Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Փետրվար 03,2010 00:00

Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի հարազատները: Նրանք նախագահից պահանջում էին, որ իրենց 2 տարվա նպաստները վճարեն: Հիշեցնենք, որ «ՅԱԿ-40» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերությունից պետք է ստանային 10 զոհվածների աշխատավարձը: Այդ գումարը, որպես իրավահաջորդ, զոհվածների հարազատներին պետք է վճարի մեր պետությունը, ինչը, սակայն, արդեն 2 տարի է՝ չի անում:
Բողոքի ակցիա կազմակերպած 3 կանանց ընդունեց նախագահական նստավայրի նամակների եւ բողոքների բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանը: Այս բաժնում նրանց ձեռքից վերցրել են իրենց ցուցապաստառը եւ նորից բողոք-նամակ են գրել տվել, որում կանայք կրկին գրել են, որ իրենք 24 ամսվա նպաստ չեն ստացել: Նրանց նամակը հանձնել են վերահսկողական բաժին, որտեղից էլ օրվա վերջում կանանց պատասխանել են, որ ոչ մի  պատասխան չունեն: Իսկ կանայք որոշել են, որ իրենց բողոքի ակցիան կշարունակեն նաեւ այսօր: Մեր հարցին, թե ինչո՞ւ են այդքան քիչ մարդկանցով կազմակերպում իրենց ցույցերը, նրանք ասացին, որ մնացած անդամների հարազատները Երեւանից հեռու են բնակվում, եւ նրանց համար նախագահի նստավայր հասնելը դժվար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել