Հանրակրթական դպրոցների նման հարկադիր պարապուրդ-հանգստի գնացած երաժշտական ու արվեստի դպրոցներում կյանքը նորից բնականոն ընթացք է ստացել: Արմավիր քաղաքի մեկ երաժշտական ու մեկ արվեստի, Էջմիածնի երկու երաժշտական դպրոցները հունվարի 11-ից վերսկսել են ընդհատված պարապմունքները:
Մեկամսյա պարապուրդի ժամանակ երեխաները լավ հանգստացել էին: Ծնողներն էլ հույս փայփայել. երեխայի ուսման մեկ ամսվա վարձավճարը տնտեսելը էլի բան է: Սակայն ծնողներին հիասթափություն էր սպասում:
Դպրոց գնալուն եւ հազիվ մեկ-երկու դաս անելուն պես Էջմիածնի երաժշտական դպրոցների ուսուցիչները ուսման վարձն են պահանջել: Իսկ ծնողների հարցին, թե՝ հանգստի շրջանում, երբ պարապմունքներ չեն եղել, ինչո՞ւ պետք է ուսման վարձ վճարեն, դասատուները փոխանցել են երաժշտանոցի ղեկավարության պատասխանը՝ վարձավճարը գանձվում է հունիս ամսվա հավելյալ պարապմունքների համար: «Իսկ եթե մինչեւ հունիս ընտանիքս մշտական բնակության տեղափոխվի այլ երկիր կամ, ասենք՝ երեխան հրաժարվի սովորել ու կիսատ թողնի երաժշտական կրթությունը, փողս ումի՞ց եմ ուզելու: Կամ որ ուզեցի՝ տալո՞ւ են»,- ասաց «Առավոտին» դիմած թիվ 2 երաժշտական դպրոցի մի ծնող, որի երեխան սովորում է դաշնամուրի դասարանում՝ ամսական վճարելով 5000 դրամ:
Պատկերը փոքր-ինչ այլ է Արմավիր քաղաքում, որտեղ նախ երաժշտական կրթություն ստանալն է ավելի մատչելի (եթե Էջմիածնի երաժշտականի գները տատանվում են 3500-5000 դրամի սահմաններում, ապա Արմավիրում՝ 2500-ից 3000-ի), եւ հետո՝ Արմավիրում վարձավճարները գանձում են ոչ թե չպարապած ամսվա, այլ՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը պարապած մի քանի օրերի դիմաց:
Արմավիրի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Արաքս Դոլինյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե կիսատ պարապած ամսվա համար որքա՞ն են վճարում ծնողները. քաղաքապետարանի ֆինանսիստի հետ հարցը ճշտելու ժամանակ չէր ունեցել: