Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ Է ՇԱՐԺՎԵ՞Լ

Փետրվար 04,2010 00:00

\"\"ԿԳՆ-ն փորձում է լուծել ուսումնարաններին ու քոլեջներին վերաբերող որոշ հիմնախնդիրներ

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության համակարգերում գոյություն ունեցող հիմնախնդիրներին: «Առավոտի» այս տարվա հունվարի 15-ի համարի «Ուսումնարանները երկրորդ-երրորդ պլանում են» հոդվածում եւս անդրադարձել էինք այս խնդրին, մասնավորապես ոլորտում գոյություն ունեցող օրենսդրական բացերին, նոր օրենքներից բխող որոշ ենթաօրենսդրական ակտերի, կարգերի բացակայությանը, այն խնդրին, որ այս ուսումնական հաստատությունները  չունեն անգամ միասնական գնահատման, պետական ավարտական քննությունների համակարգ, տիպային շենքեր:
Ուստի «Առավոտը» զրուցեց ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժնի պետ Խաժակ Թոմոյանի հետ՝ պարզելու, թե ոլորտում գոյություն ունեցող թերությունները շտկելու համար այս տարի ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու: Զրուցակիցս նշեց. «Տեսչությունը 2007-ից սկսած իր գործունեության ընթացքում բացահայտել է բազում թերություններ, խախտումներ, օրենսդրական բացեր, իրավական ակտերի միջեւ անհամապատասխանություններ: Դրա մասին բոլոր նախարարների օրոք բարձրաձայնել ենք, եւ վերջապես անցած տարի մեր մտահոգություններին տրվեց համապատասխան ընթացք՝ ինչը, ըստ իս, պայմանավորված է նախարարի կողմից կրթության ոլորտների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքի դրսեւորմամբ: Այժմ աշխատանքները ընթացքի մեջ են, որոշ իրավական ակտեր արդեն մշակման փուլում են, արդարադատության նախարարությունում են գտնվում չափորոշիչները, որոնց՝ կառավարություն հասնելու եւ հաստատվելու մեկ փուլ է մնում»:
Քանի որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք վերականգնման, տեղափոխման, փոխադրման կարգերի բացակայությանը, հետաքրքրվեցինք՝ այս առումո՞վ իրավիճակն ինչպիսին է: Պարոն Թոմոյանը պատասխանեց. «Հիմա այդ կարգերը մշակման փուլում են, եւ, հավանաբար, կձեւավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոնկրետ այդ կարգերի իրավական մշակումներով, եւ կարգերը կներկայացվեն արդարադատության նախարարության դատին ու կառավարության հաստատմանը»: Խ. Թոմոյանի փոխանցմամբ՝ այժմ մշակման փուլում է գտնվում նաեւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների գնահատման մեթոդական ձեռնարկը. «Հուսով եմ, որ այս տարվա մեջ այն արդեն կմտնի գործնական փուլ: Բայց մինչ այդ արդեն արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրեններին տրված է ցուցում, որ աշխատեն 10 բալային գնահատման համակարգով՝ մինչեւ այդ կարգի ուժի մեջ մտնելը»:
Ավարտելով զրույցը՝ պարոն Թոմոյանը նկատեց. «Ողջունելի է, որ մեր վերհանած խնդիրների վերաբերյալ կա լուրջ եւ հետեւողական ուշադրություն: Եվ եթե լինեն համապատասխան իրավական փաստաթղթերը, մեզ համար ավելի հեշտ կլինի մեթոդական աջակցություն ցույց տալ ուսումնասիրությունների եւ դիտարկումների ընթացքում, ուղղորդել տնօրեններին՝ ճիշտ կողմնորոշվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել