Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱԿՈԴԱՎՈՐՎԵԼ Է ԳԼԽՈՒՂԵՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔԻ ԳԵՆՈՄԸ

Փետրվար 04,2010 00:00

\"\"Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ Լոս Անջելես քաղաքում գլխուղեղի չարորակ ուռուցքի՝ գլիոբլաստոմայի բջիջների ամբողջական գենոմային հետազոտություն են անցկացրել: Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվեց ստեղծել տարատեսակ մուտացիաների մի պատկեր, որոնք խթան են հանդիսանում չարորակ նորագոյացության զարգացման եւ գլխուղեղի հյուսվածքներում տարածման համար: Հետազոտական նախագծի համակարգող Ստեն Նելսոնի խոսքերով, հետազոտության մեջ բարձրակարգ եւ ցածրակարգ մեթոդների ներդրման շնորհիվ, գլխուղեղի չարորակ ուռուցքի գենոմի ապակոդավորման ծախսերը ընդամենը $35000 են կազմել: Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ մարդկային գենոմի ամբողջական ապակոդավորման ֆինանսավորումը գերազանցել էր միլիարդ դոլարը: Հետազոտության մեջ օգտագործվել են U87 գլիոբլաստոմայի բջիջները, որոնց նմուշները բազմիցս հետազոտվել էին աշխարհի առաջատար լաբորատորիաներում:
Այս նոր հետազոտության հեղինակներին հաջողվել է կազմել մուտացիաների եւ քրոմոսոմային անոմալիաների ամբողջական պատկեր, որը գլիոբլաստոմայի բջիջները տարբերում է առողջ բջիջներից: Գլիոբլաստոմայի գենոմի բջիջների ապակոդավորումը գիտնականներին թույլ կտա հստակեցնել այս հիվանդության առաջացման պատճառները եւ նոր մեթոդներ մշակել, որպեսզի դեղորայքն ավելի արդյունավետ ազդեցություն ունենա ուռուցքի վրա:
Բացի դրանից, ուռուցքային բջիջների գենետիկ առանձնահատկությունների իմացությունը նոր հնարավորություններ է տալիս մշակել գենետիկ ախտորոշման բարձր զգայունություն ունեցող մեթոդներ, որոնք թույլ կտան կիրառել բուժման ավելի արդյունավետ եղանակներ, գնահատել կատարված բուժման արդյունքը, ինչպես նաեւ հնարավորինս կանխել հիվանդության հնարավոր բարդությունները: Գլիոբլաստոման գլխուղեղի առավել հաճախ հանդիպող չարորակ ուռուցք է, որը դժվարությամբ է ենթարկվում ինչպես վիրաբուժական, այնպես էլ ճառագայթային բուժման: Ներկայումս կիրառվող բուժման մեթոդներն ի վիճակի չեն զգալիորեն ավելացնել հիվանդների կյանքի տեւողությունը: Հիվանդների մեծամասնությունը մահանում է հիվանդության հայտնաբերումից մի քանի ամիս անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել