Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ

Փետրվար 04,2010 00:00

Բելառուսում ուժի մեջ է մտել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից համացանցի կարգավորման մասին հրամանագիրը: Ըստ այդմ, հուլիսի 1-ից ցանցը պետք է դառնա «կառավարելի եւ թափանցիկ»: «Newsru»-ի մատուցմամբ, հրամանագրի նախագծի համեմատ, որը դեռ դեկտեմբերի վերջին հրապարակվել էր համացանցում եւ թեժ բանավեճերի առիթ դարձել, ստորագրված հրամանագիրը որոշակի փոփոխություններ է պարունակում: Օրինակ, հրամանագրում խոսք չկա տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասին: Նորարարությունների թվում է նաեւ պետական մարմիններին տրված ցուցումը՝ համացանցում տեղադրել իրենց մասին անհրաժեշտ տեղեկություններ, նաեւ պահանջ կա համացանցում ապահովել հեղինակային իրավունք: Բացի այդ, հրամանագիրը պարտադրում է Բելառուսում տեղեկատվական դաշտում գործող բոլոր ռեսուրսներին գրանցվել ազգային դոմեն գոտում՝ by, եւ գրանցվել կապի նախարարությունում կամ նրա կողմից լիազորված որեւէ կազմակերպությունում: Հրամանագրի համաձայն, բոլոր պրովայդերները պարտավոր են պահպանել տվյալները, թե իրենք ում են ծառայություն մատուցում եւ ինչպես են սպառողներն օգտագործում այդ ծառայությունները: Բելառուսի նախագահի եւ պետության աչքից չեն վրիպել նաեւ ինտերնետ-սրճարանների այցելուները: Այդպիսի օբյեկտների սեփականատերերը պետք է արձանագրեն, թե ով է իրենց այցելել եւ ինչ է արել, եւ առաջին իսկ պահանջի դեպքում այդ տվյալները տրամադրի ուժայիններին:
Բելառուսի «ինտերնետասեր-հասարակայնությանը» անհանգստացրել է հրամանագրի 11-րդ կետը, որը պետությանն իրավունք է վերապահում արգելափակել այն ռեսուրսները, որոնք, նրա կարծիքով, խախտում են երկրի օրենսդրությունը: Այդ ոլորտի կարգավորումը լիազորվել է Լուկաշենկոյի աշխատակազմին, նախարարների խորհրդին եւ Բելառուսի նախագահին կից օպերատիվ-վերլուծական կենտրոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել