնօրեն Արտուշ Շաբոյանի նկատմամբ, այս անգամ ընտրություններն անցան առանց ուժայինների միջամտության եւ, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրվեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Թեեւ բնակչության շրջանում լուրջ դժգոհություններ կային քաղաքում առկա բազում չլուծված խնդիրների վերաբերյալ:
Գառնին ունի «դաշնակ» գյուղի համբավ, բայց գյուղապետի ընտրություններում ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը հաղթեց դաշնակցական Արա Պողոսյանին: ՀՅԴ-ն հաղթեց Պռոշյան համայնքում, որտեղ ԲՀԿ-ական որեւէ թեկնածու չէր առաջադրվել: Այստեղ համայնքի ղեկավար ընտրվեց Հրաչ Մուրադյանը՝ հաղթելով անկուսակցականներ Հակոբ Հարությունյանին, Սուսաննա Սիմոնյանին, Արմեն Ավետիսյանին եւ ՕԵԿ-ական Վաչագան Սահակյանին: Գեղարդ համայնքում անկուսակցական թեկնածուին հաղթեց ԲՀԿ-ականը՝ Իշխան Թառոյանը:
2008թ. հոկտեմբերի 12-ին ԲՀԿ-ին հանձնվեց նաեւ Կոտայքի մարզկենտրոն Աբովյան քաղաքը. այստեղ համայնքի ղեկավար ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ 29-ամյա Կարապետ Գուլոյանը:
Այսպիսով. Կոտայքի մարզում ԲՀԿ-ն թե՛ Աժ, թե՛ ՏԻՄ ընտրություններում որեւէ պարտություն չի կրել: Սրանք պաշտոնական տվյալներն են:
Իսկ թե որքանով է ժողովրդավարությանը եւ եվրոպական արժեքներին հարիր, որ մի ամբողջ մարզում ընտրությունները անցնում են անմրցակից, ընտրողներին զրկելով այլընտրանքի հնարավորությունից, իսկ հազվագյուտ դեպքերում էլ, եթե կա մրցակից, հաղթում են նույն կուսակցությունը ներկայացնող թեկնածուները՝ արդեն քննարկման այլ թեմա է: