Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՏՈՒՆ ՍԱՐՔԵՍ ՈՒ ՀԵՏՈ ԹՈՂՆԵՍ, ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵ՞Ս»

Փետրվար 03,2010 00:00

Ադրբեջանում հայերի ջարդերից փրկվածները 20 տարի անց էլ չեն մոռանում տեսածն ու տեղի ունեցածը

\"\"

Լոռու մարզի Շահումյան գյուղի ծխամատյանում ներկայումս հաշվառված է 424 փախստական, որոնք մեծ մասամբ Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ եւ Կիրովաբադ քաղաքներից են։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մոտ 120-ն այժմ բնակվում է Հայաստանից դուրս, հիմնականում՝ Ռուսաստանում։ Ադրբեջանում հայերի ջարդերից ու հալածանքներից հետո 1988-89 թթ.-ին այս մարդիկ գաղթել են Հայաստան եւ բնակություն հաստատել Վանաձոր քաղաքին մերձակա գյուղում։ Ականատեսի իրենց պատմություններով՝ փախստականներն արժեքավոր մանրամասներ են հաղորդում ադրբեջանաբնակ հայերի ու նրանց խոշտանգումների մասին։
Ծնունդով ղարաբաղցի Բենիկ Մուսայելյանը, 1947 թվականին լքելով Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղը, բնակություն հաստատեց Բաքվում, որովհետեւ «Ղարաբաղի վիճակը կռիվներից հետո վատ էր, ծնողներս քյասիբ էին, գյուղն էլ անհարմար էր ապրելու համար»։ Բաքվում ուսում ստացավ, դարձավ վարպետ շինարար եւ մինչեւ 1988 թվականը ազերի դրացիների հետ խաղաղ գոյակցեց Բաքվում։ Պատմում է, որ մինչեւ 70-ականները Ադրբեջանում բոլոր շինարարները հայեր են եղել, «աշխատել են, գեղեցկացրել քաղաքը։ Սաղ հայեր էին շինարարները, ոչ մի ուրիշ ազգ չկար, քիչ-միչ բանվոր թուրքեր կային, լավ մաստերավոյ ռուսներ»։
Հայ շինարարները խմբերով գործուղվում էին նաեւ Սումգայիթ՝ քաղաքը կառուցելու։ Մինչեւ 1951-52 թթ., Սումգայիթ քաղաքը որպես այդպիսին գոյություն չուներ, անշուք բնակավայր էր։ Կառուցվեց ու քաղաքի տեսք ստացավ հայ շինարարների ջանքերով։
Հայերը ոչ միայն շինարար էին, նաեւ բարձր պաշտոններ ունեին։ «Բայց 70-ականներից հետո նրանք կամաց-կամաց վերեւի պոստերից իջան, պակասեցին, չկային, հետո սաղ դարձան թուրքեր»,- պատմում է Բ. Մուսայելյանը։
Եվ հայերն զգացին իրենց վրա գործադրվող առաջին ճնշումները: «Բաքվում էլի ճնշում էին, էն ժամանակ չէինք զգում, բայց որ սաղ փոխվեց, մեծամասնությունը դարձան թուրքերը, սկսեցին նեղացնել, չէին թակում (ծեծում-խմբ.), մատերիալնի կողմով էին ճնշում։ Ղարաբաղի շարժումը ոչ թե 88-ին սկսվեց, այլ ավելի շուտ։ Հայ ազգը չի իմացել դա, թուրքն իմացել ա, թուրքի ծրագիրը շատ շուտվանից էր։ Թուրքերը ղարաբաղցոց հարստությունը տանում էին։ Նրանք վարուցանքն իրենց համար էին անում, բայց թուրքերը տանում էին, ղարաբաղցոց բան չէր մնում»,- շարունակում է Բ. Մուսայելյանը։
Բաքվում հայ ազգաբնակչության ջարդերը կանխավ ծրագրված ու նախապատրաստված էին ադրբեջանական իշխանությունների կողմից եւ իրագործվեցին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության թողտվությամբ։ Միայն այս անգամ թուրքի յաթաղանը փոխարինվել էր մի նոր «գործիքով»։ Իրենց մահվան գործիքը հայերն իրենց սեփական ձեռքերով էին «կռել»: «Գործարանի տնօրենը կարգադրել էր հայերին մեկ մետրանոց արմատուրաներ պատրաստել։ Երկար սարքել, մատիտի պես բզել էին, զագատովկան արել-պատրաստել եւ բաժանել էին թուրքերին։ Մինչեւ կռիվը պատրաստվել էին։ Հայերը զարմացել էին՝ էս ինչ մետաղ ա, ինչի համար ա»,- հիշում է Բենիկը։
Ամեն ինչ պարզ դարձավ, երբ լսվեց թուրքերի՝ հայերին ուղղված «դալոյ, դալոյ»-ը։ Նախապատրաստված էին նաեւ սումգայիթյան ջարդերը. «Ոչ թե Սումգայիթի թուրքերը ջարդան, այլ թուրքերը Ղարաբաղից բերան, զենքված մտան Սումգայիթ։ Եթե տեղական թուրքերը մեզ վրա նապադենի անեին, կիմանայինք, ճանաչում էինք։ Եկան, մի գիշեր մտան Սումգայիթ, ջարդն սկսվեց։ Բաքու էնքան չի էլել, ինչքան Սումգայիթ։ Սուտ ա, որ Սումգայիթում 27 հոգի են սպանել, ամենաքիչը՝ 500»։
Սումգայիթից փախստական Գրիգորի Ասրյանը հիշում է, որ քաղաքում հալածանքներն սկսվեցին 1988թ. փետրվարի 27-ից, երբ ստացվեց հայերին աշխատանքից ազատելու մասին կառավարական որոշումը։ Հենց այդ օրն էլ բոլոր հայերն ազատվեցին աշխատանքից։ «Դրանից առաջ ոչ մի բան չի եղել, օրինակ՝ ես չեմ հավատացել, որ կարող ա հայերին ջարդեն։ Զգուշացրել են՝ վաղը հայերին կոտորելու են, չենք հավատացել։ Պետության կողմից դավաճանություն էր։ Գործարանի գլխավոր ինժեները մոտիկացավ, թե՝ չնեղանաս, մեզնից չի կախված, վերեւից հրամայել են»,-պատմում է Գրիգորի Ասրյանը։ Փախստականը համոզված է, որ ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ. «Թուրք հարեւաններն ընկեր-տղաներ էին,- ասում է եւ հիշում հարեւան Ալիուսաթ եւ Նուսրաթ եղբայրներին,- լավ տղաներ շատ կային, կհայհոյեմ դաժե, ով դեմ կանգնի։ Նրանք չէին ուզում, որ հայերի քեֆին կպչեն։ Լակոտներ էին անողները, ինչ էին հասկանում, նրանց գլուխն էին մտցրել»։ Եվ թեեւ ջարդերից հետո առժամանակ հանգիստ էր, բայց «արդեն հնարավոր չէր դրանց հետ ապրել, էլ չէինք հավատում, որ կառավարությունը կարա պաշտպանի մեզ»։
Բենիկ Մուսայելյանն էլ Գրիգորիի նման մեղավոր է համարում միայն կառավարությանը. «Բանվոր դասակարգը մեր նման էր, պրավիտելստվան արավ սաղ։ Թուրքի հետ, ուրիշ ազգերի հետ հարազատների պես ենք եղել, փող տալիս, իրար տանը ուտելիս, խմելիս, նվերներով գնալիս ենք էլել, թեկուզ իրենք՝ թուրք, մենք՝ հայ, իրենց ուրախությունովը, տխրություններովը ներկա ենք եղել, մեր հայ մուզիկանտները իրանց քեֆերին նվագում էին, հարս էին բերում։ Թե ոնց խառնվեց, մինչեւ էսօր չենք իմանում՝ ով ա պատճառը»։ Բենիկի կինը՝ Ալվինա Շիրինյանը, շարունակում է ամուսնու խոսքը. «Դաժե չէինք հավատում, էնքան միրնի ենք եղել թուրքերի հետ։ Թուրք կա, հայի համար արյուն ա տվել»։ Փախստական ամուսինները մտաբերում են Քյամալ անունով թուրքին. նրան են պարտական  իրենց երեխաների փրկության համար ու պատմում են նաեւ, որ թուրք հարեւաններից ոմանք ապաստարան են տվել հայերին, կերակրել նրանց։ Շենքում շրջափակվածներին պատշգամբով հաց են ուղարկել։
Ջարդերից հետո կենդանի մնացած հայերը տեղահանվեցին։ Երկու երկրների միջեւ փախստական դարձած մարդկանց փոխանակում սկսվեց։ Բաքվում հավաքատեղի կար, որտեղ հայերն ու ազերիները հանդիպում էին ու համաձայնության գալիս տների փոխանակման պայմանների վերաբերյալ։ Երեւանում փախստականներին դիմավորեցին, «լավ ա ըլնիլու»՝ հուսադրեցին, բայց «նոր հայրենիքում» նրանք շատ դժվարությունների հանդիպեցին։ Բարեկամներից հեռու՝ նրանք իրենց մենակ էին զգում։ Չէին հարմարվում տեղի կլիմային։ Թե իրենք, թե հատկապես երեխաները լեզվի խնդիր ունեին։ Ու դեռ տեղաբնակներից ոմանք էլ թշնամանքով էին վերաբերվում եկվորներին։ «Մեզ անվանում էին թուրքի մատոռով շուռ տվածներ»,- ասում է Տատյանա Մանվելովան, ում ընտանիքը Հայաստան է գաղթել Կիրովաբադից (Գանձակ)։ Փախստական կինը սրտնեղում է՝ «Գանձակը հայի քաղաք ա եղել, մենք մաքուր հայ ենք»։ Ու ավելացնում է, որ Թազա շեն թաղամասը, որտեղ ապրելիս են եղել իրենք, գրեթե ամբողջությամբ բնակեցված է եղել հայերով։ Նա էլ Կիրովաբադի դեպքերն է հիշում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-28-ին։ Թուրքերը պատին ներկով գրել էին՝ «էրմյանլյար ռադ օլուն» (հայեր՝ ռադներդ քաշեք- Ա. Թ.):
«Միանգամից եղավ, որ ասենք զգացել ենք՝ չէ, չենք պատկերացրել, որ կարող ա էդ կռիվ լինի։ Թուրքերը եկան՝ ավտոները քարերով լցրած։ 1988 թվականի նոյեմբերի 25-ին տանկերը մտան քաղաք, ոնց որ 41 թիվը լիներ։ Դուռեդուռ մտնում էին, հարցնում էին՝ էրմանիսա՞ն, թե՞ թուրք, որը հայ էր՝ սպանում էին»,- պատմում է Տ. Մանվելովան։ Տատյանայի դստեր՝ Մարգարիտա Արշակովնայի կարծիքով՝ «հայկական ջարդերի պատճառը Հայաստան-Ղարաբաղ հարցն էր։ Եթե Ղարաբաղի հարցը չլիներ, կռիվն էլ չէր լինի։ Հայերը չուզեցին պատկանեն Ադրբեջանին։ Չէ՞ որ Ղարաբաղն իրենց հողն ա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել