Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆԿԻՐԹ ԵՆՔ

Փետրվար 03,2010 00:00

Արդյո՞ք դպրոցում էկոլոգիայի առանձին առարկայի դասավանդումը կփրկի իրավիճակը, երբ կայացվում են ոչ էկոլոգիական քաղաքական որոշումներ:

2001թ. դեկտեմբերի 17-ին ընդունված՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որպես պետական քաղաքականության սկզբունք՝ նշված է էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը: Օրենքի ընդունումից 8 տարի հետո գրված հայեցակարգն էլ կարեւորեց էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը, սակայն դրանից հետո ամենեւին չնվազեց քաղաքի աղտոտվածության աստիճանը, չդադարեցին անթույլատրելի անտառահատումները, անօրինական շինությունների հայտնվելը, քաղաքի կանաչ գոտիների հաշվին սրճարանների ու «քյաբաբախորովածանոցների» կառուցումը: Գուցե սրա պատճառներից մեկն այն է, որ նման որոշում կայացնող չինովնիկները եւ այդ կարգի որոշումների համար պարկերով գումար ծախսող հարուստները չունեն բնապահպանական տարրական դաստիարակություն: Ու ոչ ոք նրանց ոչ մի օրենքով ու նորմով չի կարող ստիպել աղբը թափել աղբարկղում կամ նկատողություն անել երեխային, թոռնիկին, երբ նա պոկում է ծառի ճյուղը եւ այլն: Հիմա շատերը կասեն, թե ի՞նչ կապ ունի դաստիարակությունն ու կրթությունը, երբ ամեն բան խարսխվում է շահի ու որքան հնարավոր է շատ գումար «պոկելու» վրա: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ, ու պետք է փորձել փրկել կրտսեր սերունդների էկոլոգիապես մաքուր ապագան, իսկ դա պիտի սկսել դաստիարակությունից ու կրթությունից:
 Էկոլոգիական կրթությանն առնչվող հիմնախնդիրների մասին զրուցեցինք ԵՊՀ Էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեւորգ Փիրումյանի հետ: Նա  նախ հստակեցրեց էկոլոգիա բառի իմաստը. «Էկոլոգիա՝ հին հունարենից թարգմանած նշանակում է գիտություն տան մասին: Իմ կարծիքով  ճիշտ չէ այն իբրեւբնապահպանություն թարգմանելը, քանի որ բնության պահպանությունը էկոլոգիա գիտության մասերից մեկն է»: Կարեւորելով էկոլոգիական կրթության շարունակականությունը՝ Գ. Փիրումյանը նշեց. «Այն պետք է սկսվի բնապահպանական դաստիարակությամբ: Երեխաներին վաղ հասակից ընտանիքում,  մանկապարտեզում եւ դպրոցում պիտի տրվեն այս մասին անհրաժեշտ բոլոր գիտելիքները: Ինչպես տառերը, թվերը, հեռուստացույց, համակարգիչ միացնելն է երեխան սովորում, այնպես էլ պիտի ստանա բնապահպանական դաստիարակություն: Երեխան պիտի իմանա՝ ինչ է բնությունը, ինչու է այն վտանգված, ինչու չի կարելի աղտոտել, բայց դա չի կարող լինել պարտադրաբար»: Դպրոցում էկոլոգիայի դասավանդման մասին էլ զրուցակիցս ասաց. «Ճիշտ է, որ միջին եւ բարձր դասարաններում առանձին առարկայով տրվեն էկոլոգիական կրթության տարրերն ու հիմունքները: Թողնել որեւէ առարկայի մասով դրա դասավանդմանը՝ նպատակահարմար չէ; Դասավանդումը կարելի է սկսել ավելի քիչ ժամաքանակով, ապա ավելացնել, որ գոնե բարձր դասարանցիները ծանոթ լինեն էկոլոգիական hիմունքներին: Երեխան դպրոցում այս մասին որոշակի գիտելիք ստացած պիտի գա բուհ: Բուհերում այս առարկան առանձին ժամերով դասավանդվում է, բայց ժամերն են խիստ սահմանափակ: Դպրոցում քիչ են ժամերը քիմիա առարկայի համար, այնինչ՝ հիշողությամբ ամրապնդվող նյութի ծավալը մեծ է այս առարկայի պարագայում: Ուստի բուհի ղեկավարության աջակցությամբ ֆակուլտետով շեֆական աշխատանք ենք սկսել ՀՀ տարբեր դպրոցներում, ներկայիս համատարած հումանիտարիզացիայի պարագայում երեխաներին բնական գիտությունների ուղղությամբ կողմնորոշման համար»: Խոսելով էկոլոգիական կրթության հայեցակարգի մասին, պարոն Փիրումյանը նկատեց. «Էկոլոգիական կրթության ոչ այնքան կանոնակարգն է կարեւոր, որքան հասկանալը այն կարեւորությունը, որ այդ գիտելիքները պիտի տրվեն նաեւ դպրոցում, ընդ որում՝ առանձնացված առարկայով»: Մեր հարցին, իսկ ինչո՞ւ մինչեւ այժմ այդպես չէ, մանավանդ՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի ընդունումից արդեն 9 տարի է անցել, պարոն Փիրումյանը պատասխանեց. «Գուցե այդ հարցը պետական մակարդակով չի կարեւորվում: Կարծում եմ՝ դպրոցում դասաժամերը շատ են, բայց առարկաներ կան, որ ավելի շատ ժամաքանակ են պահանջում: Բայց եթե դպրոցում ավելացվի նաեւ էկոլոգիայի եւ բնապահպանության հիմունքներ դասընթացը, այն դասավանդի բնագետը, կարծում եմ, դրանից գործը միայն կշահի, քանի որ էկոլոգիայի առանձին մասեր, որոնք մտնում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն դասընթացի մեջ, կարելի է հանել, օգտագործել առանձնացված, ու ավելի օգտակար կլինի, որ գոնե մեկ ուստարի մեկ դասարանում դասավանդվի այդ առանձին առարկան: Այդ դեպքում նաեւ ուսուցիչները կխորանան թեմայի մեջ եւ ինչ-որ առումով կզբաղվեն ինքնակրթությամբ եւ ինքնազարգացմամբ»:
Խնդրի վերաբերյալ լսեցինք նաեւ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) դաստիարակության եւ լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Մելանյա Դավթյանի կարծիքը: Նա նշեց. «Կարեւոր չէ՝ էկոլոգիան կլինի առանձին առարկա, թե ինտեգրված, ավելին, միարժեք չէ, որ առանձին էկոլոգիա առարկան ավելի արդյունավետ կարող է լինել, քան ինտեգրվածը, քանի որ բոլոր առարկաների շրջանում հանգիստ կարելի է ինտեգրված ներկայացնել էկոլոգիան, եւ եթե ավելի բարձր դասարաններում, հատկապես ավագ դպրոցում, կարիք լինի, կարելի է նաեւ առանձին առարկայի միջոցով դասավանդել»: Մեր հարցին՝ մտավախություն չկա՞, որ որեւէ առարկային ինտեգրված՝ էկոլոգիան դասավանդելու դեպքում դասաժամերը չհերիքեն, տիկին Դավթյանը պատասխանեց. «Իսկ եթե առանձին դասագրքով կամ առարկայով լինի՝ այդ վտանգը չկա՞: Ինտեգրված նշանակում է, որ բոլոր թեմաները, որոնք առնչվում են էկոլոգիային, հստակ ներկայացված են, ուրեմն չի կարող նրա համար տեղ կամ ժամանակ չլինել: Այլ է, որ ծրագրերն են վատ կազմված: Բնապահպանությանն ու բնական պաշարներին վերաբերող ձեռնարկներ կան, որոնցում ավելի շատ են ակադեմիական գիտելիքները, քան վարքագծի ձեւավորման բաժինը: Այնինչ՝ էկոլոգիական կրթության համար շատ կարեւոր է պրակտիկ գործունեությունը: Ծրագրերով ակադեմիական գիտելիքների տրամադրմանը ավելի մեծ ժամանակ է հատկացված, իսկ պրակտիկ մասին ժամանակ գրեթե հատկացված չէ»:
Պատճառների մասին խոսելիս զրուցակիցս նշեց կրթության մեջ պահպանողականության մասին. «Մյուս առարկաներից էլ ենք քիչ պրակտիկ աշխատանքներ անում: Մնացել ենք հնի մեջ, փոփոխությունները մեր մեջ դանդաղ են ընթանում: Հաճախ մեր ուսուցիչներն ավելի շատ կարեւորություն են տալիս ակադեմիական գիտելիքներին, քան փորձին, իսկ երեխաները, եթե իրենց ձեռքով որեւէ բան չեն անում, ավելի քիչ են սովորում, պակաս հետաքրքիր է լինում սովորելը միայն դասարանում: Մյուս կողմից էլ, երբ մեր երեխաները տեսնում են, որ մենք աղբն անընդհատ լցնում ենք փողոց, չկարգավորված անտառահատումներ, ձկնորսություն, ձկնագողություն է տեղի ունենում, ապա դա իր բացասական ներգործությունն է ունենում վարքագծի ձեւավորման հարցում»:
Հայեցակարգի մասին տիկին Դավթյանն ասաց. «Հայեցակարգում գրվածն արդեն անցած էտապ է, այդ բոլորը քիչ թե շատ չափով արդեն իրականացվում է: Այն գրվել է օրենքի ընդունումից հետո, գրվել է Օրհուսի կոնվենցիան ՀՀ-ի ստորագրելուց եւ վավերացնելուց հետո: Կոնվենցիան վերաբերում է ողջ հասարակության էկոլոգիական կրթությանն ու տեղեկացվածությանը եւ դատական ատյանների միջոցով իրենց էկոլոգիական խնդիրների լուծման իրավունքին, ի՞նչ իմաստ ունի դրանից հետո հայեցակարգ գրել: Օրենքն էլ առանձնապես շատ բան չի փոխել, քանի որ բառացիորեն կրկնում է այն, ինչ գրված է «Կրթության մասին» օրենքում էկոլոգիական կրթության մասին: Այն առանձնապես չի ազդում հանրապետության էկոլոգիական վիճակին առնչվող խնդիրների վրա, քանի որ հնարավորություն չի տալիս պայքարել Թեղուտում անտառները կտրելու, Սեւանի հիմնախնդիրների, Երեւանին առնչվող կամ աղբի հիմնախնդիրների լուծման համար: Էկոլոգիական կրթության ու ընդհանրապես էկոլոգիական խնդիրները լուծված կլինեն այն ժամանակ, երբ ողջ հասարակությունը տեսնի, որ քաղաքական ու տնտեսական որոշումների մեջ ամփոփված է էկոլոգիական խնդիրների լուծման գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել