Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՅԱՆՍ ՓՈՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ»

Փետրվար 04,2010 00:00

\"\"Ասում է փողոցում հայտնված դոնոր Անտոնյանը

Ժաննա Անտոնյանին կարող ենք տեսնել ամեն օր՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց կիտրոն վաճառելիս:
Նա 2002-ից մինչ օրս համարվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի դոնորը: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանի փետրվարի 2-ին տված պաշտոնական տեղեկանքի՝ շարքային այս հայուհին վերջին անգամ արյուն է հանձնել այս տարվա հունվարի 19-ին:
Սակայն Ժ. Անտոնյանին հիշելն ամենեւին կապ չունի նրա դոնորական-մարդասիրական գործունեության հետ: Խնդիրն առնչվում է պետության մեկ այլ «դոնորական» կազմակերպության՝ իրավապահ մարմինների անգործունեության հետ:
Ժ. Անտոնյանը 2008թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2009թ. հոկտեմբերը վարձակալության հիմունքներով, ամսական 25 000 դրամ վարձավճարով բնակվել է Շենգավիթ համայնքի 2-րդ փողոցի 31 տանը: «Հոկտեմբերի 1-ին դոնորական արյուն եմ հանձնել: 12 000 դրամ արյան փողը թողել եմ տանը, դուրս եմ եկել: Երեկոյան վերադարձել եմ տուն: Տեսել եմ տան տերը կողպեքը ջարդել է, իրերս շպրտել է դուրս: Հաջորդ օրը դիմել եմ ոստիկանության Շենգավիթի բաժին: Գրավոր հայտարարություն եմ տվել կատարվածի մասին»,- պատմում է Ժ. Անտոնյանը: Ոստիկանության նշված բաժինը որեւէ պատասխան չի տալիս կողոպտված կնոջը: Վերջինս ճարահատյալ դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին, երեք անգամ էլ՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին: Վերջինից քաղաքացին խնդրել էր նաեւ իրեն ժամանակավոր կացարան հատկացնել:
2009թ. դեկտեմբերի 12-ին Ժ. Անտոնյանը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը՝ բողոքի քննարկման ընթացքը դադարեցնելու մասին, ապա դեկտեմբերի 29-ին ոստիկանների՝ քննությունը դադարեցնելու մասին որոշումները: Ի դեպ, օմբուդսմենի գրասենյակը տեղեկացրել է դիմումատուին, որ պաշտպանի դիմումին ի պատասխան, ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի պետը հայտնել է, թե «Մշտական բնակության վայր չունեցող Ժ. Անտոնյանը երկու ամիս վարձը չի վճարել, որի պատճառով սեփականատեր Ռ. Շիրինյանը նրան տնից դուրս է հանել գույքի հետ միասին»:
Ի դեպ, հարեւանները բացատրություն էին տվել, որ կատարվել է գույքագրում, եւ գույքը տեղադրվել է բակում: Այդ մասին, ըստ օմբուդսմենի գրասենյակ ուղարկած գրության՝ տեղեկացվել է Ժ. Անտոնյանը, սակայն նա չի ներկայացել գույքագրման եւ գույքը տնից դուրս հանելու ժամանակ:
«Մինչ օգոստոս՝ կանոնավոր մուծել եմ վարձակալածս բնակարանի վարձը: Վճարել եմ իմ օգտագործած հոսանքի կրկնապատիկը, միայն թե կոնֆլիկտի մեջ չմտնեմ տանտիրոջ հետ: Սեպտեմբերին նա անջատել է հոսանքը՝ չպահպանելով անգամ երեւութական հարգանք: Այս ամենի մասին թաղային տեսուչին տեղեկացնելուց հետո, արյուն հանձնած վիճակով տուն եմ եկել եւ տեսել եմ իրերս մի կողմ շպրտված. հագուստից սկսած մինչեւ 37 000 դրամ գումարը չկա: Ինչ ունեի տանը՝ մեկ ակնթարթում կորցրել եմ»,- հավելում է Ժ. Անտոնյանը, որը նաեւ ասում է, որ միամտություն է ունեցել հավատալ ոստիկաններին, թե նրանք ընթացք կտան իր գործին: Այնինչ, նրանք մատը մատին չեն խփել:
Ժ. Անտոնյանը գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, որ ինքը հայտնվել է «հարկադրական վնասների» դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել