Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի զորամասը՝ 18 տարեկան

Փետրվար 04,2010 00:00

Փետրվարի 2-ը Վանաձորի թիվ 63853 զորամասի կազմավորման 18-ամյակի օրն է: ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 28-ի որոշմամբ՝ Վանաձորում տեղակայված թիվ 606 շինվարչության բազայի վրա ստեղծված զորամասը հանձնվեց ՀՀ ՊՆ-ի ենթակայությանը, կազմավորվեց առաջին մոտոհրաձգային գունդը, առաջին հրամանատար նշանակվեց գնդապետ Ալեքսանդր Թազագուլյանը, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. փետրվարի 2-ին գունդը վերանվանվեց թիվ 63853 զորամաս: Գնդի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ զորամասի հրամանատարական կազմը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց զորամասում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթողին, զիվորների կատարմամբ հնչեց Հայաստանի օրհներգը, զորամասի հոգեւոր խորհրդական Էդգար սարկավագն օրհնության խոսք ասաց, հնչեցրեց տերունականը: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը ներկայացրեց գնդի մարտական ուղին, անուն առ անուն հիշատակեց գնդի հիմնադիրներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին այսօրվա խաղաղության համար. ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Զորամասը կազմավորվել է դժվարին պայմաններում, երբ մարտական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանագծով: Կազմավորվեց հայոց բանակի առաջին գունդը, համալրվեց առաջին զորակոչը, եւ ընդամենը մի քանի ամիս անց ստորաբաժանումները բերվեցին մարտական վիճակի եւ ուղեւորվեցին պատերազմի թեժ կետեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել