Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԷԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀԻՄՆԵՆ

Փետրվար 04,2010 00:00

Նրանց խոսքերով՝ եթե կառավարությունը տեղը-տեղին չբավարարի իրենց պահանջները, ապա  «տաքսիստների» պայքարը սոցիալականից կվերածվի քաղաքականի:

\"\"

Վերջերս Գյումրիի 824 անհատ տաքսու վարորդներ բողոք-նամակ էին հղել մի շարք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու Գյումրիից ընտրված Ազգային ժողովի 9 պատգամավորի, դատապարտելով կառավարության՝ իրենց հարկային դաշտ մտցնելու «քմահաճ ու անտրամաբանական» որոշումը ու պահանջելով անհապաղ փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ: Վարորդները, բնականաբար, նաեւ իրենց առաջարկներն էին ներկայացրել՝ հստակ նախազգուշացնելով, որ եթե իրենց հետ հաշվի չնստեն, ապա ստիպված կլինեն Թուրքիայի դռները ծեծել:
Մի քանի օր առաջ բողոքավորներից մի քանիսին ընդունել էր նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ նրանց հետ մոտ մեկ ժամ զրուցելով ու, այսպես ասած, որոշակի փոխզիջման տարբերակներ առաջարկելով: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը երեկ իր ակումբում Գյումրիի եւ Լոռու տաքսու վարորդների հետ միասին քննարկում էր այն հարցը, թե արդյո՞ք վերջիններիս ձեռնտու են առաջարկված փոխզիջումները: «Խոսվել է 10 տարվա արգելքի անհեթեթության մասին, բացատրվել է, որ եթե մեքենան անպետք է, ուրեմն անպետք է անկախ իր տարիքից, եթե մի տարեկան է ու անպետք է, ուրեմն ինքը չի կարող տաքսի դառնալ: Տեխզննում եթե անցել է, ուրեմն պիտանի է ուղեւորափոխադրման՝ ինչպես վարորդի, այնպես էլ ուղեւորների համար, վարորդն էլ ուղեւոր է, չէ՞: Բացատրվել է նաեւ դեղին պետհամարանիշի անհեթեթությունը, որ սահմանափակում է հենց նույն տաքսի ծառայություններ մատուցելու հնարավորությունները Հայաստանի սահմանից դուրս: Մենք փորձել ենք բացատրել, որ տաքսու վարորդների հիմնական պահանջն այն է, որ այդ օրենսդրությունը մշակելիս եւ ընդունելիս հաշվի չեն առել այդ ծառայությունները մատուցող ՀՀ քաղաքացիների շահերը, հաշվի են առել ավտո բերող-ծախողների շահերը, վարկեր տրամադրողների շահերը, դեղին համար արտադրողների շահերը, մեր կռվանը դա էր»,- հանդիպմանը չմասնակցած վարորդների համար մանրամասներ ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը: Նա նաեւ ներկայացրեց, թե Ազգային ժողովի պատգամավորներն ու Շիրակի մարզի պետական կառույցներն ինչպիսի դիրքորոշում ունեն այս հարցի նկատմամբ: «Արձագանքներից առաջինը ստացել ենք ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տեղական շտաբից. որպես պատասխան ներկայացվել է պատգամավորի անցած տարվա փետրվարին ԱԺ-ում ունեցած ելույթը: Այնտեղ ասվում է, որ սոցիալական վիճակը ծանր է, եւ տաքսիստները ծանր կացության մեջ են հայտնվում էս օրենսդրության հետ կապված, վերանայելու մտահղացում կար: Գյումրիի քաղաքապետարանում ասել են, որ վարորդների բողոքին պետք է կցեն նաեւ իրենց նամակը եւ ուղարկեն վերեւ, իսկ Շիրակի մարզպետարանում մարզպետի տեղակալը առաջարկել է հանդիպել մարզպետի հետ, վերջինս էլ առաջարկել է հանդիպել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ, որն էլ, փաստորեն, արդեն կայացել է»,- պատմեց «Ասպարեզի» նախագահը: Հովհաննես Հովսեփյանն էլ հետեւյալ բանավոր «փոխզիջումներն» է առաջարկել. մեկ տարով սառեցնել մեքենաների 10 տարվա վաղեմության պայմանը, դեղին պետհամարանիշներն անվճար տրամադրել, հանել հաշվիչը, ուժի մեջ թողնել 25 հազար դրամ լիցենզիան՝ ռեգիստրում գրանցվելու ու այլ ծառայություններ մատուցելու համար, հանել մեքենայի նկարազարդումը՝ շախմատը, զեբրը, միջի լույսը, նաեւ հանել միավորվող ու միացյալ ձեռնարկություն ստեղծող տաքսիստների համար բժիշկ ու մեխանիկ ունենալու պահանջը, մոտավորապես 10 հազար դրամ ամսական վճարել կենսաթոշակայինին, կուտակային ֆոնդին, վերանայել հարկերը: Այսպիսով, ստացվում է, որ վարորդը տարեկան 120 հազար դրամ է վճարելու:
«Ասպարեզ» ակումբում հավաքված վարորդները այնքան էլ գոհ չմնացին փոխզիջումների փաթեթից, նրանց մասնավորապես հուզեց այն հարցը, որ կենսաթոշակայինի համար սահմանված 10 հազար դրամը անչափ թանկ է: Ըստ վարորդների, Գյումրիում տաքսի վարողների թիվն ավելացել է, իսկ բնակչությունը՝ նվազել, հետեւաբար եւ այդքան գումար մուծելն այնքան էլ հեշտ չէ: Վարորդների հաշվարկներով՝ ամսական 3 հազարը բավարար է: Նրանց նաեւ մտահոգում էր այն հարցը, որ իրենցից շատերը թոշակառուներ կամ նպաստառուներ են, եւ եթե գրանցվեն որպես անհատ ձեռնարկատերեր, ապա կզրկվեն թոշակից ու նպաստից: «Չե՞ք ուզում տաքսի քշենք, ուրեմն Գյումրիում զավոդ հիմնեք, աշխատատեղ բացեք: Էս փոխզիջումներին էլ չենք հավատում, ուզում են գլխներիս տակ փափուկ բարձ դնել»,- ասում էին վարորդները: Նրանք նաեւ քննարկում էին այն հարցը, որ եթե իրենց շարունակեն նեղել, ապա իրենց շահերը պաշտպանելու համար արժե քաղաքական կուսակցություն հիմնել: Նրանք մյուս շաբաթ հանրահավաքի դուրս կգան՝ կառավարությանը վերջնական պատասխան տալու՝ ձեռնտո՞ւ են իրենց փոխզիջումները, թե՝ ոչ:
Ի դեպ, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞ւմ են վերաբերում փոխզիջումները, միայն գյումրեցիների՞ն: «Ես չեմ կարծում, որ օրենսդրությունը լինի հատվածաբար, թեեւ ես կողմ կլինեի, եթե այն տեղային լիներ, ենթադրենք՝ այն տարածքներում, որտեղ գործազրկության, աղքատության բարձր մակարդակ կա, հարկերը այլ լինեին, բայց իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյան Ռոբերտից սկսած մինչեւ հիմա պնդում է, որ օրենսդրությունը չի կարող արտոնություններ ունենալ ինչ-որ տարածքների համար, բայց իրենք այդ արտոնությունը անում են «Զվարթնոցի» Էռնեկյանի եւ այլնի համար»,- պատասխանեց Լեւոն Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել