Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԻԹՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Փետրվար 03,2010 00:00

\"\"Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելրիվը «առեւանգիչներ» բառով է որակել ամերիկացի միսսիոներներին, որոնք փորձել են իր երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայիթիից դուրս բերել 2 ամսականից մինչեւ 12 տարեկան 33 երեխաների մի խմբի: Հիշեցնենք, որ ԱՄՆ Այդահո, Տեխաս եւ Կանզաս նահանգներում գործող բապտիստական եկեղեցու 10 ներկայացուցիչներ անցյալ ուրբաթ օրը ձերբակալվել էին այդ երեխաներին հարեւան Դոմինիկյան Հանրապետություն ապօրինաբար տեղափոխելու փորձի ժամանակ: Հայիթիի վարչապետը շեշտել է, որ այդ երեխաներից ոմանց ծնողները կենդանի են, եւ երկրի կառավարությունը փորձում է նրանց գտնել: Հիմա այդ երեխաները գտնվում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մանկատանը: «Ասոշիեյթեդպրես» գործակալությանը տված հարցազրույցում Ժան-Մաքս Բելրիվը նկատել է, որ եթե միսսիոներներն իսկապես առաջնորդված լինեն բարի նպատակներով, «դատարանները, հնարավոր է, նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորեն»: Բայց բանն այն է, որ Հայիթիից ապօրինաբար դուրս բերվող 33 երեխաներից առնվազն 10-ը հայտարարել են, որ իրենց ծնողները կենդանի են: Նրանք կարծել են, թե իրենց տեղափոխում են դպրոց-ինտերնատ կամ ամառային ճամբար: Այդ մասին ասել է «SOS Children\’s Village» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջորջ Ուիլլեյթը:
Ամերիկացի 10 միսսիոներների գործն արդեն դատարանում է: Ակնկալվում էր, որ Հայիթիի դատարանը գործը քննելու էր դեռ երեքշաբթի օրը, բայց դատական նիստը հետաձգվել էր թարգմանչի բացակայության պատճառով:
Հայիթիի պաշտոնական շրջանակները նաեւ հայտնել են, թե դատավորը դեռ պետք է որոշի՝ գործը քննել տեղի դատարաններո՞ւմ, թե՞ փոխանցել ամերիկյան արդարադատությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել