Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՉ ՊՐԵՍԿՈՏԻ, ՈՉ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԵՎ ՈՉ ԷԼ ԵԽ-Ի ՀԱՄԱՐ»

Փետրվար 04,2010 00:00

\"\"«Մարտի 1»-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամները եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պնդում են, որ եթե տեղ էլ կա բարեփոխվելու, ապա այդ բանը պետք է արվի մեզ համար եւ ոչ թե ուրիշների:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հունվարի 27-ի նիստին ներկայացրած հաղորդման մասին, որում գրված էր, թե ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»: Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի մասին նաեւ նշված է, որ այն «բացառապես ընդդիմությանն է վերագրում բեւեռացված եւ լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը եւ ընդհանրապես խուսափում է որեւէ մեղավորություն վերագրել իշխանություններին»: Մարտի 1-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրած, արդեն իր առաքելությունն ավարտած ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին հարցրինք՝ կիսո՞ւմ է համազեկուցողների կարծիքը, որ «մարտի 1»-ը հեղաշրջման փորձ չէր: Սամվել Նիկոյանն ասաց, որ մի քանի առիթով ինքը համազեկուցողների հետ խոսել է նաեւ այդ մասին. «Ես իրենց հարցրել եմ՝ ի՞նչ եք կարծում, երբ հայտարարվում է, որ իրենց թեկնածուն ստացել է 60% ձայն, երբ ասվում է, որ «այստեղից ես գնալու եմ ուղիղ նախագահական նստավայր, ձեր օգնությամբ», ի՞նչ եք հասկանում, ինչպե՞ս է դա իրագործվելու: Եվ, վերջիվերջո, այդ մարդիկ հայտարարում էին, որ սա երգ ու պարի հեղափոխություն է: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ, հեռուստատեսային բանավեճերի ժամանակ հրապարակավ ասում էին, որ՝ այ, չստացվեց հեղափոխություն, սա ոչ թե պարտություն է, այլ ժամանակավոր դադար, այ կտեսնեք՝ սեպտեմբերին մենք դա կիրականացնենք: Հիմա, եթե Եվրախորհուրդը կամ չգիտեմ ով այլ կերպ են այս ամենը մեկնաբանում, ես ոչինչ չունեմ ասելու»: Պարոն Նիկոյանը համամիտ չէր նաեւ այն մտքին, որ իրենք խուսափել են իշխանություններին «որեւէ մեղավորություն վերագրել»: Նա ասաց. «Ո՞վ ասաց, որ հանձնաժողովի նպատակն իշխանություններին վարկաբեկելն էր: Ես կարող եմ զարմանալ համազեկուցողների այն տրամաբանության վրա, որ հանձնաժողովն իբր մեղադրել է ընդդիմությանը: Եթե հանձնաժողովն ասում է, որ երկրում առկա է սոցիալական լարվածություն, դա վերաբերում է միայն եւ միայն իշխանությանը: Երբ ասվում է, որ առկա է եկամուտների բաշխման անհավասարության կամ հարուստների եւ աղքատների միջեւ անջրպետի խորացում՝ ո՞ւմ նկատի ունի: Իշխանությանը»:
Համազեկուցողների ներկայացրած շուրջ 12 էջանոց եզրակացության 13-րդ էջը հավելված է, որում ամբողջությամբ մեջբերված է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի դաշնակցական անդամներ Արծվիկ Մինասյանի եւ Արտյուշա Շահբազյանի հատուկ կարծիքը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ: Մեզ հետ զրույցում Արտյուշա Շահբազյանն ասաց, թե ծանոթ է համազեկուցողների այս վերջին գնահատականներին. «Կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի հիմա, եթե աշխատանքը լիարժեք չէ, համակողմանի չէ մոտեցումը, այդ բացերը լրացվեն: Թեպետ լավ կլիներ, եթե նախապես լուծեինք այդ խնդիրները, որպեսզի մեզ դրսից մատնացույց չանեին: Ես մեր աշխատանքը չեմ կապում այն բանի հետ, որ մեզ դրսից թելադրում են, թե ինչ անենք, եւ մենք էլ անում ենք: Պիտի նայենք՝ ունե՞նք թերացում, եթե ունենք՝ ուղղենք: Պետք է ուղղենք ոչ Պրեսկոտի, ոչ ԵԽ-ի եւ ոչ էլ Կոլոմբիեի համար, այլ մեզ համար, որպեսզի խնդիրը վերջնականապես հաղթահարվի, մեր հասարակությունն այս հարցում չունենա դժգոհություն, չմտածի, թե այս հարցն էլ այսպես կոծկեցին, ծածկադմփոց արեցին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ մինչեւ մարտի 17-ը կամ մինչեւ այլ ժամկետ ինչ-որ քայլեր անելն էական չէ, էականն այն է՝ ընդհանրապես կա՞ ցանկություն ինչ-որ քայլեր անելու, թե՞ ոչ. «Այս հարցի պատասխանը հայտնի է՝ ոչ, չեն ցանկանում: Մեր ընդդիմախոսները պետք է քաջ գիտակցեն, որ մարտի 1-ի բաց էջը հրավիրում է «բոլոր տղաներին». մեզ են մեղադրում «դրսից տղա բերելու» մեջ, մինչդեռ հենց իրենք են այդ էջը բաց պահելով անում այդ բանը»: 
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ մոնիտորինգի հանձնաժողովը մեր երկրից կոնկրետ արդյունքներ է ակնկալում. «Կոնկրետ արդյունքներ են ուզում, ոչ թե խոսքեր: Խոսքերով շատ հեռու չես կարող գնալ: Դրանով է պայմանավորված, որ մարտի 17-ին մեզանից ակնկալում են կոնկրետ կատարված աշխատանք»: Իսկ կկատարվե՞ն կոնկրետ աշխատանքներ՝ մեր հարցին պատասխանեց. «Մինչեւ մարտի 17-ի համար առաջ քաշված հարցերը՝ ոստիկանության բարեփոխումը, ընտրական օրենսդրության կատարելագործումը, հույս ունեմ, որ մինչ այդ ժամկետը լուծված կլինեն: Եթե չլինեն՝ ես պատրաստ չեմ լինի ներկայացնել: Ինչ վերաբերում է նրան՝ կլինի քաղաքական կամք, թե՝ ոչ, կարծում եմ՝ դա քաղաքական որոշում է, եւ կոալիցիոն ուժերը մոտ օրերս պետք է որոշում կայացնեն, թե ինչ են անելու»:

Հ. Գ. Ընտրական բարեփոխումների եւ ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել