Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԸ»

Փետրվար 04,2010 00:00

Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, մանկավարժ Զավեն Պետրոսյանը

\"\"«Ո՞վ է Զավեն Պետրոսյանը, որ վերջերս մարզային թերթում այդքան խորիմաստ հոդված էր գրել»,- հարցրեց Տավուշի մարզի անտառտնտեսություններից մեկի տնօրենը, ով ընթերցասեր է, սեղանին մշտապես թերթեր կան: Ներկայացրի, որ Զավեն Պետրոսյանը նկարիչ է, բանաստեղծ, մանկավարժ, լրագրող եւ… պարզապես բարի մարդ: Զավենն ու չարությունն անհամատեղելի են: Նրա կյանքն արվեստին է նվիրված, միշտ առօրյայից վեր, ավելի լուսավոր միջավայրի մեջ է, ուր բացակայում են գորշն ու ճղճիմը:
1990-ական թվականների առաջին կեսին միասին շրջանային թերթում էինք աշխատում: Ձմռան առավոտները մրսած մտնում էինք խմբագրություն: Դեռ վառարանը չվառած՝ Զավենը ձեռքն էր առնում մատիտը եւ սառած մատներով մի ձմեռային բնանկար արարում: Այժմ նրա \"\"տանը՝ Ջուջեւանում հարյուրավոր նկարներ կան, որ դեռ չեն ցուցադրվել: Իսկ նրա նկարների ցուցահանդեսներ եղել են հայրենի Ջուջեւան գյուղում, Նոյեմբերյանում, Իջեւանում, Երեւանում: Նկարազարդել է երկու տասնյակից ավելի գրքեր՝ Աբիգ Ավագյանի, Անահիտ Սահինյանի, Բոգդան Ջանյանի, Գեւորգ Արշակյանի, Լիպարիտ Սարգսյանի, Սամվել Բեգլարյանի, Նազարեթ Կիրակոսյանի, Տիգրան Նիկողոսյանի եւ այլոց ստեղծագործությունների ժողովածուները: Զավեն Պետրոսյանի գեղանկարները հաջողված են, սակայն գծանկարի մեջ ավելի մեծ վարպետության է հասել: Հազվադեպ է նկարներ վաճառում: Մի անգամ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարուստներից մեկը իր դիմանկարն է պատվիրել եւ կամեցել նկարվել Փափազյանի կեցվածքով: Սակայն Զավենը չէր կարող մեծածախ ապրանք վաճառողին նման վսեմաշուք կեցվածք տալ՝ կեղծ կստացվեր: Ստացվել էր ռեալիստական դիմանկար: Ու մի անգամ Զավենը ինձ հարցրեց. «Ո՞ւմ դիմանկարն է, ճանաչո՞ւմ ես այս մարդուն»: Ճանաչեցի այդ գործարարին: «Իսկ ինքն ասաց, թե իրեն նման չէ, հրաժարվեց վճարել ու վերցնել իր դիմանկարը»,- հանգիստ, առանց վրդովմունքի հայտնեց Զավենը:
Երկու մուսաների ծառա: Հաճախ Զավենին այդպես են կոչում: Որովհետեւ բանաստեղծական խոսքի հանգույն պատկերներ են ծնվում կտավին, ծավալվում են գույները: «Նկարչությունն ինձ լավ տրամադրություն է տալիս, այն գեղեցկություն է, իսկ գեղեցկությունը մարդուն բարձրացնում է, վեհացնում»,- ասում է Զավենը:
Ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: Ուղիղ 30 տարի, սկսած 1980 թվականից, դասավանդում է: Ժամանակին հայոց լեզու եւ գրականություն է ուսուցանել, հիմա կերպարվեստ, գծագրություն, հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում Ջուջեւան եւ Բաղանիս գյուղերի դպրոցներում: Դպրոցի տնօրինությունը գոհ է նրա աշխատանքից, որովհետեւ դասի 45 րոպեով չի սահմանափակվում ու իր պարտականությունը կատարած համարում, նաեւ պլակատներ է ձեւավորում, պատի գրական թերթեր պատրաստում, ուղի հարթում, խրախուսում պատանի ստեղծագործողներին:
Ջուջեւան իմ այցի ժամանակ Զավենին՝ իր աշակերտների հետ, հանդիպեցի գյուղի հնամենի եկեղեցում, ուր նա, հայոց եկեղեցու պատմության դասաժամին, աշակերտների հետ մոմ էր վառում, երեխաներին սովորեցնում մոմավառության հոգեւոր խորհուրդը: Զավենը բնության սիրահարն ու նվիրյալն է, այն հարուստ բնության, այն զմրուխտ անտառների, որ գոտեւորում են Ջուջեւանը: Աստծո ամեն օր նա արարում է: Հեղինակել է բանաստեղծությունների 4 ժողովածու՝ «Երկնալույս» (1999թ.), «Խռովք եւ հրճվանք» (1999թ.), «Դրախտավայր» (2001թ.) եւ «Անհանգիստ անդորրություն» (2008թ.): Մեծ թվով ստեղծագործություններ դեռ սպասում են տպագրության:
Վերջին գրքի առաջաբանում բանասիրական գիտությունների թեկնածու Ներսես Աթաբեկյանը գրել է. «Ռոդենը, ասում են, չէր կարողանում քանդակել առանց բնորդին մատնաչափ առ մատնաչափ շոյել-շոշափելու, առանց այդկերպ հարազատանալու նրա մարմնին եւ էությանը: Զավեն Պետրոսյանը, որ բնության նկարիչ է (նաեւ՝ ուղիղ իմաստով նկարիչ), ահա այդպես շոյում-շոշափում է իր բնություն-տունը. ծիլը մի մատ էլ բարձրացավ, արեւի շողը այս անգամ այս անկյան տակ խրվեց հողում, կլորացավ ժայռի մամռե կուզը… Նկարիչ-բանաստեղծի մատները գուրգուրանքով շոշափում ու հոտոտում են ամեն ինչ, ու նրա տեսողությունից ոչինչ չի վրիպում: Եվ ճանաչումի այս ընթացքը երկուստեք է, բնությունն ինքն էլ տնտղելով ճանաչում է բանաստեղծին, արձանագրում նրա աճումի ու նահանջի բոլոր թրթիռները. քամին՝ շրջիկ նկարիչ, վրձինն է շարժում…»:
«Անհանգիստ անդորրություն» ժողովածուն Հայաստանի գրողների միության կողմից ճանաչվեց 2008-2009 թվականների լավագույն գեղարվեստական գիրք, եւ Զավեն Պետրոսյանն արժանացավ Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի: Մարդը համեստորեն իր հողուջրին, իր արվեստին, Երեւանից 200 կմ հեռու իր գյուղում երկնում է, եւ մի օր նրա բանաստեղծական արվեստը գնահատվեց: Զավենը ոչ միայն հայրենի եզերքի նվիրյալ երգիչն է, նա իր ստեղծագործություններում որոնում է գոյության, տիեզերքում մարդ արարածի տեղն ու դերը.
Զոհ է գնում լույսն ստվերին
(Լույսը ինքն է ծնում ստվեր),
Կուլ է տալիս մութն աստղերին
(Մութը ինքն է ծնում աստղեր),
Արդեն այնքան զոհ է տարել
(Կյանքն այս չքնաղ զոհ է ինքնին)՝
Դամբարան է կյանքը դառել
(Հող է պետք, որ սերմերն ընկնեն):
52-ամյա Զավեն Պետրոսյանն իր պոեզիայով, լուսեղեն նկարներով, լրագրային հոդվածներով, ամեն օր աշակերտներին տված դասերով ավելացնում է լույսի եւ բարության քանակը այս մեղավոր աշխարհում: Մեր խառը ժամանակներում դա շատ է հարկավոր: Եվ ամենակարեւորը՝ իր հանապազօրյա վարքով, ստեղծագործություններով նա փաստում է, որ արարելու, մշակութային լիարժեք կյանքով ապրելու, արվեստի մեջ հաջողության հասնելու համար ծննդավայրը թողնելու, մեծ քաղաքներ հասնելու հարկ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել