Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա էլ խոչընդոտում են Լարիսա Ալավերդյանին

Փետրվար 04,2010 00:00

ԱԺ-ն միջոցներ չի հատկացնում նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ, այդ կառույցում «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանին երեկ հեռախոսով տեղեկացրել է, որ նա չի մեկնելու ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց տիկին Ալավերդյանը, որը, ինչպես եւ Զարուհի Փոստանջյանը, նույնպես պատվիրակության փոխարինող կազմում է: Եվ դարձյալ փոխարինողների չմեկնելու համար չեն գտնվել ֆինանսական միջոցներ: Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այդ պատճառաբանությունը համարում եմ արհեստական»:
Նա պատմեց. «Արդեն շուրջ 1,5-2 տարի է՝ դիմել եմ, որ ընդգրկվեմ պատվիրակության հիմնական կազմում: Իմ համեստությունը մի կողմ դնելով՝ միշտ ասել եմ, թե դա այն տեղն է, որտեղ Արցախի հարցով կա հատուկ զեկուցող, որտեղ ամեն անգամ լինում են ոչ ֆորմալ հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եւ կարծես թե այս հարցերում իմ առնվազն փորձառությունը՝ չասեմ ունակությունը կամ իմացությունը, մեծ է: Բայց ինձ թողել են փոխարինող կազմում: Իսկ ԵԱՀԿ ԽՎ կանոնակարգը շատ կոշտ պահանջներ չունի, որ հիմնական կազմում լինի ընդդիմությունը»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը բացահայտել էր, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԱԺ-ում շուրջ մեկ տարի երկու ընդդիմադիր խմբակցություն կար՝ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», պայմանավորվածություն կար, որ ԵԽԽՎ պատվիրակությունում ընդդիմությանը հատկացված տեղը տրամադրվելու է «Ժառանգությանը», ՕԵԿ-ը լինելու է փոխարինող, իսկ ԵԱՀԿ պատվիրակությունում՝ հակառակը: Քաղաքական դաշտում ՕԵԿ-ի տեղի փոփոխությունից հետո ի վերջո ԵԽԽՎ-ում արվեց հայտնի փոփոխությունը, սակայն ԵԱՀԿ պատվիրակությունում «Ժառանգությունը» շարունակում է մնալ փոխարինող կազմում: «Մեր դիմումներին դրական արձագանք չեղավ,- հայտնեց Լարիսա Ալավերդյանը:- Ես մտավախություն ունեմ, որ պատճառն իմ դիրքորոշումն է Արցախի հարցի վերաբերյալ, որն արտահայտել եմ Վեհաժողովի նախորդ նիստերի ընթացքում: Իմ դիրքորոշումը հիմնված է իրավական փաթեթի եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վրա: Վախենամ, որ սա չի համընկնում պաշտոնական դիրքորոշմանը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում սա գնահատեց իբրեւ «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը պաշտոնական մակարդակով խոչընդոտելու եւս մի օրինակ. «Սա արդեն 6-րդ դեպքն է անցած 7-8 ամիսների ընթացքում»: Նաեւ ասաց. «Եթե Հայաստանի իշխանությունները նման հետեւողականություն, ջանադրություն, ջանասիրություն, էներգիա եւ միջոցներ ծախսեին արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար եւ ոչ թե «Ժառանգության» դեմ պայքարելու եւ մեկուսացնելու համար, ապա վստահաբար Ցեղասպանությունը մերժող Չավուշօղլուն չէր ներկայացնի այսօր Եվրոպան, ապա Հայաստանի առջեւ չէին լինի մի շարք մարտահրավերներ, մարտիմեկյան դեռեւս բաց էջեր, չկատարված պարտավորություններ, որոնք տեղով արդեն հրավեր են դրսից տղաների համար: Ես ուզում եմ արձագանքել այդ կոչերին. կրկին սխալվում են՝ տղաներ բերողը «Ժառանգությունը» չէ, տղաներ բերում են իրե՛նք` չկատարված պարտավորությունների, մարտիմեկյան բաց էջերի միջոցով: Այդ տղաները նման էջերի վրա հավաքվելու պատեհ պահերը եւ ձեւերը հրաշալի՜ գիտեն»:

Հ. Գ. Ի դեպ, ակնհայտորեն ակնարկելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի փետրվարի 2-ի հայտարարությունը, թե Հայաստանը իր ունիկալությունը դրսեւորեց նաեւ այն հարցում, որ ընդդիմության մի հատված միջազգային ատյաններում փորձեց ընդդիմության մեկ այլ հատվածի լեգիտիմությունը հարցականի տակ դնել՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց. «Ցավում եմ, որ ընդդիմադիր ուժերի համագործակցության գաղափարը Հայաստանում կայացած չէ, եւ ՀՀ-ն այս առումով էլ է ուրույն, օրիգինալ պետություն: Մենք պատկերացնում ենք, թե մե՛նք ինչ կանեինք, եթե խախտվեին այլ ընդդիմադիր քաղաքական գործընկերների իրավունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել