Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ

Փետրվար 03,2010 00:00

Մաեստրո Զավեն Վարդանյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

\"\"

Կան դիրիժորներ, որոնք օժտված են արվեստագետի յուրահատուկ լուսաթաղանթով, խարիզմայով: Նրանց ազդեցությունը տարածվում է ոչ միայն անմիջական շրջապատի՝ գործընկերների, նվագախմբի երաժիշտների, ուսանողների, այլեւ՝ լայն ունկնդրողական լսարանի վրա: Այդպիսի երաժիշտ է Հայաստանում ներկայումս գործող թերեւս լավագույն դիրիժորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրածանոթ եւ սիրված մաեստրո Զավեն Վարդանյանը:
Նրա տաղանդի բազմակողմանիությունը, ստեղծագործական հետաքրքրությունների լայն շրջանակը եւ մասնագիտական վարպետությունը թույլ են տալիս հավասարապես համոզիչ եւ ներդաշնակ կերպով մեկնաբանելու ինչպես համաշխարհային դասականների գլուխգործոցները, այնպես էլ՝ 20-րդ դարի երաժշտության լավագույն նմուշները, նաեւ՝ հայ կոմպոզիտորների նորագույն ստեղծագործությունները:
Զավեն Վարդանյանը ծնվել է Հալեպում, 1945թ. հունվարի 15-ին: 1947-ին Նազարեթ Վարդանյանի ընտանիքը ներգաղթեց Հայաստան, ուր հասակ առան եւ իրենց բարձրագույն կրթությունը ստացան Վարդանյանների երեք զավակները՝ Գեւորգը, Իվոնը եւ ամենակրտսերը՝ Զավենը:
Միքայել Մալունցյանի, Օհան Դուրյանի եւ Միքայել Տերյանի սան Զ. Վարդանյանը 1974-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: Մինչ այդ, 1969-ին ավարտել էր նույն երաժշտանոցի լարային բաժինը որպես ալտահար՝ արժանանալով 1965թ. «Ծաղկիր, իմ Հայաստան» հանրապետական փառատոնի ոսկե մեդալին, իսկ 1969-ին՝ Երիտասարդ երաժիշտ-կատարողների երրորդ անդրկովկասյան մրցույթի 2-րդ մրցանակին: Երիտասարդ դիրիժորի առաջին իսկ ելույթները գրավեցին երաժշտական հասարակայնության ուշադրությունը, հավաստելով, որ հայ կատարողական արվեստը համալրվել է նոր ակնառու տաղանդով:
Շատերը, անկասկած, հիշում են նրան որպես Երեւանի կամերային նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, որի անվան հետ են կապված այդ համույթի ստեղծագործական վերելքի եւ բուռն համերգային գործունեության տարիները՝ 1979-1990: Արդեն այդ տարիներին Զավեն Վարդանյանն իրեն դրսեւորեց իբրեւ նրբաճաշակ եւ բարձր ինտելեկտով օժտված դիրիժոր, որը կարողացավ իր շուրջը համախմբել ոչ միայն Հայաստանի առաջատար մենակատարներին՝ Ժան Տեր-Մերկերյան, Ռուբեն Ահարոնյան, Մեդեա Աբրահամյան, Սվետլանա Նավասարդյան, Արտաշես Մկտչյան, Արաքս Դավթյան եւ ուրիշներ, այլ նաեւ՝ համագործակցության մեջ ներգրավել ԽՍՀՄ հայտնի կատարողներին, ինչպիսիք են՝ Իրինա Արխիպովան, Օլեգ Կագանը եւ Նատալյա Գուտմանը, Ալեքսեյ Լյուբիմովը, Տատյանա Գրինդենկոն, Իվան Մոնիգետտին, Անդրեյ Կորսակովը եւ շատ ուրիշներ: Ուշագրավ նախաձեռնությունների հեղինակ Զավեն Վարդանյանը գլխավորեց մի շարք երաժշտական փառատոներ, որոնց համերգային ծրագրերում պատշաճ մակարդակով հնչում էր եւ դասական, եւ ժամանակակից երաժշտություն: Հայ արդի կոմպոզիտորներից շատերն են նրան պարտական իրենց երկերի առաջին կատարումով, որ մեկնաբանվում էր այդ գործերի ճշգրիտ վերարտադրմամբ եւ խորաթափանց հասկացությամբ: Այսօր կարելի է վստահաբար պնդել, որ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Երվանդ Երկանյանը, Էդվարդ Հայրապետյանը, Վահրամ Բաբայանը եւ Ռուբեն Սարգսյանը՝ անկրկնելի անհատականությամբ օժտված 1970-80-ականների «նոր ալիքի» այդ ներկայացուցիչները կամ, ինչպես հպարտությամբ սիրում է անվանել նրանց Մաեստրոն՝ «իմ աստղաբույլը», կայացան որպես սերունդ, որն իր աներկբայելի ներդրումն ունեցավ հայ արդի երաժշտության մեջ եւ դուրս եկավ միջազգային ասպարեզ՝ շնորհիվ հենց Զավեն Վարդանյանի: Երեւանի կամերային նվագախմբի գրեթե ամեն համերգ ընդգրկում էր հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Դրանք դառնում էին երաժշտական կյանքի երեւույթներ՝ մեծապես խթանելով կամերային ժանրի զարգացումը, որն այդ տարիներին  ապրեց իր ծաղկման շրջանը: Պատահական չէ, որ Զավեն Վարդանյանին են նվիրված այդ հեղինակների շուրջ 30 ստեղծագործություններ, որոնք գրվել են հատուկ Երեւանի կամերային նվագախմբի համար: Հայ երաժշտության կողքին Զ. Վարդանյանի ղեկավարությամբ նվագախումբը հնչեցնում էր Դմիտրի Շոստակովիչի, Ալֆրեդ Շնիտկեի, Էդիսոն Դենիսովի, Սոֆյա Գուբայդուլինայի, Վալենտին Սիլվեստրովի, Արվո Պյարտի, Ավետ Տերտերյանի եւ ԽՍՀՄ հանրապետությունների ուրիշ շատ ներկայացուցիչների գործերը: Կապեր էին ստեղծվում, որոնք վերաճում էին բազմամյա ստեղծագործական համագործակցության: Նվագախումբը հաջողությամբ շրջագայել է Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Ուկրաինայի քաղաքներում, Հունգարիայում, Իսպանիայում: «Мелодия» ֆիրման 1970-80-ական թթ. թողարկել է երկու մեծ ձայնասկավառակ՝ Շոստակովիչի, Մ. Իսրայելյանի, Ա. Զոհրաբյանի, Ե. Երկանյանի եւ Ռ. Սարգսյանի ստեղծագործություններից՝ Զ. Վարդանյանի ղեկավարած Երեւանի կամերային նվագախմբի կատարմամբ: Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան նկարահանել է «Դիրիժոր» ֆիլմը (1980), որը պատմում է Վարդանյանի ստեղծագործական գործունեության մասին:
Պետք է արժանին մատուցել դիրիժորին: Երեւանի կամերային նվագախումբն օժտված էր հոյակապ, հավասարակշռված հնչողությամբ, աչքի էր ընկնում ճկուն մեկնաբանմամբ եւ հնչերանգային գույների հարստությամբ: Զ. Վարդանյանին բնորոշ են ոգեշնչված դիրիժորական ժեստը, արտակարգ արտահայտիչ ձեռքերը, որոնք, կարծես, կերտում են երաժշտությունը եւ միաձուլվում նրա հետ, անթերի դաստակային տեխնիկան, զուսպ, սակայն ներքին արտահայտչականությամբ եւ կամքով լեցուն ազնվաբարո եւ կենտրոնացված ղեկավարման կերպը: Անկարելի է մոռանալ Վարդանյանի ձեռքերի ներքո, կարծես, չգոյությունից ծնվող Բրամսի 4-րդ սիմֆոնիայի սկիզբը, Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի ծայրի մասերի ողբերգականությամբ եւ հոգեբանական բարձրագույն խտացումով լեցուն մեկնաբանումը կամ Բախի «Մատթեոս Պասիոնների» եզրափակիչ համարը, երբ երգչախմբի եւ նվագախմբի մուտքը ցույց տալուց հետո, նա մի քանի վայրկյան մնում էր ձեռքերը վեր պարզած՝ իբրեւ մի պատարագիչ: Վարդանյանին հատուկ է երբեմն նույնիսկ ժլատ խմբավարական ժեստը, որը, այնուամենայնիվ, մշտապես անվրեպ հասնում է իր նպատակին՝ անընդհատ հսկողության տակ պահելով նվագախումբը, անքակտելի եւ ներդաշնակ կապ ստեղծելով իր եւ երաժիշտների միջեւ:
Զավեն Վարդանյանի ստեղծագործական նկարագրի մյուս կողմն է նրա երաժշտական-հասարակական գործունեությունը: Տարիներ առաջ իր հոդվածներից մեկում մոսկվացի հայտնի երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Հակոբյանը դիպուկ բնորոշել է նրան որպես «Հայաստանի երաժշտական կյանքի կուլտուր-տրեգեր», որը պարզապես չի պատկերացնում իր կյանքն առանց նոր նախաձեռնությունների եւ փառատոների: Այսպես, նորանկախ Հայաստանի ամենածանր տարիներին Վարդանյանը հիմնադրեց Ավստրո-գերմանական երաժշտության բարեկամների ընկերությունը (1993): Հաղթահարելով շրջափակված Հայաստանի կյանքի դժվարությունները, առաջին անգամ Հայաստանում իրականացրեց Մոցարտի «Առեւանգում հարեմից» (1995) եւ «Կախարդական սրինգ» (1996) օպերաների համերգային կատարումները, կազմակերպեց երիտասարդ երգիչների՝ հայ եւ ավստրո-գերմանական երաժշտությանը նվիրված առաջին մրցույթը (1996), որն ի հայտ բերեց խոստումնալից տաղանդներ, որոնք ներկայումս փայլում են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բեմերում: Ապա նախաձեռնեց եւ անցկացրեց հոգեւոր երաժշտության ավանդական դարձած «Սուրբ Զատիկ» փառատոնը (1999, 2000), որի համերգներում, դարձյալ առաջին անգամ ՀՀ-ում, իրականացրեց Բախի «Հովհաննես» եւ «Մատթեոս Պասիոնների» փայլուն կատարումները:
Առհասարակ, Բախի կանտատային-օրատորիալ երկերի կատարումը մեզանում վաղուց ի վեր դարձել է Զավեն Վարդանյանի հիմնական ստեղծագործական նպատակներից մեկը: Պատմական կատարողականության, այսպես կոչված՝ ավտենտիկ ոճի հետեւորդ, նա դրեց բարոկկո ոճի մեկնաբանման դասավանդման հիմքերը Երեւանի կոնսերվատորիայում: Կարելի է ասել, որ Բախի երաժշտության եւ գերմանական երգի՝ Lied-ի (Շուբերտ, Շուման, Մալեր, Ռ. Շտրաուս, Հ. Վոլֆ) կազմում են Զ. Վարդանյանի մանկավարժական գործունեության առանցքը, հատուկ ուշադրության առարկան: Իսկ Բախի կանտատների, Մագնիֆիկատի, Պասիոնների եւ Ծննդյան օրատորիայի իր մեկնաբանություններում, Վարդանյանը, հիմնվելով պատմական ավանդույթների վրա եւ հասնելով համապատասխան  հնչողությանը, երբեք չի կորցնում արդիականության զգացումը, ինչը հաղորդում է նրա կատարումներին առավել մեծ համոզչություն: Մասնավորապես, Բախի Պասիոնների նրա մեկնաբանումը պետք է սեպվի հայ կատարողական արվեստի վերջին տասնամյակի լավագույն ձեռքբերումների շարքը: Եվ ոչ միայն: Ինչպես չհիշել մաեստրո Վարդանյանի իրականացրած Ռ. Շտրաուսի մեծակերտ Ալպիական սիմֆոնիայի, Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիայի կամ Մոցարտի «Գիշերային փոքրիկ սերենադի» եւ Պուչինիի «Քրիզանթեմներ» հազվադեպ կատարվող նվագախմբային գործի անզուգական կատարումները:
2001թ. ծավալված փառատոների շարքում, երբ համայն քրիստոնյա աշխարհը նշում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը, ուշագրավ էր Զավեն Վարդանյանի կազմակերպած «XX-XXI. երաժշտական կամուրջ» փառատոնը, որն աչքի ընկավ բարձր գեղարվեստական եւ բովանդակային մակարդակով: «Առաջնանվագների շքերթ» էր այդ նախագիծը, որը բաղկացած էր երկու կամերային եւ մեկ սիմֆոնիկ համերգներից: Դրանք ընդգրկում էին ինչպես հայ ժամանակակից, այնպես էլ՝ 20-րդ դարի երաժշտության դասականների ստեղծագործությունները: Սիմֆոնիկ համերգը, որով եզրափակվեց փառատոնը, դարձավ նրա կիզակետը: Զ. Վարդանյանի մատուցմամբ հայ երաժշտասերներին առաջին անգամ ներկայացվեցին այնպիսի նշանակալից երկեր, ինչպիսիք են Ստրավինսկու «Սաղմոսների սիմֆոնիան», Քսենակիսի «Մետաստազիսը», Լիգետիի «Լոնտանոն», Ավետ Տերտերյանի 7-րդ սիմֆոնիան: Դիրիժորն իր տարերքի մեջ էր: Նա ղեկավարեց ծրագիրը մեկ շնչով: Բոլոր երկերի կատարումն աչքի էր ընկնում ոճերի հիանալի զգացողությամբ, հեղինակային մտահղացումների ճշգրիտ մեկնաբանմամբ, ֆրազավորման ու մանրամասների հղկվածությամբ: Հիշարժան է Ստրավինսկու «Սաղմոսների սիմֆոնիայի» հայաստանյան պրեմիերան, որի մեկնաբանումը հատկանշվեց այդ ստեղծագործությանը համարժեք մակարդակով: Իսկ Տերտերյանի 7-րդ սիմֆոնիայի շռնդալից հաջողությունը վկայեց, որ ժամանակին հեղինակի կողմից Զ. Վարդանյանի մասնագիտական կարողություններին եւ վարպետությանը տված խորաթափանց գնահատականը, 6-րդ սիմֆոնիայի երեւանյան առաջնանվագից հետո պարտիտուրի վրա արված մակագրությունը, «Զավեն Վարդանյանին՝ փայլուն երաժիշտին, մեծագույն հարգանքով եւ խոնարհումով», լիովին արդարացված էր:
2003-ին Զ. Վարդանյանը մեկնեց հեռավոր Էկվադոր՝ դասավանդելու Քուենկա քաղաքի համալսարանում: Չորս տարիների ընթացքում, ինչ գտնվում էր հայրենիքից հեռու, նա բեղուն գործունեություն ծավալեց՝ հանդես գալով  ուշագրավ համերգային ծրագրերով Էկվադորում եւ Արգենտինայում: Կոմիտասի անվան լարային քառյակի երաժիշտների հետ միասին իրագործեց Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված սիմֆոնիկ ծրագրեր, կատարեց համաշխարհային երաժշտության գլուխգործոցներ՝ Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», Կարլ Օրֆի «Carmina Burana» կանտատը, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որոնց մեկնաբանման մասին տեղի մամուլը շատ բարձր է արտահայտվել: Զ. Վարդանյանը մեծապես նպաստել է Էկվադորում օպերային արվեստի կազմավորմանը՝ պատրաստելով Վերդիի «Տրավիատա» եւ Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» օպերաները:
Սակայն այդպիսի արվեստագետը չէր կարող երկար ապրել հայրենիքից հեռու, եւ 2007թ. Զ. Վարդանյանը վերադարձավ Հայաստան, որպեսզի ծավալի իր հետագա գործունեությունը հայրենի հողում: Եվ ահա վերջին համերգաշրջանում դիրիժորը հանդես եկավ նոր, նշանակալից նախագծով: Դա «Հռենոսից մինչեւ Դանուբ» ավստրո-գերմանական երաժշտության մեծ ավանդույթներն արտահայտող չորս ուշագրավ համերգներն էին, որոնց ընթացքում հանրահայտ գործերի կողքին հնչեցին նաեւ հազվադեպ կատարվող ստեղծագործություններ: Եզրափակիչ համերգում դիրիժորը փայլեց Մոցարտի Հաֆներ-սիմֆոնիայի մեկնաբանմամբ: Այդ նախագծի ծիրի մեջ «Ազգային պատկերասրահ» փառատոնում Զ. Վարդանյանի ղեկավարությամբ, երիտասարդ խոստումնալից երգիչների կատարմամբ հնչեցին նաեւ Մոցարտի «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայի՝ կատարողական մեծ հմտություն պահանջող անսամբլային համարները:
Անմոռանալի էր Զ. Վարդանյանի վերջերս կայացած համերգը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Առաջին բաժնում դիրժորը հանդես եկավ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի նախերգանքի, Մալերի «Որտեղ են հնչում հրաշալի շեփորները», «Լույսն ի սկզբանե» («Urlicht»)՝ «Մանկան կախարդական եղջերափողը» հայտնի երգաշարից (մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ա. Մայիլյան) եւ Ռ. Շտրաուսի «Անտառային երանություն», «Հաճելի տեսիլ» եւ «Ազատագրվածը» երգերի կատարումով (մենակատար՝ Ա. Հովհաննիսյան): Հատկապես հիշարժան էր «Urlicht»-ի մեկնաբանումը, իր խորասույզ եւ վերացած մթնոլորտով, Աննա Մայիլյանի գերող երգեցողության ներքո ծավալվող նվագախմբային piano-ների հնչողությամբ: Իսկ երկրորդ բաժնում հնչեց Բեռլիոզի նշանավոր «Ֆանտաստիկ սիմֆոնիան»: Բեռլիոզի գլուխգործոցը, որը ծրագրային սիմֆոնիզմի ամենացայտուն դրսեւորումներից է, վաղուց չէր հնչել Երեւանում: Զ. Վարդանյանին հաջողվեց առավելագույնս փոխանցել այդ սիմֆոնիայի անկրկնելի մտահղացքը, մեղեդային հարստությունը, քնարական հերոսի զգացումներն ու տվայտանքները, կերտել նրա հուզական ու երեւակայական աշխարհի կերպարային եւ հոգեբանական մետամորֆոզների ողջ համայնապատկերը:
Այս համերգաշրջանում իրագործած ծրագրերը եւ, մասնավորապես, վերջինը՝ Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիայի» հրաշալի կատարումը, վկայում են, որ դիրիժորը թեւակոխել է իր ստեղծագործական հասունության մի նոր փուլ, ապրում է մասնագիտական վարպետության իր ոսկե շրջանը, որ ի դեմս Զ. Վարդանյանի՝ հայ երաժշտարվեստն ունի բազմահմուտ, մեծատաղանդ դիրիժոր, որին հասու է եւ՛ սիմֆոնիկ, եւ՛ օպերային, եւ՛ կամերային ժանրերի տարբեր ժամանակաշրջանների ամենաբարդ երկերի համարժեք եւ գեղարվեստականորեն ինքնատիպ մեկնաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել