Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԻ ՋՐԱԳԾԻ ՎՐԱ ՋՐԱՉԱՓ ԿԱ

Փետրվար 03,2010 00:00

Դատարան դիմելը՝ պարտքերը թոթափելու միակ տարբերակն է

«Առավոտը» հունվարի 16-ին անդրադարձավ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի բնակիչների բողոքին՝ կապված «Հայջրմուղկոյուղու»՝ դատարան ներկայացրած հայցերի հետ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը խոստացել էր հանդես գալ պարզաբանմամբ: Երեկ ստացանք պարզաբանումը:
Ըստ Ջ. Մարգարյանի՝ Շինուհայրի 475 բաժանորդից ընդամենը 28-ի դեմ է այս պահին հայց ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:
«Բաժանորդները պիտի ջրաչափեր տեղադրեն, չեն անում ու նախկին պարտքերը չեն ընդունում,- պարզաբանում է տնօրենը:- Եվ այդ ամենից ելք գտնելու միակ օրինական ճանապարհը դատարան դիմելն է: Այսպիսով՝ բաժանորդը նաեւ տեղեկանում է, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, որքան պարտք է կուտակել»:
Պարոն Մարգարյանը փաստում է նաեւ, որ կազմակերպությունում ջրի մեծ կորուստ կա, իսկ որտեղ ջրաչափեր են տեղադրում՝ խնդիրը վերանում է:
«Չեմ ասում, թե Շինուհայրում ջրամատակարարումը շատ լավ վիճակում է, թե 24 ժամ ջուր ունեն, բայց 4 ժամից պակաս ունեցող չկա: Գյուղ մտնող ջրագծի վրա ջրաչափ է տեղադրված, եւ այնտեղ մեկ բաժանորդի (տան) հաշվով ամսական 100տ ջուր ենք ծախսում, սակայն դա չի հերիքում… Մեկը ջրաչափ չունի՝ անխնա է օգտագործում ու մյուսներին չի հասնում, մյուսը տեղադրել է, բայց կողքից ջուր է քաշել եւ այլն… Դե, ներքին ցանցը մերը չէ, գյուղինն է, եւ եթե չոր օրենքին նայենք, պիտի գումարը գյուղապետարանից ուզենք մեծածախ գնով, դա Շինուհայրում ամսական մոտ 8 մլն դրամ է կազմում»,- ասում է տնօրենը: Նա նաեւ հայտնում է, որ բնակիչների քանակի հարաբերության առումով այսօր Շինուհայրին չորս անգամ ավելի շատ ջուր են տալիս, քան Գորիս քաղաքին:
Չնայած ջրի ներքին ցանցը համայնքինն է՝ գյուղի ջրամատակարարումը «Հայջրմուղկոյուղին» է իրականացնում: Շինուհայրցիները «Առավոտին» բողոքել էին, թե իրենք են գյուղի ջրատարը կառուցել, եւ իրականում իրենք իրավունք ունեն տվյալ կառույցին դատի տալ: Մասնաճյուղի տնօրենի բնորոշմամբ, այդ «իրենքը» Խորհրդային Միությունն է, հիմա դրա փոխարեն մեկ այլ պետություն կա. «Իրականում «Հայջրմուղկոյուղին» պիտի մեծածախ գնով մայր ջրատարով ջուր մատակարարեր գյուղին ու ջրաչափ տեղադրեր. անհնար էր, որ գյուղն ի վիճակի լիներ այդ ցուցմունքին համապատասխան վճարել: Կամ էլ գյուղապետարանը մեկ այլ կազմակերպության պիտի վճարեր իր ջրամատակարարումն իրականացնելու համար: Ամենաօպտիմալ տարբերակն այն է, որ մենք պայմանագրեր ենք կնքում բնակիչների հետ, որ ջրաչափ տեղադրեն ու ըստ դրա ցուցմունքի վճարեն»: Ըստ մեր զրուցակցի, վերոնշյալ 8 մլն դրամ մեծածախ գնի փոխարեն, օրինակ, 2009-ի դեկտեմբերին շինուհայրցիներն ընդամենը 294 հազար դրամ են վճարել: 475-ից՝ 380 բաժանորդ է վճարել ջրի վարձը, իսկ տարիներով այնտեղ արդեն 120 մլն դրամի պարտք է գոյացել: 409 բաժանորդ, այնուամենայնիվ, արդեն ջրաչափ է տեղադրել:
Շինուհայրում պարտքերը գոյացել են դեռեւս 2000 թվականից, բայց մեծ մասամբ դրանք ավելացել ու կուտակվել են դրանից հետո, երբ կառավարությունը ջրի սակագնի հաշվարկման կարգ սահմանեց, եւ ջրաչափ չունեցողները պիտի վճարեն ըստ խողովակի թողունակության, կոյուղի ունեցողներն ամսական 18 000 դրամ: Քանի որ Շինուհայրում կոյուղի չկա, սահմանվեց՝ 15 000 դրամ: «Մենք չենք պահանջում հենց այս պահին ամբողջությամբ մարել պարտքը,- ասում է Ջ. Մարգարյանը:- Մենք շահագրգռված չենք անպայման պատժելու ու դատարան հասցնելու բնակչին, բայց ուզում ենք, որ նա ջրաչափ տեղադրի, ընդունի իր պարտքն ու սրանից հետո մեր հանդեպ պարտաճանաչ կատարի իր պարտավորությունները, ջուր չգողանա: Իսկ պարտքի համար էլ հնարավորություն ենք տալիս ժամանակացույց կազմել ու մարել այն 25 տարում»:
Ինչ վերաբերում է Շինուհայրում ջրի չհերիքող քանակությանը, տնօրենը նշում է, որ գյուղ մտնող ջուրը ոչ մեկը չի կտրում, մայր ջրատարից ամեն պահի ջուր է բաց թողնվում գյուղ, իսկ կարգավորիչ ջրամբարում ե՛ւ իրենք աշխատող ունեն, ե՛ւ գյուղը. այնտեղից կարող են բնակավայրի տարբեր հատվածների ջուրը կարգավորել:
«Առավոտի» դիտարկմանը՝ կապված հայցային վաղեմություն կիրառելու հետ, տնօրենը ասում է, որ հայցային վաղեմության ժամկետ կիրառել ու գումարը նվազեցնել չեն կարող. դա պետք է միայն դատական կարգով արվի. «Մենք իրավունք չունենք պետությանն ունեցած պարտքը ժամկետանց համարել: Եթե նույնիսկ դա դուրս գրենք, գումարի 20 տոկոսի չափով հարկ պիտի վճարենք պետությանը, այսինքն՝ դատարանի միջոցով մեզ վրա ծանրացած պարտքերը թեթեւացնելն էլ կառույցի համար միակ տրամաբանական ելքն է»:
Օրինակ՝ շինուհայրցիների բողոք-նամակում հիշատակված Վարդուհի Ստեփանյանը 390 000 դրամ պարտք է ունեցել եւ 2002թ. մինչեւ հիմա վճարել է 28 000 դրամ: Տարբեր տարիների ու տարբեր օրենքներով երեք անգամ նրա պարտքի վերահաշվարկ է կատարվել, այժմ 122 000 դրամի պարտք ունի: Բայց ջրմուղն ինքնուրույն այդ պարտքը դուրս գրել չի կարող: Եթե բնակիչը ժամանակին գոնե ջրաչափ տեղադրած լիներ, պարտքն այդքան չէր ավելանա. վճարելիք գումարի չափն էլ հուշում է, որ բաժանորդներին ձեռնտու է այն տեղադրելը. մինչ ջրաչափ ունենալը տվյալ Վ. Ստեփանյանը պետք է ամսական 6000 դրամ վճարեր, դրանից հետո հաշվիչը մոտ 1300 դրամ է գրանցում:
«Հայջրմուղկոյուղուց» տեղեկացրին, որ կոնկրետ Շինուհայրից 2009-ին ջրաչափի փչանալու մասին դիմում չեն ստացել…
Գյուղացիները նամակում նշել են նաեւ ջրի կեղտոտ, ոչ որակյալ լինելու, դրանում օձ ու գորտեր հայտնաբերելու մասին, եւ իրենց չվճարելու պատճառներից մեկն էլ դա են համարել:
«Նախ՝ մեր ջրագծից եկող ջրի մեջ չի կարող գորտ կամ օձ լինել, որովհետեւ այն գալիս է Մուխուրթունյանից, այդ դեպքում, ուրեմն, պիտի Գորիսում էլ ջրի մեջ նման բաներ լինեն,- պատասխանում է Ջ. Մարգարյանը:- Բայց գյուղի ներքին ցանցը պիտի փոխվի, եւ մենք դա կանենք՝ չնայած այն մեզ չի պատկանում: Ու հենց ներքին ցանցի վթարների հետեւանքով էլ ջուրը կարող է կեղտոտվել: Գյուղի ղեկավարությունն էլ կարող է այդ հարցի լուծմամբ զբաղվել՝ մեղավորներ փնտրելու փոխարեն»: Տնօրենը նշում է, որ իրենք նաեւ քլոր են հատկացնում գյուղ մտնող ջուրը ջրամբարում քլորացնելու համար: «Առավոտում» հրապարակված բողոքից նաեւ պարզվել էր, որ շինուհայրցիները խմելու ջրի համար վճարել են բնամթերքով՝ օղի, լոբի, կարտոֆիլ եւ այն: Պատկերել էինք անգամ անդորրագիրը:
Չբացառելով, որ վճարման նման կարգ միգուցե եղել է տարիներ առաջ, պարոն Մարգարյանը հիշեցնում է, որ ֆրանսիական «Սաուրը» «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությունը ստանձնել է 2005-ից, իսկ անդորրագիրը 2003 թ.-ի էր, այնպես որ, իրենք չեն կարող պատասխան տալ նախկինների փոխարեն. «Բայց, որքան տեղյակ եմ, այն ժամանակ դա համարվել է վճարում, եւ նման կերպով վճարող բնակչից պարտքը հանվել է: Իսկ հիմա մենք գանձումով ընդհանրապես չենք զբաղվում, անդորրագիր էլ չունենք, որ տանք, բնակիչը վճարումը կատարում է բանկերում կամ փոստի բաժանմունքներում, եւ մենք բազմիցս խնդրում ու կոչ ենք անում, որ մեր աշխատողներին գումար չտան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել