Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշագրության դասերը

Փետրվար 03,2010 00:00

Հետմահու լույս է տեսել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը:

«Հավանաբար, ես առաջին ավագ սպա-ֆիդային եմ, որ 1989 թվականից նվիրվել էի մեր ժողովրդի անհրաժեշտ պաշտպանության սրբազան գործին: Իմ մասնակցությունը հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը՝ սահմանափակվում է 1989-1992 թվականներով: Երբ 1992 թվականի աշնանը մեր Ազգային բանակի առաջին զորամասերը դուրս բերվեցին սահմանամերձ շրջաններ եւ իրենց վրա վերցրին երկրի պաշտպանության ֆունկցիան, ժողովրդիս հանդեպ պարտքս համարեցի պատվով կատարած եւ անցա իմ սիրելի խաղաղ աշխատանքին՝ երիտասարդության ուսուցմանն ու դաստիարակմանը», գրքի առաջաբանում գրել էր Դ. Բաղդասարյանը: Հեղինակը տեղեկացրել էր, որ գիրքը ծնվել է 1993-95թթ.՝ «դեռեւս չավարտված պատերազմի թարմ հետքերով»:

«Ես չեմ ձգտել գունազարդել իրականությունը հայ քաջորդիների արյան գույնով կամ արյան վերաբերյալ դատարկաբանությամբ, աշխատել եմ լինել անաչառ ու չափից դուրս անկեղծ եւ ճշմարտացի՝ հաշվի չառնելով կեղծ դիվանագիտության կանոնները: Ռազմաքաղաքական ընդհանրացումներում արտահայտել եմ իմ անձնական մարտական փորձից ու աշխարհայացքից բխող տեսակետներ, որոնք դուր չեն գա այսօրվա մեր կառավարիչներին եւ այլ «ուժեղների»,- գրում է հեղինակը:

«Դիմակայությունը» բաղկացած է 14 գլուխներից («Քաոս», «Նախապատրաստվում ենք անհրաժեշտ պաշտպանության», «Ադրբեջանի տանջարաններում», «Շահումյանի շրջանի հերոսական պաշտպանությունը», «Արծվաշենի հանձնումը, որով ավարտվում է հայ-ադրբեջանական ֆիդայական փուլը», «Հատուցում»…), «Մտքեր, մտորումներ» բաժնից:

Դնեպրիկ Բաղդասարյանի այս վավերագրությունը գրված է անկեղծ շնչով: Ռազմական գործի նվիրյալ հեղինակը չէր վախենում «բիրդան սպարապետների» գործունեության թերությունները նշել, նկարագրել եւ օբյեկտիվորեն գնահատել «պատմության հանգամանքները», հաղթանակի դասերը:

Գրքում զետեղվել են մեզ համար թանկ հերոսների, «Արծիվ 1» մահապարտների առաջին ջոկատի մարտիկների լուսանկարները, ռազմական օպերացիայի քարտեզները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728