Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների եւ գյուղապետի «հակամարտությունը կկարգավորեն» մարզպետարանն ու դատախազությունը:
ՀՀ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ գյուղի բնակիչների համբերության բաժակը լցվել էր. նրանք, թողնելով բանուգործ, հասել էին մարզկենտրոն Վանաձոր՝ Լոռու մարզպետարան, քանի որ 2 շաբաթ առաջ մարզպետին ուղղված բողոք-դիմումին դեռ պատասխան չի ստացվել: Ու եկել էին խնդրի մասին անձամբ տեղյակ պահելու:
Լեռնապատցիները արդեն 10 տարի բողոքում են գյուղապետ, հանրապետական Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով, անօրինական, անբարո գոծողություններից: Լեռնապատցիներից ոմանք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում սովորող երեխաներ ունեն, իսկ գյուղապետը նաեւ ՎՊՄԻ-ի դասախոս է, «Լեռնապար» տարեցների համույթի գեղարվեստական ղեկավար: Բայց արդեն սա էլ չի կանգնեցնում բողոքավորներին, թեկուզ չեն բացառում, որ դասախոս-գյուղապետը կարող է «հաշվեհարդար» տեսնել իրենց երեխաների հետ: «Ավելի լավ է երեխիս մնացնի, կհանեմ-կտանեմ Երեւան կսովորի, էդ գումարն իրա վրա կծախսեմ, բայց Վանոյին փող չեմ տա»,- նկատեց բողոքավորներից մեկը:
ՎՊՄԻ-ի գրականության ամբոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր, 7 գրքերի հեղինակ Վանո Եղիազարյանը, համագյուղացիների խոսքերով, շատ վատ է վարվում իրենց հետ, որեւէ խնդրով գյուղապետարան մտնող մարդուն անպատվում ու դուրս է անում: Բողոքավորները պնդում են, թե գյուղում խնդիրներ կան, որ տարիներով սպասում են իրենց լուծմանը, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Լեռնապատցիներին անհանգստացնող ամենագլխավոր խնդիրը ճանապարհներն են, դրանք այնքան քանդված են, որ, բացի Վանաձոր-Լեռնապատ ավտոբուսից, ոչ մի մեքենա գյուղ չի մտնում: «Որ տաքսի ծառայության մեքենաները հրաժարվում են գյուղ քշել, էդ նորություն չէր, հիմա արդեն շտապօգնությունն էլ չի գալիս, ասում է՝ պետք է սպասել մինչեւ կամրջակով մեքենան ուրիշ գյուղից քաղաք հասնի»,- ասում է Սուսաննա Մաթեւոսյանը: Գյուղի բնակիչներից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի գյուղապետի հետ, սակայն կան նաեւ ընդհանուր խնդիրներ: Բոլորն անխտիր բողոքում են հողի հարկի բարձր չափից եւ նշում, որ գյուղապետն անջրդի հողերը ջրդի է գրել, որ ավելի շատ գումար վերցնի: «Մի ավտոբուս ժողովուրդ եկել-բողոքում է, հո սուտ չի ասի, մի բան էլ ասեմ՝ մեր գյուղի դպրոցահասակ երեխաների համար պատգամավոր Արկադի Համբարձումյանը արդեն քանի տարի է՝ ավտոբուս է տրամադրել, ու դա նպատակին չի ծառայում, ոչ մեկին չի ծառայում, իրա (գյուղապետի- Ն. Դ.) հարեւանի դռանը կանգնած է, ու սա այն դեպքում, երբ դպրոցը գյուղից 4-5 կմ հեռու է, սա խնդիր է հատկապես Քոսալար թաղամասի երեխաների համար»,- իրար հերթ չտալով ու մեկը մյուսին լրացնելով պատմում են լեռնապատցիները:
Ղարիբ Միտիչյանը «Առավոտին» ասաց. «Ես բազմազավակ հայր եմ, զինվորի հայր, իմ թասիբը չի տալիս, թե ինչ է կատարվում գյուղում. կաշառակերություն, վախի մթնոլորտ, ուղղակի ստալինյան ռեժիմում ենք ապրում: Հողի կարգեր են փոխվել, անօրինական գազի խողովակների գումարներ են հավաքվել: Գյուղը 50 միլիոնանոց բյուջե ունի, բայց գյուղում ոչ մի աշխատանք չի երեւում: Իմ հարսը շուտով երեխա կունենա, բայց ճանապարհ չկա, որ մի շտապօգնության մեքենա գա: Իսկ գյուղապետարանում այնպիսի շքեղություն է՝ բիլիարդով, թենիսով, որի համար իր տղան 1500 դրամ փող է հավաքել: Վանոն իշխան է էս գյուղում: 4-5 ամիս առաջ ուռենու մի ճյուղ էի կտրել, երբ իմացավ ես էլ եմ ստորագրահավաքի մասնակից, եկավ նկարահանեց, ոստիկանությունից մարդ բերեց, հարցաքննեցին, տուգանեցին: Այն դեպքում, երբ իր թույլտվությամբ ամբողջ ճանապարհի եզրերի ծառերը՝ բարդիները, կտրվել են: Փաստորեն, օրենքը ինձ համար գործում է, իր համար՝ ոչ»:
Երկրաշարժից հետո գյուղը բաժանվել է երկու մասի, հին եւ նոր գյուղերի: Դպրոցն ու գյուղապետարանը նոր գյուղում են, իսկ բողոքողների մեծ մասը հին գյուղի դեռեւս տնակներում ապրող բնակիչներն են: Գյուղապետի հասցեին գլխավոր մեղադրանքը դրամաշորթությունն է, որը ապացուցելու համար բողոքավորները փաստեր ու փաստաթղթեր են ներկայացնում գազիֆիկացման եւ պետական ծրագրով բնակարանաշինության ընթացքում համագյուղացիներից դրամ պահանջելու վերաբերյալ:
Այս բոլոր մեղադրանքներին ի պատասխան, գյուղապետ Վանո Եղիազարյանը ասաց, թե գազիֆիկացման աշխատանքները գյուղում ավարտվել են, իսկ մրցույթում հաղթած կազմակերպությունը՝ «Գժուկ» ՍՊԸ-ն, «հայավարի» է աշխատել՝ գազիֆիկացնելով ու ինքնակամ կառույցներ կառուցելով նրանց համար, ում տանը մնացել են աշխատելու ընթացքում: «Հիմա էլ գյուղացիների ականջն է մտել եւ շանտաժով ուզում է ինձ ստորագրել տա, թե իբր աշխատանքներն ավարտված են»,- նկատեց գյուղապետը:
Հողերի խնդրին անդրադառնալով՝ գյուղապետը նշեց, որ հողի հարկի չափը ինքը չի որոշում, եւ նման հայտարարությունը անիրազեկության արդյունք է: Այստեղ գյուղապետը իրեն մեղավոր համարում է, բայց նաեւ նշում, որ գյուղը մինչեւ այսօր համայնքային կենտրոն չի ունեցել, վերջերս է վերանորոգվել, հիմա էլ աթոռների խնդիր կա, որը շուտով կլուծվի սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դրանից հետո համագյուղացիները կմասնակցեն գյուղի ավագանու նիստերին, նաեւ տարեկան հաշվետվություններից տեղյակ կլինեն:
Գյուղապետը նշեց, որ գյուղում հողը ոռոգելու խնդիր չկա, որովհետեւ ցանող չկա, այնտեղ անասնապահությունն է զարգացած, եւ հողերն օգտագործվում են որպես արոտավայր եւ խոտհնձի համար: Իսկ ֆերմերները չեն ուզում այդքան հարկ վճարել: «Արդեն կայացած ֆերմերը մտածում է՝ ով է գյուղապետը, որ իրեն օրինական դաշտ բերի, ամենաթողությունը նույնիսկ գյուղի գործատուներին է հասել»,- ասում է Վանո Եղիազարյանը:
Երեխաներին տրամադրված ավտոբուսի մասին գյուղապետն ասաց, որ իրենց գյուղում այդ ավտոբուսը վարելու համապատասխան վարորդական կարգ ունեցող վարորդ դեռ չկա, մի մարդու էին միայն առաջարկել, որին գյուղապետը մերժել է՝ առողջական խնդրի պատճառով. «Սրտամկանի ինֆարկտ է տարել, ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը այդ հիվանդությունը գլուխ չի բարձրացնի, ես դեմ եմ, որ այդքան երեխայի ճակատագիրը վստահվի նրան»:
Լեռնապատի գյուղապետը կնոջը նշանակել է իրեն օգնական: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վանո Եղիազարյանը այս առթիվ ասել է. «Այո, իմ կինը իմ օգնականն է, ես շատ լավ եմ զգում ինձ, որ իմ օգնականն է եւ բոլոր տեղեկանքները, հատկապես՝ նպաստների հետ կապված, ես վստահում եմ միայն իմ կնոջը»:
Լեռնապատցիներին տարօրինակ է թվում, որ գյուղապետարանի շենքի կառուցման վրա ծախսվել է 300 հազար դոլար: Շենքն ունի ջեռուցման համակարգ, հանգստի սենյակ, վերահսկվում է տեսախցիկներով: Սա այն պարագայում, երբ գյուղն ունի բազում չլուծված խնդիրներ, քարուքանդ ճանապարհներ: Գյուղապետ Եղիազարյանը, սակայն, ասել է. «Ես էլ պակաս շքեղ չեմ եւ արժանի եմ այդ շենքին»: Իսկ տեսախցիկներով գյուղապետարանի տարածքը վերահսկելը պայմանավորել է գյուղում անասնագողության դեպքերով, որի համար էլ, իբր, տարածքը վերահսկվում է: Տպավորություն է ստեղծվում, թե անասունները պահվում են գյուղապետարանի շենքում:
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը մեկշաբաթյա ժամկետում պետք է պարզի, թե ինչ է կատարվում Լեռնապատում: Լոռու մարզպետն առայժմ գնահատականներ չի ուզում տալ, բայց նկատում է. «Լեռնապատում մինչ այս որեւէ սրացումներ չեն եղել, մասնավոր դեպքեր եղել են, ի վերջո՝ համայնքի ղեկավարը չի կարող բոլորի բարեկամը լինել»:
Փետրվարի 2-ին մարզպետարանից հանձնաժողով էր գնացել Լեռնապատ, որի առիթով բողոքավոր Ղարիբ Միտիչյանն ասաց. «Փոխանակ մեր բողոքների պատճառները գտնեն, հավաքեցին ավագանու անդամներին, բողոքավորներիս, եւ ես հասկացա, որ դրանք իր մարդիկ էին, կանչեցին ստորագրահավաքի մասնակիցներին, «մշակեցին», որ ասեն, թե իբր մարդիկ ստորագրել են վախի ազդեցության տակ, կամ չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում: Մարզպետարանի առջեւ օրերս գյուղից այդքան մարդ էր եկել- հավաքվել ու բողոքում էր գյուղապետի դեմ, նրա՞նց էլ էինք զոռով տարել կամ խաբել: Ժողովուրդն ինքն էր եկել: Բայց այսօր մեր իրավունքները ոտնահարելով եկան, իրենց ուզածն ասեցին, գյուղապետի շահերը պաշտպանեցին՝ գնացին»: Քանի որ դիմումում իրավական բնույթի հարցեր էլ կային, գործը կքննվի Լոռու մարզի դատախազության կողմից: «Հույս ունենք, որ դատախազությունն ամեն ինչ կպարզի ու ջրի երես կհանի»,- ամփոփեցին լեռնապատցիները: