Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում

Փետրվար 04,2010 00:00

\"\"Պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման հիմնական նախադրյալներից մեկը մասսայականությունն է, իսկ մասսայական ֆուտբոլը՝ հատկապես դպրոցականների եւ տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Մասսայական ֆուտբոլը ներառում է տարատեսակ այնպիսի ձեւեր, ինչպիսիք են մանկապատանեկան, սիրողական, կանանց, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ֆուտբոլը եւ այլն: Հետեւաբար, նաեւ մեծապես այս մարզաձեւից է կախված բնակչության տարբեր սոցիալական խավերին մասսայական սպորտ ներգրավելու գործի կազմակերպումը:
ՀՖՖ-ում այս խնդիրներով զբաղվում է մասսայական ֆուտբոլի բաժինը, որի ծավալած գործունեությունը մի տեսակ դուրս է մնում հանրության ուշադրությունից: Ֆեդերացիայի այս ստորաբաժանման կատարած աշխատանքներից, թերեւս, ամենակարեւորներից է «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը, որը սկիզբ է առնում 2008 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, գիտության եւ կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրից: Այն՝ ֆուտբոլը հանրակրթական դպրոցների ծրագրում որպես ֆիզկուլտուրայի դաս ընդգրկելու մասին է, ըստ որի՝ ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր երրորդ դաս նվիրվում է ֆուտբոլին: Այդ նպատակով ՀՖՖ-ում ուսուցիչների համար կազմվել են ուսումնական նյութեր, ձեռնարկներ եւ բաժանվել դպրոցներին: Այդ ուսուցողական ծրագիրն արդեն ստացել է 1500 դպրոց: Մասսայական ֆուտբոլի բաժնի աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ անցկացրել են դասընթացներ, իսկ անցած տարվա վերջին՝ ավարտին հասցրել նրանց վերապատրաստման լայնածավալ գործընթացը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է նաեւ, որ ծրագրի ավարտից հետո դպրոցներին բաժանվել է նաեւ մարզագույք՝ ձեռնարկներ, գնդակներ, օղակներ, ձողեր, պոմպեր, ժիլետներ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել