Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ավարտից հետո մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրեց, որ երկրի նորընծա չեմպիոններ Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը կհամալրեն սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականների կազմերը: Այսպիսով, տղամարդկանց մեր ընտրանին կգլխավորի Լեւոն Արոնյանը: Նրա հետ մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Իսկ մեր աղջիկների թիմ ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Անահիտ Խառատյանը:
Ֆեդերացիայից տեղեկացանք նաեւ, որ վերոնշյալ շախմատիստները, բացի Լեւոն Արոնյանից, հանդես կգան Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկող Եվրոպայի անհատական առաջնությունում: