Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԲՍՏՐԱԾԻՆ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ»

Փետրվար 05,2010 00:00

Խորհրդարանը երեկ բավականին ակտիվորեն հակադրվեց կառավարությանը, թեպետ նաեւ ընդունեց, որ կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունները բարեփոխումներից հետո կարելի է ընդունել:

Կառավարության փոփոխություններով նախատեսվում է մի շարք նոր հարկատեսակներ մտցնել, որոնք պատգամավորների զարմանքն էին հարուցում: Օրինակ, նախատեսվում է հարկեր սահմանել վաճառված ավտոմեքենայի, չօգտագործվող հողի, ավտոմեքենաների կայանման, հյուրանոցային, հանրային տարածքների օգտագործման, կիսակառույցների եւ ինչ-որ անհասկանալի այլ բաների համար: Ի դեպ, նախորդ օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր հարցը քննարկել, սակայն քվեարկությունը հետաձգել 15 օրով, մինչեւ հաջորդ նստաշրջան: Ընդ որում, ընդդեմ կառավարության այս նախագծի էին խոսում ոչ միայն «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը, այլեւ «Օրինաց երկիրը» եւ մասամբ՝ «Բարգավաճ Հայաստանը», նաեւ որոշ հանրապետականներ: Այս «կիսահեղափոխական» տրամադրություններն ակնհայտորեն դուր չեկան Ազգային ժողովի նախագահին, քանի որ հենց նիստերի դահլիճում, նախագահական հարթակի մոտ նա «մինի» խորհրդակցություն հրավիրեց Գալուստ Սահակյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ, որից հետո ելույթի համար ձայն վերցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա առանց ավելորդ ձեւականության հայտարարեց, որ եթե ինքը լիներ ընդդիմություն, շատ արդարացիորեն հարց կտար՝ դուք, որպես կոալիցիա, ինչո՞ւ չեք քննարկել այս հարցերը, որ հիմա եկել եւ խորհրդարանի դահլիճում հարցեր եք բարձրացնում:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ «տնտեսական ճգնաժամի պայմաններում ԱԺ-ն չպետք է թույլ տա, որ կառավարությունը սահմանի 8 լրացուցիչ հարկատեսակներ»: Ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու եւ դեմ է արտահայտվում. «Բայց դահլիճում կան պատգամավորներ, որոնք ելույթ են ունենում «պրեսսայի» համար, դեմ ելույթներ են ունենում, եւ հետո կտեսնեք, որ փիսիկի նման կքվեարկեն «կողմ»: Անգամ առաջարկեց, որ կառավարությունը այս նախագծի հետ կապված դնի իր վստահության հարցը, եւ եթե խորհրդարանը հավանության չարժանացնի կառավարության այդ դիմումը, ուրեմն նախագիծը կընդունվի:
Նորաթուխ անկախ պատգամավոր, «Ազգային միաբանության» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը երեկ առաջին անգամ ելույթ ունեցավ՝ «գեղամյանաբար»: Մեջբերելով մի շարք վիճակագրական թվեր՝ պարոն Սիմոնյանն ասաց. «Այսօր մեր երկիրը գտնվում է աննախադեպ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների առջեւ: Հանրապետության նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը, որին մենք աներկբայորեն սատարում ենք, այսօր առաջացրել է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ ամենակարեւորը թիկունքն ամուր պահելն է: Արդյոք այս փաթեթը, որ ներկայացված է, ամո՞ւր է պահում թիկունքը, թե՞ ավելորդ անգամ ժողովրդի մեջ առաջացնում է երկմտություն, տարակարծություն, վախի մթնոլորտ, որ հարկերը ավելանում են, եւ ինչ է լինելու վաղը»:
«Ժառանգություն» խմբակցությունը դեմ էր այս նախագծին, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ներկայացմամբ. «Սա ռեկետը օրինականացնելու նախագիծ է, սա ծովահենությամբ զբաղվելու նախագիծ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի, նա գուցե կասեր՝ ավազակապետության նախագիծ է»: Մի շարք հարկատեսակներ պարոն Սաֆարյանը որակեց «անհեթեթ», եւ ամենից հետաքրքիրն այն է, որ ավելի ուշ իր արտահերթ ելույթում Ազգային ժողովի նախագահը եւս դեմ խոսեց այդ եւ այլ հարկատեսակներին եւ առաջարկեց դրանք հանել նախագծից:
«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ նախագծի քննադատությունը պետք է ոչ թե հիվանդագին ընդունել, այլ ողջունել. «Մենք ամեն օր գնում ենք մեր ընտրողների հետ հանդիպման, մենք ամեն օր քաղաքացիների հետ գործ ունենք, մենք վաղը ամաչելու ենք նրանց առջեւ, եթե այսօր այս նախագծի բացերից չխոսենք, դրանց վերացմանը չտանենք: Ես գտնում եմ, որ որոշ կետեր պետք է հանել, օրինակ՝ հարկը անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ գույքի համար: Եթե մարդը չի կարողացել ավարտել շինարարությունը, նշանակում է նա ունի խնդիր, այդ խնդիրը մեկն է՝ ֆինանսական է: Մենք այսօր դա հարկենք, նշանակում է՝ կատաստրոֆիկ վիճակ, այսինքն՝ մենք կողմ ենք, որ ում ձեռքը ինչ կա՝ հավաքեն-տանե՞ն, ովքեր ամենակարող են»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շատ նորմալ համարեց, երբ խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունը տարաձայնություններ է ունենում կառավարության հետ: Ըստ Վահան Հովհաննիսյանի, տեղական ինքնակառավարման մարմինների շատ ղեկավարներ, գյուղապետեր եւ այլք «բոլորովին էլ չարքեր չեն, ուղղակի անգրագետ են, անպարտաճանաչ են» եւ դեռ կարողանում են իրենց աշխատասենյակները եվրոռեմոնտ անել եւ «Ջիպեր» գնել՝ չգիտես ինչ փողերով. «Ուզո՞ւմ եք համակարգը կատարելագործել, մտցնենք պրոգրեսիվ հարկ, ինչո՞ւ կառավարությունը չի գնում դրան, ինչո՞ւ չի մտցվում, օրինակ, ճոխության հարկ: Ուզում ես անպայման «Մայբախ» ու «Ռոյս-ռոյս» քշե՞ս, քշի, բայց հարկ տուր պետությանը, հարկ տուր, որովհետեւ քո պետության մեջ կա նաեւ անապահով խավ»: Պարոն Հովհաննիսյանը ընդունում է, որ նրանք, ովքեր գնել են, ասենք, Երեւանի «Սեւան» հյուրանոցը, հսկայական հողեր, գործարաններ եւ դրանք չեն սարքում ու շահագործում, ապա, այո, այս մարդկանց նկատմամբ պետք է կիրառել հարկային մեթոդներ:
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ այս նախագիծը, այո, կապիտալի վերաբաշխման խնդիր է դնում, իսկ կապիտալի վերաբաշխումը, ըստ պարոն Ճշմարիտյանի՝ տնտեսության շարժիչ ուժն է. «Ոչ մեկը չի հայտարարում, որ եթե մեկը դարձել է սեփականատեր, հավերժ պետք է մնա սեփականատեր, եթե անգամ չի կարողանում արդյունավետ աշխատեցնել այդ սեփականությունը»: Ասաց նաեւ, որ այս փոփոխությունների նպատակը տնտեսության զարգացման արդյունավետությունը բարձրացնելն է, եւ ոչ ոք չի պատրաստվում «կուլակաթափություն» անել:
Ազգային ժողովի նախագահը արտահերթ ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ, իրոք, կան որոշ հարկատեսակներ, որոնք անընդունելի են: Նա ասաց նաեւ, որ իրենք դեմ են լինելու, եթե այս նախագծի արդյունքում սոցիալական խնդիրներ առաջանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել