ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով նշանակվել է հերթապահության՝ նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ից մինչեւ նոյեմբերի 2-ի առավոտյան ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի 1-ին, ժամը 14-ի եւ 23-ի սահմաններում, Գ. Մովսիսյանը համապատասխան ծառայությունների կողմից խցերում առաջացած շինարարական թերությունները վերացնելու համար հերթափոխի խմբի պատասխանատու հերթապահին դիմելու փոխարեն դատապարտյալ Ա. Եղոյանին տրամադրել է արգելված իրեր՝ մուրճ, հարթաշուրթ աքցան՝ իր պահպանությանն ու հսկողությանը հանձնված 002 խցում նորոգման աշխատանքներ կատարելու համար:
Դատապարտյալ Ա. Եղոյանը, օգտվելով հսկողության բացակայությունից եւ օգտագործելով իր տրամադրության տակ եղած մուրճը եւ հարթաշուրթ աքցանը, տեղահան է արել խցի պատուհանի պատի քարերը, կտրել է խցի արտաքին պատի մետաղացանցը եւ ազատազրկման վայրից դիմել փախուստի: Սակայն նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: