Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուհական կաշառակերությունը չի դադարում

Փետրվար 04,2010 00:00

«Առավոտը» հաճախ է տարբեր բուհերի ուսանողներից ստանում նամակներ, որոնցում նրանք պատմում են, թե ինչպես է այս կամ այն դասախոսը իրենցից կաշառք պահանջել: Սակայն հիմնականում չենք անդրադառնում այդ նամակներին, որովհետեւ դրանք լինում են անստորագիր, եւ գրված են լինում հատուկ այդ նամակն ուղարկելու համար բացված հասցեից (խոսքն էլեկտրոնային նամակների մասին է): Նման նամակներ ենք մենք ստացել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի, Ագրարային համալսարանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի, ԵՃՇՀ-ի ուսանողներից, եւ առաջատարն այս հարցում Երեւանի պետական մանկավարժական համալսարանն է: Համենայնդեպս, բողոքել են վերոնշյալ բուհերի եւ ֆակուլտետների դասախոսներից, իսկ թե ով է կանգնած եղել «անոնիմկայի» հետեւում՝ մենք չենք իմացել, այդ իսկ պատճառով չենք տպագրել այդ նամակներն ու չենք գնացել դրանց հետքերով: Հազվագյուտ դեպքերում, երբ ուսանողը ներկայացել է անձամբ, բողոքել եւ, բնականաբար, խնդրել, որ իր անունը չհրապարակենք, մենք այդպես էլ վարվել ենք: Սակայն խնդրին անդրադառնալու համար մեզ անհրաժեշտ է վստահ լինել, որ իսկապես կան իրական մարդիկ եւ իրական դեպքեր՝ նման նամակների հետեւում: Մենք պետք է տեսնենք եւ լսենք ձեզ, իսկ ձեզ «չբացահայտելը» մեր պարտականությունն է:
Հերթական «անոնիմկան» ստացել էինք օրեր առաջ՝ Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի ուսանողներից: Եվ կրկին չէինք պատրաստվում անդրադառնալ դրան: Սակայն լրիվ այլ աղբյուրից պատահմամբ պարզեցինք, որ այն, ինչ գրված է այս նամակում, իրականություն է: Ու այդ պատճառով որոշեցինք այս անգամ տպագրել:
«Ձեր թերթում քանիցս գրվել է համալսարանական կաշառակերության, կոռուպցիայի օրինակների, անգամ մեր ֆակուլտետում տեղի ունեցած դեպքերի մասին: Բայց ավանդույթը շարունակվում է, այն էլ՝ նոր թափով: Մատների վրա կարելի է թվել այն ուսանողներին, որոնք քննաշրջանն ավարտում են առանց «կրթական ծախսերի»: Այս տարի ամեն ինչ ավելի կազմակերպված է անցնում: Միայն չորրորդ կուրսում մեր ուսանողները համատարած վճարում են հայոց լեզվի պատմության, հայ գրաքննադատության պատմության եւ այլ առարկաների համար: Պետական քննություններին էլ այդպես ավելի հեշտ է, հուշում է մեզ ֆակուլտետի քարտուղարուհիներից մեկը: Էն ժամանակ էլ կմուծվենք նույն ճանապարհով, «զոհեր» չեն լինի եւ 100 տոկոսով կավարտենք ուսումնառությունը Խ. Աբովյանի անունը կրող մանկավարժական համալսարանում: Ե՛վ գայլերը կուշտ կմնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ:
Միայն թե չենք հասկանում, որ երբ կյանք մտնենք եւ ուզենանք շոշափելի արդյունքների հասնել, ինչպե՞ս նայենք մեր դասախոսների աչքերին: Ավագների փորձը ցույց է տալիս, որ նրանք մեր աչքերին հանգիստ նայել կարող են:
Այսպես եղել է առաջին կուրսից սկսած: Բայց մինչեւ ե՞րբ:
Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների անունից ենք գրում՝ հաստատելով, որ երեւույթն է գերիշխում եւ ոչ թե այս կամ այն անունը՝ դասախոսի, թե ուսանողի»:
Նկատենք, որ, այնուամենայնիվ, անունները նույնպես կարեւոր են: Մինչեւ անունները՝ թե դասախոսի եւ թե ուսանողի, հստակ չտրվեն, երեւույթը կշարունակի գերիշխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել