Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազալցակայանն ու բազալտի հանքը անհամատեղելի են

Փետրվար 04,2010 00:00

«Առավոտի» խմբագրություն դիմած Փարաքար գյուղի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ իրենց գյուղում կառուցվող գազալցակայանի շինարարությունը կանխելու համար:

«Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներս, դիմում ենք ձեզ, վստահ լինելով, որ դուք կկանխեք Փարաքարի ճանապարհին կառուցվող եւ հասարակության համար խիստ վտանգ ներկայացնող մի այնպիսի գազալցակայանի կառուցումը, որը որեւէ քաղաքաշինական նորմով եւ տեխնիկական անվտանգության կանոններով չի թույլատրվում: Նշենք, որ ապօրինի գազալցակայանի կառուցապատողը «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը տարբեր գերատեսչություններից գազալցակայանի համար փաստաթղթեր ձեռք բերելիս, աջ ու ձախ շահարկում է ձեր անունը՝ իբր ՀՀ նախագահը տեղյակ է: Մինչդեռ մենք վստահ ենք, որ դուք չեք թույլատրի մի օբյեկտի կառուցումը, որի շահագործման պարագայում այն կարող է մարդկանց կյանքին լուրջ վտանգ հասցնել եւ դժբախտ դեպքերն անխուսափելի կլինեն: Մենք՝ բնակիչներս, խորհրդակցել ենք մի շարք գերատեսչությունների լուրջ մասնագետների հետ, որոնք պատասխանել են, որ գազալցակայանի շինարարական աշխատանքները հակասում են ՀՀ օրենքներին եւ գազալցակայանը կառուցման կարգին, որտեղ հստակ սահմանված է, որ գազալցակայանները պետք է իրարից առնվազն 2000 մետր հեռու լինեն, այնինչ՝ «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն իր գազալցակայանը կառուցում է նույն ճանապարհին գործող գազալցակայանից ընդամենը 800-900 մետր հեռավորության վրա: Էլ չենք ասում, որ կառուցվող գազալցակայանի անմիջապես հարեւանությամբ գյուղի բնակիչների տնամերձ հողամասերն են:
Պարոն նախագահ, այն, որ նշյալ օբյեկտը կառուցվում է օրենքի խախտումներով, այդ մասին է վկայում այն, որ չի կատարվել Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի N 1101-Ն որոշումը, ըստ որի՝ ԱԳԼՃԿ-ի տեղակայումը, նախագիծը եւ շինարարությունը պետք է բավարարեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Մինչդեռ նշենք, որ մենք «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» ՊՈԱԿ-ից ճշտել ենք, որ «ԳԱԶ ԷՖԷՄ» ընկերությանը այդ ծառայությունից մերժել են՝ հիմնավորելով, որ այն տարածքում, որտեղ պիտի կառուցվի գազալցակայանը, հարեւանությամբ շահագործվում է Բազալտի հանքավայր, ուստի այդ 2 գործունեության տեսակները պարզապես անհամատեղելի են: Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները գազալցակայանի փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը եւ օբյեկտի նախագծային փաստաթղթերը՝ նախագիծը պատրաստ լինելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է ներկայացնեին համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Փարաքարի գյուղապետին: Սակայն մենք ճշտել ենք, որ այդ փաստաթղթերը փորձաքննություն չեն անցել, բացի այդ, մեր գյուղապետին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:
Պարոն նախագահ, մի կարեւոր հանգամանք եւս. նշյալ հատվածով մեկ այլ գազատար չի անցնում, որից կսնվի նորակառույց գազալցակայանը: Իսկ գործող մագիստրալից օգտվելու դեպքում, մասնագետների մեկնաբանմամբ, Փարաքարի գազ սպառող բնակիչները լուրջ խնդիրներ կունենան»:
Նշենք, որ «Առավոտն» իր (23. 01.2010) «Նախագահի անունն օգտագործում են» հրապարակման մեջ արդեն անդրադարձել է այս խնդրին, որտեղ նշել էինք, որ քաղաքաշինության նախարարը մեկ անգամ մերժել է ու հետ ուղարկել այս գազալցակայանի փաստաթղթերի փաթեթը: Սակայն գյուղացիները մտավախություն ունեն, որ այն կրկին քննարկվում է, քանի որ ընկերության տերերը ժամանակ առ ժամանակ ներկայանում են եւ տարածքում չափ ու ձեւ անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել