Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի բլոգը մեռնո՞ւմ է

Փետրվար 05,2010 00:00

Սակայն Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել հուղարկավորությունը

Հունվարի 14-ից գործում է Հայաստանի վարչապետի բլոգը http: //tigransargsyan.livejournal.com/ հասցեում (Տիգրան Սարգսյանն իր էջն ունի նաեւ «Facebook»-ում՝ https://www. facebook.com/pages/Tigran-Sargsyan/43211285887 հասցեով): Հիշեցնենք, որ վարչապետն իր բլոգը ստեղծելու նպատակն էր հռչակել. «Ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում», եւ ցանկանալով ուղղակիորեն հաղորդակցվել, ներկայացնել իր խոհերն ու գաղափարները. «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ»:
Սակայն բլոգի ստեղծման օրվանից մինչ օրս վարչապետն ավելի շատ հարցեր է ստացել, քան պատասխանել դրանց: Հունվարի 20-ին բլոգում տեղադրվել են նրա «Պատմությունը գրվում է ապագայից» դիտարկումները: Դրանից հետո տեղադրվել են միայն երեք տեսանյութեր՝ կառավարության նիստում Տիգրան Սարգսյանի ելույթներից հատվածներ: Բլոգից առանձնացրել ենք որոշ մեկնաբանություններ, որոնց արձագանքել է Տիգրան Սարգսյանը:
Մի անանուն բլոգերի դիտարկմանը՝ «Դուք ՀՀ կառավարության նիստերի ժամանակ շատ եք խոսում մեր կյանքի արատավոր կողմերի մասին: Լավ եք խոսում ու լավ եք անում: Բայց ինչո՞ւ խոսքին կոնկրետ գործողություններ չեն հետեւում: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է պետական եկամուտների հավաքման գործը վստահել մեկին, ում գործարարները հրապարակավ, ընդգծում եմ՝ հրապարակավ, մեղադրել են կաշառք պահանջելու մեջ»՝ վարչապետն արձագանքել է հարցով. «Ցանկանում եք խոսե՞լ այդ մասին»:
Մեկ այլ բլոգեր Տիգրան Սարգսյանին հայտնել է. «Ճգնաժամային է կոռուպցիայի վիճակը երկրում: Կյանքի ընթացքում, ավաղ, ստիպված ենք լինում առնչվել այս կամ այն պետական մարմնի հետ, եւ իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ՉԿԱ այնպիսի մարմին, որտեղ սովորական քաղաքացին ցանկանա գնալ: Առկա է ՀԱՄԱՏԱՐԱԾ կաշառքի շորթում եւ, որքան էլ երկրում գործեն կոռուպցիայի դեմ գործողությունների մոբիլիզացիայի ծրագրեր ու դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող այլ ծրագրեր, նախաձեռնություններ՝ ես ուղղակի ապշում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում պետական մարմիններում»: Նա էլ է առանձնացրել ՊԵԿ-ին՝ նկարագրել մասնավորապես մաքսային մարմիններում առկա վիճակը եւ հարց տվել, թե ինչքան սա պետք է շարունակվի: Վարչապետն ի պատասխան միայն գրել է. «Ախպո՜ր պես…»: Այս արձագանքն, ի դեպ, հարուցել է բլոգերներից մեկի զայրույթը. «Եթե սա է ձեր պատասխանը մտահոգված քաղաքացու կողմից բարձրացված լուրջ հարցերին՝ ավելի լավ է լուռ մնայիք, որ կառավարության հանդեպ մնացած վերջին հարգանքն էլ մարդիկ չկորցնեն»:
Դիտողությունը թերեւս ազդել է: Երբ մեկ այլ բլոգեր նշել է, թե որպես Հայաստանի քաղաքացի՝ պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականը ու պարտավորվել ստորագրահավաք կազմակերպել. «Այս ամենին գոնե ինչ-որ ուշադրություն դարձրեք»՝ Տիգրան Սարգսյանը խոստացել է. «Կպարզենք»:
Նրա այս լակոնիկ ոճն ու բլոգում ոչ այնքան գրողի, որքան ընթերցողի դերում լինելն արդեն իսկ ունեցել է բացասական հետեւանքներ: Եվ սա նկատել է բլոգերներից մեկը՝ նշելով. «Նայեցի մեկնաբանությունների քանակը: Դրանք անկում են ապրում: Կա՛մ ժողովուրդը հիասթափվել է, կա՛մ պետք է վերանայեք բովանդակությունը: Ամեն դեպքում՝ բլոգը կարող է դադարեցնել գոյությունը, եթե չլինեն փոփոխություններ: Հուսով եմ՝ բլոգի հուղարկավորությունը կհետաձգվի»: Վարչապետը պատասխանել է. «Հուղարկավորությունը չեղյալ է հայտարարվում»:

Հ. Գ. Երկու ուշագրավ լուր վարչապետի բլոգից: Մի բլոգերի առաջարկին, որ կառավարությունը ջանքեր գործադրի, որպեսզի Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից որեւէ մեկը ֆիլմ նկարի Հայոց ցեղասպանության մասին՝ Տիգրան Սարգսյանն արձագանքել է. «Լավ կլիներ, եթե Հոլիվուդն անդրադառնար հայկական թեմաներին, բայց անձամբ ես կնախընտրեի ֆիլմ Աբգար թագավորի մասին»: Իսկ մի բլոգերի հարցին, թե ե՞րբ Փոլ Մաքքարթնիին եւ Ռինգո Սթարին կտեսնենք Երեւանում՝ պատասխանել է. «Հուսով եմ՝ շուտով: Մենք պետական մակարդակի չենք բարձրացել: Դա քննարկում ենք ռոքերների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել