ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմեկնի Ստամբուլ` Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերում (ISAF) ներկայացված երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ստամբուլում փետրվարի 4-5-ը կայանալիք ֆորումի ընթացքում Սեյրան Օհանյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:
Հայ խաղաղապահների 40 հոգանոց զորակազմը ներկայումս վերապատրաստվում է Գերմանիայում, որից հետո պետք է մեկնի Աֆղանստան: Հայկական զորախումբը ծառայությունն անցնելու է Կունդուզ նահանգում, գերմանական հրամանատարության ներքո` Հյուսիս տարածաշրջանային հրամանատարության կազմում: Հայ զինծառայողների հիմնական խնդիրը լինելու է Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: