Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 400 հազար դրա՞մ բյուջեի համար

Փետրվար 03,2010 00:00

Շիրակցի գյուղապետերը դժգոհում են մարզպետարանի սահմանած «մաղարիչի» չափից

Օրերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», ահազանգ էին ստացել Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում վերջիններիս խնդրանքով) ու կուսակցություններից մեկի գրասենյակից՝ առ այն, որ մարզպետարանը խոչընդոտում է բյուջեի վերջնական հաստատումը, որի պատճառով էլ իրենք գանձապետարաններից չեն կարողանում գումար ստանալ, աշխատավարձեր փոխանցել ու գյուղի կարիքների համար նախատեսված հազար ու մի ծախսեր հոգալ: Բողոքավորների ներկայացմամբ՝ թեեւ գյուղի ավագանին հաստատել է բյուջեն, սակայն իրենք այն պարտավոր են ներկայացնել մարզպետին, որն էլ պետք է ուսումնասիրի բյուջեի համապատասխանությունը օրենքին, նամակ հղի գանձապետարան՝ այսպիսով թույլատրելով ստանալ գումարը: Դժգոհող գյուղապետերի խոսքերով, իրենք մի ամիս է՝ բյուջեն ներկայացրել են մարզպետարան, սակայն այնտեղ պատասխանը «չլչլում» են, ֆինանսատնտեսական վարչության աշխատակիցներն էլ պարզաբանում են, թե իրենք մեղք չունեն, մարզպետը չի ստորագրում: Ըստ ահազանգողների, մարզպետարանցիները «մաղարիչ» են ուզում՝ առնվազն 400 հազար դրամ: Բողոքավորները նաեւ ասում էին, որ անցած տարիներին, երբ իրենք բյուջեն կազմելիս խնդիրների առջեւ են կանգնել, իրենց մեծ հոժարակամությամբ օգնել են մարզպետարանի մասնագետները, եւ վերջիններիս լավության դիմաց իրենք մի թեթեւ գումար՝ 50 հազար դրամի չափով «մաղարիչ» են արել: Այժմ գյուղապետերին հուզում է թե՛ մաղարիչի չափը եւ թե՛ իրենց գլխավոր փաստաթղթի ձգձգումը:
Մենք մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ կապ ունի մարզպետարանը բյուջեների հաստատվել-չհաստատվելու հետ, եւ մի՞թե առանց մարզպետի հնարավոր չէ գլխի ճարը տեսնել: Պարոն Մամիկոնյանը նախեւառաջ տեղեկացրեց, որ մարզի 119 համայնքներից 102-ը ավագանու նիստերով արդեն հաստատել են բյուջեն ու ներկայացրել մարզպետարան: «Համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո երեք օրվա ընթացքում ներկայացվում է մարզպետին, մարզպետը ուսումնասիրում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունը օրենքին՝ պահպանելով օրենքով սահմանված բյուջեի ֆունկցիոնալ սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը, եւ բյուջետային համակարգի միասնականության ապահովման դեպքում համայնքի բյուջեն ներառվում է պետական լիազոր մարմնի ներկայացրած մարզի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկագրում: Այսինքն՝ նայվում է՝ համապատասխանո՞ւմ է բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքին, թե՞ ոչ»,- պարզաբանեց վարչության պետը: Նա նաեւ վստահեցրեց, որ մարզպետարանը չի կարող արգելք հանդիսանալ գանձապետարանին. համայնքի ղեկավարը ավագանու հաստատումից հետո բյուջեի մի օրինակը ներկայացնում է գանձապետական բաժանմունք, որի հիման վրա նրանց կողմից սահմանված համամասնություններով, չափաբաժիններով կատարվում է գործարքը:
Եթե մարզպետարանը դերակատարություն չունի, այսինքն՝ մարզպետի մաղարիչ ակնկալելու ֆակտորը բացառվում է, ապա ինչո՞ւ են այդպիսի աղմուկ հանում գյուղապետերը, ինչո՞ւ են ահազանգում խմբագրություններ:
«Առավոտը» մեկ անգամ եւս այլ գյուղապետերից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում դժգոհությունները: Նշենք, որ Շիրակի մարզի գյուղապետերը այնպես վախեցած են, որ խուսափում էին կես բառ անգամ փոխանակել այդ թեմայով: Օրինակ, նրանցից մեկն ասաց, որ այդ հարցերով ոչ թե ինքն է զբաղվում, այլ գյուղապետարանի համապատասխան աշխատակիցները: Մեկ ուրիշին էլ դեռ հարցեր չէինք հասցրել տալ, երբ բյուջե բառը լսելիս՝ բացականչեց, թե իրենից ոչինչ էլ չեն ուզել: Սակայն նշենք, որ, այնուամենայնիվ, գտնվեցին գյուղապետեր, որոնք փորձեցին մեզ պարզաբանել մարզպետարան ու գանձապետարան կապը: Իհարկե, համաձայնեցին խոսել՝ անուն-ազգանուն չհրապարակելու պայմանով: Գյուղապետերից մեկը, օրինակ բերելով իր բյուջեն, ասաց. «Ենթադրենք՝ ես նախատեսում եմ, որ իմ բյուջեն պիտի 22 միլիոն դրամ կազմի, հողահարկից պետք է 7-8 միլիոն գանձեմ, գույքահարկից 5՝ միլիոն, մնացածն էլ պիտի ակնկալեմ պետությունից, որպեսզի իմ բյուջեն իրատեսական լինի, սա անխոս պիտի նաեւ մարզպետարանի համապատասխան մասնագետները նայեն ու, այսպես ասած, համամասնության նամակ հղեն գանձապետարան, որպեսզի վերջինն էլ համոզված լինի, որ իմ բյուջեն օդից վերցված չէ, եւ գումար բաց թողնի: Ես մեկ ամիս գնում-գալիս եմ, բայց էդ նամակը ինձ չեն հանձնում, թեեւ ասեմ, որ մարզպետարանն էլ էդքան մեղավոր չի, էնպիսի գյուղապետեր կան, որ բյուջեի փոխարեն մեկ-մեկ հատ գլուխգործոցներ են գրում, բնականաբար նրանցից վերաբերմունք են ակնկալում, նրանք էլ պատրաստ են մեծ գումար ծախսել, միայն թե իրենց բյուջեն վերջնական հաստատվի, արդյունքում տուժում ենք նաեւ մենք: Եթե նրանցից ինչ-որ բան ակնկալում են, ուրեմն մեզանից էլ են ակնկալել, անցավ՝ լավ, չանցավ՝ ոչինչ, ի՞նչ է եղել: Թող մեկ ամիս էլ ձգձգեն, բայց իրենց գումար տվող չեմ, իսկ ձեր իմացած գումարի չափը մեղմ է ասված: Իմիջիայլոց, ասեմ, որ առանց մարզպետարանի պաշտոնական նամակի, գանձապետարանը ինձ բարեւ չի տա, ուր մնաց գումար բաց թողնի»,- ասաց գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել