Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃԵԼ

Փետրվար 03,2010 00:00

2009-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 676,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 824,7 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության, նախորդ տարվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10,9%-ով կամ 82,8 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 15,9%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 2%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտների 77,2 %-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15,2 %-ը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6,4%-ը՝ այլ եկամուտների եւ 1,2%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2008-ի համեմատությամբ, հարկային եկամուտները նվազել են 15,9%-ով, ընդ որում՝ գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ՝ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:
Հարկերի ու տուրքերի հիմնական մասն ապահովվել է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ եկամտահարկի հաշվին: Նախորդ տարի մաքսատուրքը կազմել է ավելի քան 25,1 մլրդ դրամ, ինչը 12,2 մլրդ դրամով պակաս է  2008-ի նույն ցուցանիշից: Նշված ժամանակահատվածում գանձվել են շուրջ 22,8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ՝ 12,1%-ով գերազանցելով 2008-ի համապատասխան ցուցանիշը: Ըստ ֆինանսների նախարարության, աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:
2009-ին 16,2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը: Մասնավորապես՝ նշված գումարից 8,8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7,4 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2008-ի համեմատությամբ, պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 46,4%-ով՝ ինչը պայմանավորված է արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել