Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկում են ձմեռային 21-րդ
օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Նրանց մասնակցության մասին ՀԱՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեից համապատասխան պաշտոնական գրություն ստացել է հունվարի 25-ին:
Գյումրեցի դահուկավազորդ Քրիստինե Խաչատրյանը հանդես կգա արագավազքում, Աշոցքը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը՝ 15 կմ-ում, իսկ լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանն ու ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը կպայքարեն հսկա ոլորավայրէջքում եւ ոլորավայրէջքում:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը նախարարության դահլիճում բարի ճանապարհ մաղթեցին մեր երկրի մարզական պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար (շեֆ-միսիա) Դերենիկ Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ ուսումնամարզական հավաքներ, միջազգային եւ հանրապետական մրցաշարեր, հանդերձանք, ֆինանսավորում եւ այլ հարցեր, դրական լուծում են ստացել ՀԱՕԿ-ի եւ Օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությամբ:
Գագիկ Ծառուկյանը, գնահատելով ձմեռային մարզաձեւերում հայաստանցի մարզիկների իրական հնարավորությունները, ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ մեդալներ չեն լինի: Սակայն ձմեռային մարզաձեւերը Հայաստանում զարգացած չեն ոչ թե այն պատճառով, որ մարզիկներ չունենք: Պայմաններն այն չեն: Ձյուն լինում է մոտ մեկուկես ամիս: Մեկուկես ամիս մարզվելով՝ այն արդյունքները չեն լինի, ինչ ուզում ենք: Դրա համար պետք է անենք այնպես, որ մեր մարզիկներին հավաքների եւ մրցումների գործուղենք այն երկրներ, որտեղ հնարավոր է սեզոնային մարզումներ կազմակերպել: Օլիմպիական մեդալակիր աճեցնելու համար պահանջվում է շուրջ 10-12 տարի: Հիմա կարեւորը, որ մասնակցում ենք: Նայում եմ մեր մարզիկներին՝ բոլորն էլ երիտասարդ են, ուժեղ, առույգ, ու ապագան դեռ նրանց առջեւում է: Մնում է, որ հնարավորին չափ լավ մասնակցեք: Փորձեք եւ կհամոզվեք, որ անհնարին ոչինչ չկա՝ միայն կամք ու ձգտում: Երկիրը, ժողովուրդը ձեր կողքին է, սպասում է ձեր մրցելույթներին: Բոլորիդ մաղթում եմ բարի ճանապարհ, հաղթանակ եւ բարի վերադարձ»:
Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը Վանկուվեր է մեկնում այսօր, որպեսզի փետրվարի 6-ին ներկա լինի օլիմպիական ավանում Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը: Իսկ Խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշը տանելու պատիվը վստահվել է լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանին: