Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը

Փետրվար 04,2010 00:00

Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործերն են (ԻԱԿ-ն՝ ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի), որոնց դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կանգնել է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու անհնարինության առաջ:
Այսպես, ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժել: Նախ՝ ԻԱԿ-ը բողոքարկեց վերադասության կարգով՝ վարչական դատարանի նախագահին, սակայն բողոքը մերժվեց: Ապա ԻԱԿ-ը բողոքարկեց վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանին նաեւ միջնորդություն ներկայացվեց դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի սահմանադրականության, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին համապատասխանության հարցով: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց մերժել ինչպես վճռաբեկ բողոքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը:
ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի դատական գործի դեպքում էլ ՀՀ վարչական դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի՝ Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով, իսկ Նոր Նորքի թաղապետարանին՝ հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ համայնքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով մերժել: Այս վճռի՝ հայցը մերժելու մասի դեմ ԻԱԿ-ը ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության 151-153 հոդվածների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ:
Այսպիսով, սպառելով դատական պաշտպանության բոլոր ատյաններ դիմելու հնարավորությունը, ԻԱԿ-ը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, քանի որ վերոնշյալ երկու դեպքերում բողոքարկվել է ոչ թե դատարանի ապօրինի վճիռը կամ որոշումը, այլ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտող իրավական նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների սահմանադրականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել