Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողջ տարին՝ Վ. Տերյանին

Փետրվար 04,2010 00:00

2010-ը տերյանական տարի է լինելու: Բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առիթով այս տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետի ղեկավարությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատվել բավականին հետաքրքիր միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 9-ից՝ գրողի ծննդյան օրվանից: «Կոմիտասի անվան այգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ամենամյա միջոցառումը, որն այս տարի առանձնահատուկ կլինի, հրավիրված է տերյանապաշտ հասարակությունը: Այս տարի կհրատարակվի նաեւ «Տերյան» հանրագիտարան՝ 900 էջից ավելի եւ 700 նկարներով, որը հայ գրականության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է, ռուսական գրականության մեջ նմանատիպ մի հանրագիտարան կա՝ «Դոստոեւսկի»,- նշեց պարոն Հակոբյանը:
Ա. Հակոբյանի խոսքով, հուլիսի 24-ին էլ Տերյանին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն նրա ծննդավայրում՝ Գանձայում, եւ տերյանական օրեր՝ նաեւ Թբիլիսիում: Միջոցառումներ են նախատեսված նաեւ հեռավոր Օրենբուրգում, որտեղ մահացել է բանաստեղծը. «Օրենբուրգի քաղաքապետարանի եւ համապատասխան մարմինների հետ համատեղ, հունիսին այնտեղ տերյանական օրեր կանցկացվեն: Օրենբուրգում կա տերյանական մշակութային կազմակերպություն, միություն, դպրոց, որը երկար տարիներ Տերյանի անունն էր կրում, միայն վերջերս է վերանվանվել Մ. Գորկու անունով»: Միջոցառումներից անմասն չի մնա նաեւ Երեւանը, մասնավորապես հանդիսություններ կկայանան ԵՊՀ-ում, իսկ գրողի փաստաթղթային արխիվի ցուցադրությունը կկազմակերպվի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Միջոցառումների կազմակերպիչները ծրագրել են նաեւ «Տերյան-125» կոնֆերանս անցկացնել, դպրոցներում կլինեն շարադրությունների մրցույթներ՝ համապատասխան մրցանակներով, լեզվաբանական եւ բանասիրական ֆակուլտետներ ունեցող բոլոր բուհերում կնշանակվեն Տերյանական անվանական կրթաթոշակներ: Պարոն Հակոբյանն առանձնահատուկ ընդգծեց, որ այս անգամ մարզերը չեն անտեսվելու, իսկ միջոցառումների շարքը կեզրափակվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Առուշան Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ Տերյանին առնչվող շատ նյութեր չեն պահպանվել, միայն որոշ նմուշներ կան Տերյանի անվան դպրոցում եւ Գանձայում գտնվող թանգարանում. «Ինձ մոտ կա Տերյանի թաշկինակը՝ մակագրությամբ, որի համար նա մի քանի օր կալանավորվել է, եւ կա բանաստեղծի ձեռագրի բնօրինակը: Վարչապետի որոշմամբ, առաջիկայում Երեւանում կստեղծվի Տերյանի տուն-թանգարան, ինչը կնպաստի հավաքագրել Տերյանին առնչվող մասունքները՝ աշխարհի բոլոր ծայրերից: Ի դեպ, Մոսկվայում Տերյանի մտերիմ ընկերներից մեկի՝ Մակինցյանի բնակարանում պահվում է բանաստեղծի հետ կապված բավականին մեծ արխիվ, որը Մակինցյանի դուստրը միայն մի դեպքում է համաձայնում հանձնել Երեւան՝ եթե գործի բանաստեղծի թանգարանը»:
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ Վ. Տերյանը, բացի այն, որ իր սիրելի բանաստեղծն է, նաեւ ազգականն է: Նրա խոսքով՝ իրենց միությունը վերջերս նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան, որ Տերյանի հուշարձանի վայրը՝ պուրակը, անվանվի Ջավախքի պուրակ, թույլտվություն են խնդրել այդ պուրակում տեղադրել եւս մեկ մեծ ջավախեցու՝ աշուղ Ջիվանու հուշարձանը: Շ. Թորոսյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանների հնարավոր բացմանը, ասաց, որ Վրաստանն ակնհայտորեն շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորմամբ. «Որովհետեւ հայ-թուրքական սահմանի բացումը կնշանակի, որ Վրաստանը մեր երկրի համար այլեւս դադարում է լինել մենաշնորհային դիրք ունեցող երկիր՝ բեռնափոխադրումների առումով, սահմանների բացման դեպքում այլընտրանքային ճանապարհ կունենանք, ինչի դեպքում բեռնափոխադրումների սակագների վերանայման անհրաժեշտություն կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել