Բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ հանդիպումների օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ ռինգում պայքարեցին նաեւ աղջիկների երեք զույգեր, որոնց հաղթողները նվաճեցին Հայաստանի կանանց բռնցքամարտի անդրանիկ չեմպիոնների կոչումը: Նրանք են. 57 կգ՝ Հայկուշ Նահապետյան, 69 կգ՝ Արմինե Սինաբյան եւ 75 կգ՝ Աննա Հովհաննիսյան:
Այսպիսով, Հայաստանում պաշտոնապես դրվեց կանանց սիրողական բռնցքամարտի հիմքը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջն է նաեւ: Հիշեցնենք, որ անցած տարի ՄՕԿ-ը որոշեց վերոնշյալ քաշային կարգերում Լոնդոնի օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկել նաեւ կանանց բռնցքամարտը: Այն ի՞նչ ճակատագիր է ունենալու Հայաստանում: Մեր զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է:
– Կանանց բռնցքամարտը, ըստ էության, մեզ համար նորություն է: Հայաստանում շա՞տ են այս մարզաձեւով զբաղվող աղջիկները:
– Անդրանիկ առաջնությանը մասնակցեց յոթ հոգի: Բայց, իմ կարծիքով, զբաղվողների թիվը պետք է ավելի շատ լինի: Դրա համար հիմա ֆեդերացիան զբաղվում է հանրապետության տարածքում այդ աղջիկների թիվը ճշտելով: Հաշվի առնելով, որ ՄՕԿ-ը 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում երեք քաշային կարգերում ընդգրկել է նաեւ կանանց բռնցքամարտը, մենք խնդրել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի համապատասխան հանձնարարական իջեցվի մանկապատանեկան մարզադպրոցներ՝ տեղերում խմբեր բացելու համար:
– Անդրանիկ առաջնությունն ի՞նչ ցույց տվեց: Համապատասխան մակարդակի մարզուհիներ ունե՞նք:
– Բարձրագույն վարպետության մասին խոսելը դեռ վաղ է: Բայց կարծում եմ, որ կադրեր կան, որոնց հետ աշխատել է պետք:
– Հնարավո՞ր է Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ունենանք:
– Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Դրա համար անցկացվում են կանանց բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ: Իսկ մինչ այդ էլ, երբ մեր ուսումնասիրությունների վերջնական տվյալները ձեռքներիս կլինեն, կլսենք մասնագետների խոսքը եւ ըստ այդմ կկողմնորոշվենք: Ասեմ միայն, որ մեր առջեւ օլիմպիական խաղերին մասնակցելու առաջադրանք է դրվել:
– Վարկանիշային մրցաշարերը ե՞րբ են սկսվելու:
– Հավանաբար՝ 2012 թվականին, ինչպես տղամարդկանց համար:
– Հնարավոր է, որ բռնցքամարտով զբաղվել ցանկացող աղջիկները քիչ չլինեն: Մարզիչներ ունե՞նք: Կանանց բռնցքամարտն էականորեն տարբերվում է տղամարդկանց բռնցքամարտից:
– Մասնագետներ կան, որոնք աշխատել եւ աշխատում են աղջիկների հետ:
– Ազգային հավաքական ունենալու մասին խոսելը դեռ վա՞ղ է:
– Որպես այդպիսին, թիմ դեռ չի ձեւավորվել: Երբ դրա ժամանակը գա, նաեւ հավաքականի մարզիչների խնդրով էլ կզբաղվենք:
– Ֆեդերացիայի 2010 թվականի բյուջեն հաստատվել է այն ժամանակ, երբ կանանց բռնցքամարտի մասին դեռ խոսք չկար: Հիմա այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու, եթե ֆեդերացիայի կառուցվածքում ավելանում է մեկ առանձին օղակ:
– Այդպիսի խնդիր, իրոք, կա, եւ կանանց բռնցքամարտը զարգացնելու հարցը ֆեդերացիայում քննարկման առարկա կդառնա: Լուծումները կգտնվեն: Կարծում եմ՝ ընդհանուր բյուջեից մասհանում կարվի: Բացի դա, մի մոռացեք, որ մենք ունենք ֆեդերացիայի ուժեղ նախագահ: Նա անպայման լրացուցիչ ներդրումներով կաջակցի մարզաձեւին: