Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՆԱԼՈՎ՝ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԸ

Փետրվար 04,2010 00:00

\"\"ՀՅԴ-ին ակնարկելով՝ ասում է ԵԽԽՎ-ում 1996-1998-ին հատուկ հյուրի կարգավիճակ ունեցող Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

– Ուզո՞ւմ էիք քվեարկությամբ որոշվի, թե ով է Հայաստանում իրական ընդդիմությունը՝ դե որոշվեց. վերջին օրերին հեգնում են ՀՅԴ ղեկավարները: ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 29-ի քվեարկությունն իրոք ապացո՞ւյց դարձավ, որ այս մարմնի համար թերեւս առավել հասկանալի է այն «լեզուն» ու աշխատաոճը, որով այդ կառույցում հանդես է գալիս ՀՅԴ ներկայացուցիչը:
– Բոլորի համար պարզ է, թե Հայաստանում ինչ է նշանակում ընդդիմադիր լինելը: Միայն մի հարցով՝ արտաքին քաղաքական, եւ այն էլ վերջերս ի հայտ եկած տարաձայնություններ ունենալը չի նշանակում, թե ՀՅԴ-ն ընդդիմություն է: Եթե արձանագրությունները վաղը չվավերացվեն՝ որեւէ այլ տարաձայնություն ՀՅԴ-ն չի ունենա գործող իշխանության հետ: (Մեր հիշեցմանը, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ համաձայն չէ նաեւ ԼՂ խնդիրը «Մադրիդյան սկզբունքներով» լուծելուն՝ պրն Իգիթյանը հակադարձեց, որ ԼՂ բանակցային գործընթացում դեռ պարզ չէ՝ ինչ է լինելու.- Ա. Ի.): ՀՅԴ-ն վերջին նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետընտրական գործընթացներում ունեցել է պրոիշխանական մոտեցում: Եվ եթե վերհիշենք, թե ինչի՛ համար Հայաստանը Եվրոպայի խորհրդում հայտնվեց հատուկ մոնիտորինգի ռեժիմի ներքո՝ կպարզվի, որ ՀՅԴ-ն դերակատարություն է ունեցել այդ բոլոր գործընթացներում: Առաջին պատճառը մարտի 1-ն էր. ՀՅԴ-ն ամբողջապես արդարացնում էր իշխանության գործողությունները:
– Բայց ՀՅԴ-ն հատուկ կարծիքով առարկություն է ներկայացրել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի այն եզրակացությանը, թե 2008թ. մարտի 1-ին ոստիկանության գործողություններն իրավաչափ ու համաչափ էին:
– Իմ ասածը վերաբերում է ՀՅԴ ղեկավարների մինչ այդ՝ 2008-ի ապրիլին կամ հունիսին ունեցած ելույթներին, երբ նրանք հայտարարում էին, թե քաղաքական որեւէ նրբերանգ գոյություն չունի, սա իրավական խնդիր է, որը պետք է լուծի դատարանը: Իսկ այդ ժամանակ արդեն բոլորին պարզ էր՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտաքին աշխարհում, որ այդ մարդկանց հետապնդում են քաղաքական հայացքների համար: Բայց ՀՅԴ գործիչները կրկնում էին այն տեսակետը, որը ներկայացնում էր դատախազությունը:
Երկրորդ պատճառը, որի հետեւանքով մեր երկիրը հայտնվեց հատուկ դիտարկման ներքո՝ հանրահավաքների եւ երթերի ազատ իրականացմանը խոչընդոտելն էր: ՀՅԴ-ն կողմ էր քվեարկել, որ լինեն այդ սահմանափակումները: (2008-ի մարտի 17-ին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել էին 90 կողմ, 6 դեմ ձայներով, իսկ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր. «Բոլոր այն վերապահությունները, որ մենք ունենք այս օրենքի նկատմամբ, այնուամենայնիվ, խամրում են Հայաստանում կարգ ու կանոն հաստատելու համեմատությամբ».- Ա. Ի.): Ես նրանց կողմից որեւէ ըմբոստություն այս կապակցությամբ չեմ նկատել ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ ԵԽ-ում:
Երրորդ պատճառն առնչվում է ազատ մամուլին: Պարզ է ՀՅԴ վերաբերմունքն արտակարգ դրության հայտարարմանը, նաեւ՝ «Ա1+»-ի եւ օրենքների նկատմամբ, որոնք խոչընդոտում են Հայաստանում մամուլի ազատությունը: Մի օրինակ բերեմ՝ բավարար էր, որ ՀՅԴ վերահսկողության ներքո գտնվող հեռուստաընկերությունը 2-3 լրագրողական խումբ ուղարկեր թիվ 10 ընտրատարածք, որպեսզի այդ բոլոր խայտառակությունները, նաեւ լրագրողների դեմ ֆիզիկական ուժ կիրառելու դեպքերը տեսանելի լինեին հասարակության համար: Բայց դա չարվեց. «Երկիր Մեդիան» էլ լռեց՝ ինչպես մնացած բոլոր հեռուստաընկերությունները:
Եվ վերջապես 4-րդ պատճառը քաղբանտարկյալներն են: ՀՅԴ գործիչները չգործածեցին նույնիսկ ԵԽԽՎ փաստաթղթերում նշված «քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձինք» ձեւակերպումը: ՀՅԴ-ի եւ ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցչի կողմից այս կապակցությամբ որեւէ քայլ չեմ տեսել:
– Ձեր այս դիտարկումները հիմք կդառնան Դաշնակցության ղեկավարների համար հաստատելու իրենց այն պնդումը, թե ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը քննադատելով ՀՅԴ-ին՝ կատարել է ՀԱԿ-ի պատվերը:
– Ես որպես վիրավորանք չէի ընդունի ՀԱԿ-ի պատվեր իրականացնելու մասին մեղադրանքը, եթե իրոք այդպիսի բան կա: (Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, երեկ ասուլիսում ՀՅԴ գործիչներին հակադարձեց. «Ռուսերեն մի լավ արտահայտություն կա՝ «ԽՈՋՊօռ ՊցՎՈպՑ տՏ ՎպՐպ րՉՏպռ ՌրտՏՐփպվվՏրՑՌ»: Այ, այս արտահայտությունն իրենց է վերաբերում», եւ հավելեց. «Ես կատարել եմ այն պահանջը, որը ներկայացված է եղել մեր ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ «Ժառանգության» ընտրողներն ու ՀԱԿ-ի անդամները մեր ժողովրդի մի մասն են».- Ա. Ի.): Ավելի վատ է, երբ քեզ ձեւացնելով ընդդիմություն՝ իրականում կատարում ես իշխանության պատվերը. սա ավելի ստորացուցիչ է:
– ՀՅԴ խմբակցության ղեկավարը, սակայն, «Առավոտին» ասել էր, թե իրենք միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունների գործունեության հիմնական առաքելությունը համարում են Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունը, եւ անընդունելի է, երբ միջազգային բեմերը դարձնում են «սեփական երկրի խորտակման միջոց»:
– 2008-ի ապրիլին ես օգտագործում էի ԵԽԽՎ-ի ամբիոնը՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար: Որոշ հաջողությունների հասանք: Բայց մեզ համար դժվար էր պայքարել նաեւ ՀՅԴ ներկայացուցչի դեմ, որն այնտեղ արդարացնում էր իշխանության գործողությունները եւ խեղաթյուրված ներկայացնում իրավիճակը Հայաստանում:
Մենք տարբեր կերպ ենք հասկանում, թե ինչ է նշանակում խորտակել սեփական պետությունը: Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում ուղղակի ներկայացնում է մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանում առկա խնդիրները: Իսկ Եվրոպայի խորհուրդը հենց այն ամբիոնն է, որտեղ քննարկվում են նման՝ ժողովրդավարությանն առնչվող խնդիրներ: Սա այն կառույցը չէ, որտեղ լուծվում են մեր ազգային խնդիրները՝ դրա համար կան այլ միջազգային կազմակերպություններ, ասենք՝ ԵԱՀԿ-ն կամ ՄԱԿ-ը, որտեղ պետությունը փորձում է լուծել իր արտաքին քաղաքական խնդիրները: Նաեւ պետք է հիշեցնեմ, որ մեր արտաքին քաղաքականության հաջողության բանալին Հայաստանում է: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով թույլ լինելն իրոք խոչընդոտ է միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալու համար:
Վերադառնալով մեր զրույցի սկզբին՝ հավելեմ. իհարկե, ՀՅԴ գործիչները հիմա կարող են ասել, թե ԵԽԽՎ-ն հաստատեց, որ իրենք ընդդիմություն են: Բայց Հայաստանում ընդդիմադիր համարվելու համար չափանիշներ կան: Իշխանության կողմից վերաբերմունքն է հիմնական չափանիշը՝ եթե քեզ չեն ծեծում հանրահավաքների ժամանակ, եթե կուսակիցներիդ բանտ չեն նետում շինծու մեղադրանքներով, եթե բիզնես ունեցողներին չեն զրկում ֆինանսական հնարավորություններից՝ սա ապացույց է, որ դու իրականում ընդդիմություն չես: Այդպես է ստացվել Հայաստանում՝ կա՛մ դու իրական ընդդիմություն ես, ու քեզ փորձում են խորտակել, կա՛մ էլ ձեւական ընդդիմություն ես: Ռուսաստանի իշխանությունն էլ է իր համար ձեւավորել նման ընդդիմություն՝ Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը: Նույնպիսի ընդդիմության դերը Հայաստանում կամաց-կամաց ստանձնում է ՀՅԴ-ն: Ես չեմ ուզում ասել, որ հայ-թուրքական այս գործընթացը սկսելու լրացուցիչ մի նպատակ է եղել այդպիսի ընդդիմություն ստեղծելը, բայց այդպես ստացվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել