Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ը ՍԱՀՄԱՆ Է

Փետրվար 05,2010 00:00

\"\"Ի հեճուկս իշխանական շատ գործիչների, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ մարտի 1-ի էջը հնարավոր չէ փակել:

– ՀՀ իշխանությունները տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հայտարարում են, որ մարտի 1-ի էջը փակված է: Իսկ Հայաստանի հարցով համազեկուցողները նախօրեին հերթական անգամ հայտարարեցին, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի եւ բարեխիղճ դիտարկում-ուսումնասիրություն պետք է անցկացվի: Եվրոպայում իսկապե՞ս սկսել են մտահոգվել Հայաստանում մարդու իրավունքների վիճակով, թե՞…
– Իշխանությունների ու տարբեր կարգի գործիչների հայտարարություններից անկախ՝ մարտի մեկի էջը փակել հնարավոր չէ: Այն հնարավոր չէ փակել անգամ այդ գործի բոլոր նրբությունները բացահայտելուց հետո, անգամ իրական մեղավորներին հայտնաբերելուց ու պատժելուց հետո: Ժողովուրդների պատմության մեջ նման էջերը չեն փակվում: Դրանք միշտ բաց են: Ո՞վ ասաց, թե հնարավոր է մոռանալ անմեղ երիտասարդների սառնասիրտ գնդակահարությունը, ո՞վ ասաց, թե հնարավոր է փակել այն որպես էջ: Դա էջ չի, դա մեր երեխաների արյամբ շաղախված մեր նորագույն պատմությունն է:  Դա մեր այսօրն է եւ պատմություն է մեր երեխաների ու թոռների համար: Իզուր չի եւ չի կարող իզուր լինել, չի կարող անհետեւանք մնալ Երեւանի մայթերին հեղված այդ անմեղ արյունը: Մարտի մեկը մեր նորագույն պատմության մեջ այլեւս դառնալու է չիկարելիի սահման: Այսօր էլ մենք ապրում ենք մարտի մեկից առաջ եւ հետո հասկացությամբ: Այն մեզ համար այլեւս սահման է: Այսօր անգամ մարտի մեկի էջը փակել ցանկացող մանկուրտները չեն կարողանում ձերբազատվել մարտի մեկից: Նրանք իրենց ցինիզմով ամեն վայրկյան թաթախվում են մարտի մեկին հեղված արյան մեջ: Իրենց կամքից անկախ, դեպքերից այսքան ժամանակ անց,  դառնում են մարդասպանության մասնակիցներ ու մեղսակիցներ: Այս իշխանությունները դեռ մարտի երկուսին էին փորձում շրջել մարտի մեկի էջը՝ առավոտ վաղ ջրցան մեքենաներով փողոցները արյունից լվանալով ու չհասկանալով, որ արյունը ջրով չի լվացվում: Այդ չիմացությունն է պատճառը, որ այդ սարսափելի էջը նրանք այսքան ժամանակ փակում, փակում են, բայց ոչ մի կերպ փակել չեն կարողանում ու չեն էլ կարող:
– Ընդդիմության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եվրոպական ամբիոններից խոսելու իրավունքից զրկելը կամ առնվազն այդ իրավունքը խիստ սահմանափակելը, Հայաստանում իշխանական գործիչների կողմից նրա նկատմամբ ոչ այնքան հարգալից վերաբերմունքը որքանո՞վ են հարիր եվրաինտեգրվող երկրին եւ ինչի՞ կհանգեցնեն:
– Հայաստանն իր բնույթով եվրաինտեգրվող երկիր չէ: Ընդհակառակը՝ Հայաստանում մերժվում է այն ամենը, ինչ եվրոպական է: Այստեղ սարսափում են ազատ խոսքից: Զարուհի Փոստանջյանը Եվրոպայում ներկայացնում էր իշխանությունների կողմից չմշակված, իշխանական ցենզուրան չանցած, ազատ մարդու կարծիք ու տեսակետ: Նման բան այս կարգի իշխանությունները հանդուրժել չեն կարող: Բայց սրանք չեն հասկանում, որ  21-րդ դարում անհնար է ճշմարտությունը թաքցնել: Իսկ Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց ու շարունակում է ցույց տալ, թե ինչքան թույլ ու ճղճիմ են այսօրվա իշխանավորները: Նա ստիպեց, որ նրանք իրենց որակները ցուցադրեն նաեւ Եվրոպայում եւ հասավ փայլուն հաջողության:     
– Վերջին շրջանում իշխանական գործիչները ավելի շատ խոսում են ՀԱԿ-ում պառակտումների, քան սեփական անելիքների մասին: ՀԱԿ-ի պասիվությունը կբերի՞ պառակտումների, թե՞ իշխանությունը ցանկալին իրականության տեղ է մատուցում:
– Իշխանություններն, իհարկե, ցանկալին իրականության տեղ են մատուցում: 2003-2004 թվականներին այս նույն իշխանություններին հաջողվեց ընդդիմությունը պառակտել, բայց այս անգամ նրանք այս հարցում ոչ մի հաջողություն էլ գրանցել չեն կարողացել: Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված այս իրավիճակում Կոնգրեսը հսկայական դժվարություններ է հաղթահարում, բայց  միաժամանակ կարողանում է պահպանել իր նկատմամբ զանգվածների ունեցած հավատը: Այսօր բողոքավոր զանգվածը, փոփոխություններ սպասող քաղաքացին պահանջներ է ներկայացնում ոչ թե իշխանություններին, այլ Կոնգրեսին:
Իշխանություններին մարդիկ դիտարկում են միայն որպես տարերային աղետ եւ որեւէ դրական ակնկալիք նրանցից չունեն: Բոլորի հայացքը Կոնգրեսին է ուղղված: Պահանջում են Կոնգրեսից, եւ այս առումով Կոնգրեսն, իհարկե, հսկայական պատասխանատվություն ունի ժողովրդի հանդեպ, ու հուսանք, որ հաջողությունները հեռու չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել