Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անվանափոխված ու տեղափոխված գավառագիտականի մասին

Փետրվար 03,2010 00:00

\"\"Կամ՝ ի՞նչ է գործում հիմա թանգարանի նախկին շենքում

Արդեն քանի տարի է՝ Էջմիածնի Մյասնիկյան փողոցում ուշադրություն է գրավում կոտրատված ապակիներով կիսաքանդ մի շինություն: Հենց այստեղ էլ գործել է 1964 թվականին հիմնադրված Էջմիածնի գավառագիտական թանգարանը: Այսօր թանգարանը վերանվանվել է պատմաազգագրական եւ, ինչպես տեղեկացանք հիմնադիր տնօրեն Հասմիկ Հակոբյանից, 2009-ի հոկտեմբերից արդեն գործում է Էջմիածնի քաղաքապետարանի շենքում: Թանգարանը տեղահանվել է, որովհետեւ շենքը վաճառված է եղել:
«Այսօրվա վիճակով մեր թանգարանը լավագույններից է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնօրենը: Նրա խոսքով՝ արդեն հնարավորություն է ստեղծվել նմուշները ցուցադրել նորմալ պայմաններում եւ այցելուներ ընդունել:
Տիկին Հակոբյանը նշեց, որ նախկինում թանգարանի նմուշները երկար ժամանակ գտնվել են անմխիթար վիճակում: Ըստ նրա, նախկին շենքը վաճառվել էր նախկին քաղաքապետի կողմից. «Նա շենքը վաճառել էր իր ընկերներից մեկին ու ինձ կարճ ժամկետ էր տվել շենքն ազատելու համար: Հիմա նախկին թանգարանի տեղում ոչինչ էլ կառուցված չէ, ասես վրան ռումբ ընկած լինի…. Երբ անցնում եմ այդտեղով եւ տեսնում շենքի վիճակը, ջղայնությունից եւ ափսոսանքից ցնցվում եմ: Ինչպե՞ս կարող էին քանդել գործող թանգարանը, դա նույնն է, թե՝ եկեղեցի քանդեն…»:
Հ. Հակոբյանը նշում է, որ նոր շենք տեղափոխվելն իրեն ստիպեց ինչ-ինչ փոփոխություններ կատարել թանգարանում. «Որոշեցի, փոխվել- փոխվել է՝ անունն էլ միանգամից փոխենք: Գավառ բառը այլեւս չէր սազում մեր թանգարանին: Այն հիշեցնում էր խորհրդային շրջանը, որը վաղուց չկա: Իսկ պատմաազգագրականը համահունչ է թանգարանի երկու բաժիններին, որոնցում ներկայացվում է Էջմիածնի պատմությունն ու ազգագրությունը»:
Տնօրեն Հակոբյանը նեղսրտում է, որ թանգարանում այսօր էլ կա նյութերի պահպանման խնդիր. «Նախքան տեղափոխվելը՝ մոտ 10 տարի քանդուքարափ վիճակում գոյատեւել ենք: Դրանից հետո 6 տարի թանգարանի նմուշները մնացին քաղաքապետարանում ու այդ ընթացքում վնասվեցին: Մեր գորգերը «ցեցը կերել» է, փորձում ենք ինքնուրույն միջոցներ ձեռք առնել, բայց դա քիչ է: Հիմա առաջվա պես չէ, որ պետությունը թանգարանային նմուշների համար նյութեր, քիմիկատներ տրամադրի»:
Տիկին Հակոբյանը շեշտում է, որ նոր վայրում թանգարանն ունի հաճախորդների պակաս. «Ինչպես հանրապետության բոլոր թանգարաններում, մեզ մոտ եւս ձմռան ամիսներին քիչ են հաճախում: Հիմնականում դպրոցականներ են գալիս կամ կորած-մոլորված մարդիկ: Հին շենքի աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ այնտեղ գործելու ժամանակ հաճախորդների պակաս չունեինք, ազատ օր չէր լինում: Այժմ մեր թանգարանը աչքի ընկնող տեղում չէ, մեկը պետք է մատնացույց անի, որ գան: Գոնե Էջմիածին մտնող ճանապարհին մի գովազդ լիներ, որ մարդիկ տեղեկացված լինեին թանգարանի մասին: Ի դեպ, ամռան ամիսներին միշտ երեկոյան ժամերին էլ ենք բացում թանգարանն ու այցելուներին պատրաստ ենք լինում ընդունել մինչեւ ուշ գիշեր»:
Մեր զրուցակիցը հավելում է, որ թանգարանի մուտքն անվճար է. «Յուրաքանչյուր ոք տեղեկացված լինելու իրավունք ունի, ինչպե՞ս կարող ես նրանից դրա դիմաց գումար պահանջել…»:
Տիկին Հակոբյանը 40 տարուց ավելի թանգարանի տնօրենն է: Թանգարանի մասին խոսում եւ մտահոգվում է այնպես՝ ասես հարազատ երեխան լինի: Նա պատրաստ է նաեւ իր հմտություններն ու փորձառությունը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետի, քանի որ սերնդափոխությանը առողջ է վերաբերվում: Միայն մի ցանկություն ունի. «Թանգարանային գործն այնպիսին է, որ պետք է սիրես: Ես էլ մինչեւ չսիրահարվեցի թանգարանին՝ չհասկացա նրա լեզուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել