Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԶԵՌՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ

Փետրվար 03,2010 00:00

\"\"Նրանք տարիներով սպասում են, թե երբ են իրենց տները իրացվելու

Արդեն 4 տարի է՝ Երեւանի Կոզեռն թաղամասը հայտարարվել է պետության գերակա շահի համար իրացվող տարածք, սակայն այստեղի բնակելի հատվածները մինչեւ հիմա չեն իրացվել: Կոզեռնը դեռ չի սեփականաշնորհվել որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից, ինչն էլ դարձել է իրացման ձգձգման պատճառ: Այս ձգձգումն էլ իր հերթին է խնդիրներ առաջացրել Կոզեռն թաղամասում բնակվողների համար: Նրանք չեն կարողանում բանկերի հետ կապված որեւէ գործարք կատարել, չնայած քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 2009 թվականի օգոստոսին տրված հանձնարարականով այս տարածքում բնակվողները կարող են ցանկացած գործարք կատարել՝ սկսած իրենց բնակարանների առք ու վաճառքից՝ մինչեւ գրավադրում ու կտակում:
Սա է պատճառը, որ երեկ Կոզեռնի բնակիչներն իրենց տների հարեւանությամբ բողոքի փոքրիկ ակցիա էին կազմակերպել: Նրանք «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էին, որ այս խնդրի հետ կապված չեն կարողանում որեւէ գերատեսչության դժգոհել: Թաղամասի հին բնակիչ Սասուն Մկրտչյանի խոսքերով՝ այս ակցիան կազմակերպել են, որպեսզի կարողանան իրենց ձայնը հասցնել հանրապետության նախագահին. «Որ եթե հնարավոր է, նա փորձի մեզ օգնել՝ օգտվել տարբեր ծառայություններից. կա՛մ թող մեր վկայականների վրայից հանեն պետական գերակա շահը, կա՛մ թող կառավարության միջնորդությամբ մենք մեր գործարքները կարողանանք անել բանկերի կամ այլ կազմակերպությունների հետ»: Օրինակ՝ Վալենտինա Թելոյանը խնդիր է ունեցել, երբ որոշել է տունը կտակել որդուն. «Գնացել ենք նոտար, տղայիս վրա եմ ուզում տունս կտակել, սակայն ինձ թույլ չեն տալիս, գործարքը չեն կատարում, մերժում են, ինչ է թե՝՝ մեր բնակվելու տարածքը հայտարարվել է իրացվող: Քաղաքապետն իր ընտրություններից առաջ եկավ այստեղ, մենք մեր խնդրով դիմեցինք նրան, իր հետ եկած մի քանի հոգի էլ կային, ասացին, որ անպայման մեր հարցին լուծում կտան, բայց ոչինչ չի փոխվել: Վերջին անգամ Նոր տարուց մոտ 5 օր առաջ էի գնացել, նորից մերժել են: Մեր հարեւանն էլ է բանկ դիմել, որպեսզի գրավ դնի իր բնակարանը եւ վարկ ստանա, նա պետք է վիրահատվի, սակայն կրկին մերժել են»:
Ամալյա Ղազարյանն էլ ցանկանում է իր տունը վերանորոգել. «Բայց չեմ հասկանում՝ մեր տունը մե՞րն է, թե՞ ոչ, կամ ինչքա՞ն ժամանակ դեռ կապրենք այստեղ:  Թե չէ՝ ամեն տարի հետաձգում ենք: Մենք ոչ մեկին չենք խնդրում, որ մեր փոխարեն վերանորոգում անեն կամ մեր խնդիրները լուծեն, ուղղակի ցանկանում ենք, որ այդ թույլտվությունը լինի, որ գործարքները չմերժվեն բանկերում կամ նոտարներում: Այստեղ շատերը կարողացել են իրենց տները սեփականաշնորհել տարբեր միջոցներով, բայց մենք ծնվել եւ ապրում ենք այստեղ ու ոչ մի բանի իրավունք չունենք: Տղաներս պիտի ամուսնանան, բայց չենք կարողանում գործը գլուխ բերել, քանի որ դեռ չգիտենք՝ մենք տուն ունե՞նք, թե՞ ոչ, կամ թեկուզ վաղը որտե՞ղ ենք ապրելու»:
Իսկ Սերգեյ Պետրոսյանը ցանկանում է կոյուղի անցկացնել իր բնակարան, որի համար նա պիտի կես միլիոն դրամ ծախսի, բայց մտավախություն ունի, որ այդ գումարը ծախսելուց հետո իրենք ստիպված կլինեն տարածքը լքել, եւ այդ գումարը չի փոխհատուցվի. «Ամբողջ գումարս ջուրը կգնա, դեռ չգիտեմ՝ ինչքան ժամանակ եմ մնալու այստեղ: Ամեն տարի ոնց որ հեռախոսի քարտ լինենք, լիցքավորում են մեկ տարով, ժամկետ նշում դեկտեմբերի 31-ը ժամը 23:00-ն»:
Մեկ այլ բնակչի՝ Ս. Պետրոսյանի դիմումն էլ մերժել են՝ «Արդշինինվեստ» բանկից ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու համար. «Մեր տեղեկանքն էլ չեն ընդունում բանկում: Լվացքի մեքենա ենք ուզում գնել, պատկերացնո՞ւմ եք՝ այս թվին իմ հարսը ձեռքով է լվացք անում, բանկից մեզ պատճառաբանեցին, որ մեր տանը չափազանց շատ մարդ է գրանցված, ես եմ, ամուսինս, 3 տղաներս իրենց ընտանիքներով, որ ուրիշ տեղ չունեն գնալու, ո՞ւր գնան: 40 տարի է՝ այստեղ ենք ապրում»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լեւոն Հակոբյանը պարզաբանեց, որ ԾԻԳ-ը կարող է իրացվող տարածքի բնակիչներին տրամադրել տեղեկանք, ըստ որի՝ այնտեղ ապրող քաղաքացիները տիրապետում են իրենց գույքին, այսինքն՝ կարող են այն օտարել, վարձակալության տալ, նվիրատվություն անել, եւ որ ոչ մի սահմանափակում չի կարող լինել նրանց գույքի նկատմամբ. «Այս ամենը կարգավորվում է «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, որով հստակ սահմանված է «Հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները եւ երաշխիքները»: Բանկը կամ նոտարական կազմակերպությունը օրենք է խախտում, երբ մերժում է օտարվող տարածքի բնակիչների հետ կապված գործարքը: Թեեւ դա մեր գործառույթը չէ, բայց թող օտարվող տարածքի բնակիչը կոնկրետ անուններ տա, ովքեր են իրենց գործարքները մերժել, եւ մենք կփորձենք միջամտել, որպեսզի այդ կետը կիրառվի: Մենք այդ բնակիչներին հնարավորինս կընդառաջենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել