Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Փետրվար 04,2010 00:00

Ըստ փորձագետների՝ պատերազմի մասին խոսակցությունների ակտիվացումը պայմանավորված է բանակցային գործընթացում սպասվող բեկումային փոփոխություններով:

\"\"

2008թ. վրաց-օսական պատերազմից հետո բոլոր քաղաքական կենտրոնները միաձայն հայտարարեցին, որ տարածաշրջանի հակամարտությունները ռազմական լուծում չունեն, եւ որ նման երկրորդ պատերազմ միջազգային հանրությունը թույլ չի տա: Դրա արդյունքում առժամանակ նվազեց նաեւ հարեւան Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, որը, սակայն, նոր թափով վերսկսվեց հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Եվ եթե մինչեւ հունվարի 25-ի Սոչիի հանդիպումը պատերազմի վերսկսման սպառնալիքները բացառապես ադրբեջանական ծագում ունեին, ապա անցած մի քանի օրերի ընթացքում պատերազմի վերսկսման հավանականությունը ամենաքննարկվող թեմաներից է նաեւ հայկական քաղաքական շրջանակների համար: Անցած օրերի ընթացքում այդ մասին հայտարարություններ հնչեցին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ճամբարներից: Որոշ փորձագետների կողմից հենց այս համատեքստում դիտարկվեց նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունն Իրան:
Նախօրեին հայ-ադրբեջանական պատերազմի մասին ԱՄՆ Սենատում խոսել է նաեւ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը՝ հայտարարելով, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ բռնկվել: Նկատենք, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի այս ակտիվ փուլում, երբ խոսվում է համաձայնեցված Մադրիդյան սկզբունքների պրեամբուլայի մասին, եւ ընդամենը 4 օրից լրանում է առաջարկությունների ներկայացման համար կողմերին տրված երկշաբաթյա ժամկետը, երբ խոսվում է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպման մասին, ահա այս ամենի ֆոնին պատերազմի վերսկսման շուրջ խոսակցությունները բավական տարօրինակ են հնչում: Եվ տեսակետը, թե այս ամենի նպատակն է նախապատրաստել հանրությանը Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրման նախօրեին ցուցադրական բնույթ կրող փոխհամաձայնեցված մինի պատերազմին, թերեւս զուրկ չէ որոշակի տրամաբանությունից:
Ենթադրենք՝ առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը գերտերությունների ճնշման ներքո ստիպված լինեն ստորագրել հաշտության այնպիսի փոխզիջումային համաձայնագիր, որն ընդունելի չի լինի ոչ հայ եւ ոչ էլ ադրբեջանցի ժողովուրդների համար: Ներքաղաքական ցնցումներից խուսափելու եւ համաձայնագիրը ընդունելի դարձնելու համար հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում կարճատեւ լոկալ պատերազմի վերսկսումը՝ կանխապես որոշված ելքով:

Ռուբեն Հակոբյան-
քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն

Լոկալ բնույթի մինի պատերազմներն ընդհանրապես նման դեպքերում ընդունված են, երբ հասունանում են այնպիսի իրավիճակներ, որ կարիք կա լոկալ պատերազմով ինչ-որ տեղ էմոցիան, դժգոհությունը դուրս հանելու եւ հաղթահարելու այն, ինչին մինչ պատերազմը հակադրվում էին:
Ուստի, ես դա շատ հնարավոր եմ դիտում: Բայց՝ չեմ համարում, որ դա կլինի երկուստեք համաձայնեցված: Ես լուսապսակ չեմ ուզում դնել մեր իշխանությունների գլխին, բայց չեմ կարծում, որ նրանք կարող են այնքան անբարո լինել, որպեսզի պայմանավորվեն պատերազմի միջոցով հարցի լուծմանը:
Մանավանդ, որ այսօր Ադրբեջանը միջազգային ասպարեզում շատ ավելի ամուր է կանգնած, շատ ավելի համախոհներ ունի եւ շատ ավելի պատրաստ է պատերազմելու, քան Հայաստանը: Այսինքն՝ Ադրբեջանը սպասում է ստատուս քվոյի՝ հօգուտ իրեն փոփոխության, եւ չի բացառվում, որ եթե նաեւ միջազգային այնպիսի իրավիճակ ձեւավորվի, որ կողմերը միասնական համաձայնության չգան, Ադրբեջանը հենց ինքը օգտվի այդ հնարավորությունից եւ լոկալ պատերազմ սկսի:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման մասին հատկապես վերջերս ակտիվացած խոսակցություններին, ապա դա նրանից է, որ իրավիճակը փակուղային է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը էապես խոչընդոտեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս գործընթացը: Ամեն դեպքում, ղարաբաղյան պատերազմի ուրվականը շատ ռեալ զգացվում է: Ես չեմ ասում, որ դա 100 տոկոսով կարող է լինել, բայց ստեղծված փակուղային իրավիճակի հնարավոր ելքերից մեկը հենց Ձեր նշած մինի պատերազմն է: Եվ ես չեմ կարծում, որ այդ պատերազմը նախապես երկուստեք համաձայնեցված լինի: Պարզապես երկու կողմն էլ գիտեն, որ այլ ելք չկա:

Ստեփան Գրիգորյան-Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար
Ես չեմ բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, բայց միանշանակ բացառում եմ փոխհամաձայնեցված պատերազմի սանձազերծումը: Ես չեմ հավատում, որ այսօր Հայաստանի իշխանությունները կարող են գնալ հարցի նման ձեւով լուծման: Ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները՝ նույնպես: Դա ինքնասպանության պես մի բան կլինի: Ամեն դեպքում, եթե կա չլուծված հակամարտություն, կա նաեւ այն ռազմական ճանապարհով լուծելու հավանականություն: Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական տարբերակի հավանականությունը ցածր է, քանի որ առկա է գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ կոնսենսուս, եւ ամենակարեւորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են գնում:
Իսկ վերջին օրերի ակտիվացումն ու պատերազմական թեմատիկան կապված է հայ-թուրքական գործընթացների հետ: Այստեղ բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը եւ շահագրգիռ են հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ հաստատման մեջ: Բայց քանի որ արձանագրությունների վավերացումը ձգձգվում է, փորձ է արվում պատերազմի մասին խոսակցություններով ճնշում գործադրել կողմերի վրա: Թուրքիայի վրա այլ ճնշումներ են կիրառվում՝ քրդական գործոնի ակտիվացումը, Հյուսիսային Կիպրոսի հարցում ԵՄ ճնշումները, մարդու իրավունքների ոլորտի հետ կապված եւ այլն: Իսկ Հայաստանի վրա էլ ճնշումները Ղարաբաղի հարցում պատերազմական գործողությունների վերսկսման համատեքստով են: Ընդ որում, այդ ճնշումները մոտ ժամանակներս ավելի ուժեղանալու են, եւ քանի դեռ արձանագրությունները չեն ստորագրվել, դրանք շարունակվելու են:

Սուրեն Սուրենյանց-«Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ

Ես բացառում եմ ինչպես պատերազմի վերսկսման հնարավորությունն առհասարակ, այնպես էլ վերը նշված համաձայնեցված լոկալ պատերազմի սցենարը: Քանի որ որեւէ պատերազմի սկսում կատաստրոֆիկ հետեւանքներ է ունենալու թե Հայաստանի, թե Ադրբեջանի եւ թե Ղարաբաղի համար: Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում առկա տարաձայնությունները պատճառ են դարձել, որպեսզի երկու երկրներում քաղաքական-պետական գործիչների մակարդակով խոսեն պատերազմի վերսկսման մասին՝ դրանով իսկ ճնշում գործադրելով միմյանց վրա: Ես, որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականության մասին ի պաշտոնե իրավունք ունի խոսել միայն տվյալ երկրի պաշտպանության նախարարը, իսկ մնացած բոլոր պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է հրապարակավ խոսեն եւ գործնականում նպաստեն խաղաղության կայացման այնպիսի համաձայնագրի ստորագրմանը, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության միասնական համակարգի կայացմանը: Ցանկացած լուրջ հանգրվանից առաջ, երբ սպասվում է որոշակի փաստաթղթի ստորագրում կամ լուրջ պայմանավորվածության ձեռք բերում, դրան նախորդում են, այսպես կոչված, փոքրիկ «դիվանագիտական պատերազմները»՝ նպատակ ունենալով վերջնական պայմանավորվածությունից առաջ ստանալ առավելագույնը: Սակայն ես գրեթե համոզված եմ, որ այս դեպքում դիվանագիտական պատերազմը իրական պատերազմի չի վերաճի:
Կիրո Մանոյան-ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու
Չեմ կարծում, որ այս դեպքում կարելի է լոկալ պատերազմ ունենալ՝ կանխավ որոշված ելքով: Ընդհակառակը, որեւէ պատերազմ, այն էլ մեր տարածաշրջանում, կարող է անվերահսկելի լինել եւ ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Ուստի, նման հավանականությունը քիչ է: Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, եթե ունենա այն հաղթելու հիսուն եւ մեկ տոկոս հավանականություն կամ էլ, եթե համոզվի, որ Թուրքիան լքել է իրեն: Թե առաջինը, թե երկրորդը, այս պահի դրությամբ, իրականություն չէ: Երկու կողմերին պարտադրել այնպիսի պայմանագիր, որոնցից նրանք ծայրահեղ դժգոհ կլինեն, նույնպես հնարավոր չէ: Այն, որ Հայաստանի վրա Թուրքիայի կողմից փորձ է արվում ճնշում բանեցնել, դա էլ իր սահմանափակումն ունի, քանի որ ԵԱՀԿ խմբի անդամները հասկանում են, որ Թուրքիայի պատկերացրած լուծումը չի կարելի պարտադրել Հայաստանին:
Առհասարակ, պատերազմի միջոցով չի կարելի որեւէ բան վերջնականապես ընդունելի դարձնել: Մենք արդեն տասնհինգ տարի է՝ հաղթել ենք պատերազմը, բայց տակավին չենք կարողացել ընդունելի դարձնել արդյունքը:

Երջանիկ Աբգարյան-
ՀՀՇ վարչության անդամ

Երկուստեք համաձայնեցված պատերազմների նախադեպեր աշխարհում կան, օրինակ՝ 1971 թ. հոկտեմբերի Եգիպտոսի պատերազմը: Ինչ վերաբերում է մեր դեպքում երկուստեք համաձայնեցված պատերազմի գնալուն, ապա Սերժ Սարգսյանն այսօր այնպիսի վիճակում է, որ ես ոչինչ չեմ բացառում:
Ակնհայտ է, որ Սոչիի բանակցությունների արդյունքում, ինչքան էլ ձեւեր թափվեն, որեւէ առաջընթաց չի գրանցվել եւ չի էլ սպասվում: Եվ առնվազն զարմանալի է առաջարկությունների համար երկշաբաթյա ժամկետի սահմանումը: Ի՞նչ է, այսքան ժամանակ նրանք չգիտեի՞ն, թե ինչպիսին են կողմերի դիրքորոշումները: Այսինքն՝ դա ուղղակի ժամանակ շահելու նպատակ է հետապնդում: Այսօր կարող եմ ասել, որ բանակցություններ, իբրեւ այդպիսիք, գոյություն չունեն: Դրանք ուղղակի հանդիպումներ են, որոնց ժամանակ խոսվում են սկզբունքների մասին՝ առանց որեւէ առաջընթացի: Եվ ակնհայտ է, որ հարցի ձգձգումը անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի: Այն, որ այսօր արդեն պատերազմի մասին խոսում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում ու Ղարաբաղում, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կանգնել է կատարված փաստի առջեւ: Ինքը ռիսկ չի անում ստորագրել այդ դավաճանական փաստաթուղթը, ուստի հարցը թողնում է ինքնահոսի: Իսկ ինքնահոսն էլ տանում է պատերազմի: Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն այնպիսի իրադրություն ստեղծեցին, որ հայերը այսօր կանգնած են դիլեմայի առջեւ՝ կամ պատերազմ, կամ հանձնում: Դա նրանց ամենամեծ հանցագործությունն էր: Ուստի այսօր միակ տարբերակը Ս. Սարգսյանի հրաժարականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել