Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համայնքապետերը խաբել են մարզպետին

Փետրվար 04,2010 00:00

Երեկ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Օրակարգի հիմնական հարցը 2009 թվականին կատարած աշխատանքների մասին՝ մարզպետի հաշվետվությունն էր:
Թեեւ մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր ցուցանիշները ներկայացրեց վառ գույներով, սակայն հարց ու պատասխանից պարզվեց, որ դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, ասվում էր, որ նախորդ տարիներին համայնքապետարանները կուտակել են 117 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, սակայն այդ թիվը հարյուր միլիոնով ավելի է: Պարտքեր կուտակած համայնքները մարզում 20-ն են (մարզում կա 114 համայնք), սակայն մարզպետը չցանկացավ թվարկել դրանք: Իսկ Արմեն Գեւորգյանի հարցին, թե ինչո՞ւ նախապես մարզպետը տեղյակ չէ այդ մասին, Սարգիս Սահակյանն ասաց, որ գյուղապետերը կեղծ թվեր են ներկայացրել: Փոխվարչապետը սա խիստ թերացում համարեց: Նաեւ պարզվեց, որ մարզում կան մի քանի վթարային դպրոցական շենքեր, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել կառավարություն եւ 2010 թվականի բյուջեով դրանք ներգրավված չեն վերանորոգման ծրագրում:
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ շեշտակի վերելք է տեսնում բոլոր բնագավառներում: Իսկ թե այդ վերելքից հետո քանի աշխատատեղ է բացվել մարզում՝ հաշվետվության մեջ ոչ մի հիշատակում չկար:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող մի համայնքապետ «Առավոտին» ասաց, որ պատգամավորի լավատեսությունը պայմանավորված է առաջիկա ԱԺ ընտրություններով՝ Լյովա Խաչատրյանի հույսը մարզպետն է: Ապարանի տարածաշրջանի մի քանի վթարային դպրոցների ու այլ խնդիրներով՝ համայնքապետերը դիմել են պատգամավորին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել