Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԵՐԵՍՎԵԼ ԵՆ

Փետրվար 05,2010 00:00

Երեկ ՀՔԾ-ում առերես հարցաքննվել են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը:

\"\"
Զադոյանին բերեց շտապօգնությունը:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող եւ 2009թ. հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ այդ միջադեպի «գլխավոր հերոսները» ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր եւ Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը, որի ուղղությամբ պատգամավորը իր մոտ եղած «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր, ու դա բացատրել էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ:
Երեկ առավոտյան Կ. Կարապետյանն ու Ա. Զադոյանը հրավիրվել էին ՀՔԾ՝  առերես հարցաքննության: Այդ փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին ե՛ւ պատգամավորի ներկայացուցիչը, ե՛ւ Ա. Զադոյանը, որին ՀՔԾ հարցաքննության էին բերել շտապօգնության մեքենայով. միջադեպից հետո հրազենային վնասվածք ստացած նրա ոտքը դեռ չի ապաքինվել: Զադոյանի ասելով, իր մասնակցությամբ դա առաջին առերեսումն էր: Ընդ որում, Զադոյանի հետ երեկ առերեսվել են ոչ միայն Կ. Կարապետյանը, այլեւ Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանն ու պատգամավորի եղբայրը՝ Մասիսի ոստիկանության աշխատակից Սիմոն Կարապետյանը, որը Զադոյանի ասելով՝ միջադեպի ժամանակ իրեն հրազենային վնասվածքից ուշագնաց եղած վիճակում աքացիներով հարվածել էր:
Մեկ ավելորդ անգամ հիշեցնենք, որ առերեսում կոչված քննչական գործողությունը, որպես կանոն, անհրաժեշտ է դառնում, երբ քրգործում ներգրավվածների ցուցմունքների միջեւ էական հակասություններ են ի հայտ գալիս: Ասել է թե՝ այդպիսի հակասություններ առաջացել էին մի կողմից՝ Ա. Զադոյանի, մյուս կողմից՝ Կ. Կարապետյանի, նրա եղբոր եւ վարորդի կողմից նախկինում տված ցուցմունքներում: 
Պատգամավորի ներկայացուցչի մատուցմամբ, առերեսման ժամանակ եղել են պահեր, երբ Զադոյանն ընդունել է իր հետ առերեսվողների որոշ հայտարարությունները, Զադոյանի որոշ ցուցմունքների հետ էլ համաձայնել էր Կ. Կարապետյանը: «Առավոտը» դիմեց նաեւ Ա. Զադոյանին: Վերջինս նախ՝ հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ բուն միջադեպին եւ կրակոցներին առնչվող հարցում իրենցից ամեն մեկն իր նախկինում ասած տարբերակն է պնդել, բայց հետո հիշեց, որ մի հարցում ինքն ու Կ. Կարապետյանը, այնուամենայնիվ, հայտարարի եկել են. երկուսն էլ ընդունել են, որ մինչեւ միջադեպը իրենք միասին գնացել են Էջմիածին քաղաք՝ «C» դասի «Մերսեդես» մեքենա տեսնել-գնելու համար:
Մեր այն հարցին, թե՝ ուղիղ 5 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպից եւ քրգործի նախաքննությունից հետո հնարավո՞ր է, որ կողմերը՝ Կ. Կարապետյանն ու Ա. Զադոյանը, այնուամենայնիվ, հաշտություն կնքեն, պատգամավորի ներկայացուցիչն ասաց, թե չի կարծում, որ Կ. Կարապետյանը հակված է դրան, համենայնդեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ Զադոյանը նրա 57 հազար դոլարի պարտքը չի վերադարձրել: Հաշտության հակված չէր նաեւ 57 հազարի պարտքի գոյությունը բազմիցս ժխտած Ա. Զադոյանը, թեեւ  դեռ մեր նախկին զրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ ՀՔԾ-ում, թերեւս, այդ տարբերակն ավելի նախընտրելի կարող է լինել՝ նկատի ունենալով Կ. Կարապետյանի դիրքը:
Ա. Զադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տպավորությամբ, երեկվա առերեսումներն առաջինն ու վերջինն էին, որովհետեւ նախաքննությունը հիմնականում կատարված է եւ մոտենում է ավարտին: Իսկ առերեսումների մասին էլ, չբացելով նախաքննական գաղտնիքները, ասաց, թե ինքն ու իր հետ առերեսվողները մնացել էին իրենց կարծիքին եւ պնդել էին իրենց նախաքննական նախկին ցուցմունքները, «թեեւ նրանց ասածներում շատ մեծ անճշտություններ կային»:
Պարզվեց նաեւ, որ առերեսման ժամանակ պատգամավոր Կարապետյանը նաեւ մի հայտարարություն էր արել, որը տարակուսանք ու նույնիսկ ծիծաղ էր առաջացրել քննչական գործողության մասնակիցների շրջանում: Ա. Զադոյանի ասելով, Կարոն քննիչին հայտարարել էր, թե Ա. Զադոյանը Իսպանիայից մեքենայով ապօրինաբար Ավստրալիա է մտել: Կ. Կարապետյանի ներկայացուցիչն էլ հարկ համարեց շեշտել, որ Զադոյանն ամենեւին էլ վատառողջ չէ, ու նրա՝ շտապօգնության մեքենայով դատախազություն գալը ընդամենը ցուցադրություն է եղել՝ պատասխանատվությունից խուսափելու առիթ գտնելու եւ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել